2017.04.03,

Քննադատ

Ռուսական անուններով թրոլլերը գրոհել էին #armvote17 հեշթեգը

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Հայաստանցիները ապրիլի 2-ին առաջին անգամ մասնակցեցին ԱԺ ընտրություններին, որոնք դարձան նոր խորհրդարանական համակարգի դեբյուտը:

Ընտրությունների հեշթեգը սոցցանցերում որոշված էր վաղուց՝ #armvote17: Այն օգտագործվում է ու դեռ օգտագործվելու է ընտրությունների վերաբերյալ տեղեկություն տարածելու և հավաքելու համար:

Հեշթեգը վերահսկելու փորձ

Բայց ընտրություններից մեկ օր առաջ՝ ապրիլի 1-ին, Թվիթերում նկատվեց տարօրինակ վարքագիծ՝ ռուսական ծագմամբ տասնյակ օգտատերեր՝ բոթերն ու թրոլլլերը, սկսեցին օգտագործել #armvote17 հեշթեգը ու մանիպուլյացիոն գործողություն ծավալել: Նման մի գրոհ հայկական վիրտուալ տիրույթում գրանցվել էր նաև 2013թ.-ի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ #armvote13 հեշթեգը ենթարկվեց ադրբեջանական գրոհի:

Գրոհի նպատակը սովորաբար հեշթեգը վերահսկելն է՝ թրոլլերի օգնությամբ իրական բովանդակությունը անլրջացնելը, շեղելը կամ ուղղակի փոխարինելը այլ բովանդակությամբ:

Ապրիլի 1-ին «Հայաստանում ընտրություններից հետո բողոքի ցույցեր են կազմակերպվելու ամերիկյան փողերով» ու ռուսերեն նմանատիպ այլ գրառումների ուղեկցությամբ սկսեց տարածվել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) կեղծ էլեկտրոնային նամակը: Ընդ որում՝ նամակի պատկերը ներկայացվում էր որպես արտահոսք, ինչը, թերևս, պետք է ընկալվեր որպես դժվարությամբ պեղված ինֆորմացիա: Նկարում USAID –ի լոգոյի ներքո գրառում է, թե USAID-ը միջոցներ է հատկացնում «ժողովրդավարական հասարակությանը»՝ Հայաստանում հետընտրական բողոքի ակցիաներին աջակցելու ու իրավիճակը անկայունացնելու փորձերի համար:

 

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ամբողջությամբ բացահայտեց այդ էլեկտրոնային նամակի կեղծ լինելը՝ նշելով նաև տեքստում տեղ գտած ուղղագրական ու տրամաբանական սխալները: Օրինակ՝ նամակն ուղարկված էր gmail հասցեից, ինչը չէր կարող լինել USAID-ի դեպքում, քանի որ գործակալության էլեկտրոնային փոստի հասցեների դոմեյնը usaid.gov է:

Հետագայում շրջանառվեց նամակի երկրորդ տարբերակը՝ առանց gmail հասցեի և ուղղագրական սխալների: Այս նամակի սքրինշոթը բոթերը ուղեկցում էին ռուսերենով նույնանման գրառումներով՝ «ՀԿ-ները կփորձեն խանգարել Հայաստանում ընտրություններին» (НПО готовятся сорвать выборы в Армении):

Թվիթերյան տասնյակ հաշիվներ, որոնց ավատարները, հետևորդների ու թվիթերի նվազագույն քանակը հուշում էր, որ դրանց հետևում իրական մարդիկ չեն, սկսեցին իրենց տեղեկատվական գրոհը՝ տրաֆարետային տեքստով ու նույն սքրինշոթով:

Թվիթերում, Ֆեյսբուքում, ՎԿոնկտակե-ում և այլ հարթակներում Հայաստանի ընտրությունների թեմայով ու ռուսական հետքով «արտահոսք»-ի գրառումներ կատարողների հաշիվներն արտաքին տեսքից նման են իրար՝ ռուսական անուն ազգանուններ, ռուսական արտաքինով տղաներ ու աղջիկներ, գրեթե նույն բովանդակությամբ տեքստեր:

Օրինակ՝ @Poljakov5Sergej թվիթերյան հաշիվը տիպիկ դեպք է՝ ստեղծվել է 2015թ.-ի մայիսին, թվիթերում կատարել է 89 գրառում, ունի 0 հետևորդ ու հետևում է 0 հաշվի:

Կամ @xeiucqs թվիթերյան հաշիվը: այն նույնպես ստեղծվել է 2015-ին, ունի 2 հետևորդ, հետևում է 20 հաշվի:

Այս հաշիվներից շատերը ստեղծվել էին 2015 թվականին, բայց պասիվ վիճակում էին: Դրանք ակտիվացան ապրիլի 1-ին՝ ՀՀ ընտրությունների նախօրեին:

Սրանից մեկ շաբաթ առաջ այդ թվիթերյան հաշիվներից շատերը գրառումներ էին կատարել Ռուսաստանում տեղի ունեցած հակակոռուպցիոն ցույցերի մասին՝ #ДимонОтветит (Դիմոնը պատասխան կտա) հեշթեգով:

#ДимонОтветит -ի դեպքում բոթերը փորձել էին անլրջացնել այդ հեշթեգի բովանդակությունը՝ թեմային չվերաբերող գրառումներ կատարելով:

Նման քանակի նույնանման քաղաքական բովանդակությունն անմիջապես հիշեցնում է ռուսական թրոլլերի բանակի մասին հրապարակումները: Ռուսական թրոլլերի գործարաններում աշխատում են մարդիկ, որոնք պատվեր են ստանում ռուսական իշխանական գաղափարախոսությանը սոցիալական մեդիայում աջակցելու, այդ գաղափարախոսության դեմ կարծիք հայտնողների դեմ դատապարտող գրառումներ անելու համար:

Իրական թվիթերյան հաշիվների արգելափակում

Բայց Հայաստանում այդ բոթերի հարձակումն ունեցավ այլ հետևանք՝ Հայաստանում ակտիվ թվիթերցիների մի քանի հաշիվներ արգելափակվեցին: Դրանք էին իմ հաշիվը թվիթերում՝ @reporterarm-ը, «Հետք»-ի @Hetq_Trace, «Սիվիլնեթ»-ի @CivilNetTV-ին և քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի @stepangrig հաշիվները:

Թեև այդ հաշիվները մի քանի ժամ հետո կրկին վերագործարկվեցին շնորհիվ ակտիվ օգտատերերի՝ Թվիթերին ուղղված նամակների և AccsesNow կազմակերպության աշխատանքի, միևնույն է, խնդիրը չդադարեց մնալ արդիական: Արգելափակման պատճառը մինչ այսօր էլ հասկանալի չէ:

Ինչու գրոհի ենթարկվեցին #armvote17 հեշթեգը ու թվիթերի հայատանյան օգտատերերը, ով էր այդ հարձակման պատվիրատուն՝ պարզ չէ: Պարզ է, որ եթե իրոք գոյություն ունի թրոլլերի պրոֆեսիանալ գործարան, ապա այն Ռուսաստանում է: Պատվիրատուի հարցն ավելի բարդ է: Տեսականորեն պատվիրատուն կարող է լինել մարդ կամ կառույց, որն ի վիճակի է նման պատվեր իջեցնել թրոլլերի գործարանին գամ գումարով գրոհ պատվիրել:

Թրոլլերի ու #armvote17-ի այս պատմությունը ցույց տվեց, որ հայաստանյան օնլայն տիրույթը խոցելի է մանուպուլյատիվ հարձակումների ու ապատեղեկատվության տարածման համար: Հայկական հեշթեգի վրա գրոհի ծավալը մեծ չէր: Լայնածավալ արշավի դեպքում տեղական օնլայն տարածքը ուղղակի կարող է ժամանակավորապես շարքից դուրս գալ: Օրինակ՝ ես մի քանի ժամ թվային կոմայի մեջ էի: Այնպես որ, գուցե մենք ապրիլի մեկին ականատես եղանք ուժերի փորձարկման:

Գեղամ Վարդանյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *