2013թ.-ի Հայաստանի նախագահան ընտրությունների թեման փետրվարի 18-ին ակտիվ էր Twitter միկրոբլոգային հարթակում: Twitter-ը Հայաստանում այնքան էլ տարածված չէ եւ որոշեցի ներկայացնել դրա մի քանի առանձնահատկությունները:
Հիմնական հասկացություններ
Հեշթեգ: Զուտ twitter-յան տեխնոլոգիա է: Այն օգտատերերին օգնում է արխիվացնել որոշակի թեմայով թվիթերը եւ դրանք հեշտ որոնելի դարձնել այլ օգտատերերի համար: Հեշթեգ կիրառող օգտատերը բանալի բառից առաջ դնում է # նշանը: Օրինակ, եթե Twitter-ում տեղեկատվություն եք փնտրում Հայաստանի մասին, ամենահարմարը #Armenia հեշթեգն օգտագործելն է:
Twitter Trend: Trend-ը մեկ այլ twitter-յան տեխնոլոգիա է: Այն ցույց է տալիս Twitter-ում ամենաշատը քննարկվող բառերը, հեշթեգերը: Թրենդերը կարելի է համարել ինտերնետի յուրահատուկ զարկերակը: Դրանք երեւում են Twitter-ի օգտատերերի առաջին էջերում եւ ցույց են տալիս, թե ինչի մասին է խոսում աշխարհն այդ պահին:
Tailored Trends: Twitter-ը օգտատերերի համար trend-երը տեսնելու կարգավորումներ է սահմանել: Դրանցից ամենակարեւորն ու ազդեցիկն ամբողջ աշխարհով թրենդն է, երբ արդյունքը հաշվարկվում է՝ հիմք վերցնելով մոլորակի հնարավոր ծայրերից կատարվող բոլոր գրառումները:
Թրենդերը կարելի է տեսնել նաեւ ըստ աշխարհագրական բաժանումների եւ այսպես կոչված՝ tailored վիճակում: Օգտատերերի գերակշիռ հատվածի համար կարգավորումները հարմարեցված են հենց Tailored Trends-ին: Այս դեպքում թրենդերը հաշվարկվում են ըստ օգտատերի աշխարհագրական դիրքի եւ նրա ցանցի:
#armvote13-ը թրենդներում էր
Twitter-ում 2013թ.-ի փետրվարի 18-ի Հայաստանի նախագահական ընտրությունների մասին գրողներն օգտագործում էին #armvote13 հեշթեգը: Քվեարկության ավարտից մոտ 4 ժամ անց Twitter-ի ակտիվ օգտատերերն ուրախությամբ նկատեցին, որ #armvote13-ը աշխարհի խոշորագույն միկրոբլոգային այդ կայքում trend-ներում է:
First election in Caucasus to trend on Twitter — #armvote13 — #armenia #caucasus #yerevan
— Mirian Jugheli (@MirianJugheli) February 18, 2013
#armvote13-ի՝ Twitter-ի trend-երում հայտնվելու լուրը արագ տարածվեց սոցիալական մեդիայի հայկական հատվածում եւ արագ էլ լրացվեց ճշգրիտ տեղեկատվությամբ: Հայաստանի նախագահական ընտրությունների լուսաբանման հեշթեգը օգտատերերի ոչ թե համաշխարհային, այլ Tailored Trends-ներում էր:
Իհարկե, այն, որ #armvote13 ամբողջ աշխարհում թրենդ չէր, չի նշանակում, որ այս հեշթեգի նկատմամբ հետաքրքրությունը փոքր էր: Սա երկրորդ դեպքն էր, երբ Հայաստանի մասին կամ հայկական թեման Twitter-ի թրենդերում է հայտնվում: Առաջինը 2011-ի հունվարի 6-ին էր, երբ Armenian Christmas Eve արտահայտությունը աշխարհով մեկ Trend-երի ցանկում էր: Այս հաջողությանը մեծապես նպաստել էին ամերիկահայ սելեբրիթի Քիմ Քարդաշյանը, նրա քույրերն ու եղբայրը: Նրանք շատ ազդեցիկ են Twitter-ում:
Ադրբեջանական գրոհ #armvote13-ի վրա
#armvote13-ի փետրվարի 18-ի արկածների երկրորդ հատվածը կապված է ադրբեջանցիների հետ: Քվեարկության օրվա երկրորդ կեսից Twitter-ի ադրբեջանցի օգտատերերի մի ստվար բանակ սկսեց օգտագործել #armvote13-ը քարոզչական նպատակներով: Նրանք փորձում էին #armvote13-ով ադրբեջանամետ, հակահայկական տեղեկատվություն տարածել եւ որոշակի հաջողության հասան: Եղան ժամեր, երբ #armvote13-ում ընտրությունների հետ կապ չունեցող, ադրբեջանամետ տեղեկատվական հոսքը գերակշռում էր:
Սոցիալական մեդիայի ամերիկյան հետազոտող Քեթի Փիրսը իր բլոգում գրել է, որ #armvote13-ի իրենով անելու փորձը ադրբեջանական իշխանամետ IRELI միության ղեկավար Ռաուֆ Մարդիեւն է նախաձեռնել:
#armvote13-ի ամբողջական վերլուծությունը կարելի է տեսնել Քեթի Փիրսի կայքում: Նկարում 1-ին խմբում հեշթեգն օգտագործող արտասահմանցիներն ու որոշ հայերն են, 2-րդ խմբում՝ հայաստանցիները, 3-րդում՝ հեշթեգն առեւանգել փորձող ադրբեջանցիները:
Ադրբեջանական միջամտությունը #armvote13-ին Twitter-ի Հայաստանի օգտատերի համար նոր փորձառություն էր: Ակնհայտ է, որ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը նույնպես այս մարտահրավերը լինելու է: Այդ օրը Twiter-ում օգտագործվում է #AmenianGenocide հեշթեգը: Եվ սպասելի է, ասենք Ռաուֆ Մարդիեւի եւ նրա աջակիցների կողմից այս հեշթեգի կիրառումը ադրբեջանական քարոզչական նպատակներով:
Գեղամ Վարդանյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: