2017.02.06,

Քննադատ

Երիտասարդությունը փոխում է մեդիան

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Մեդիադաշտը վերջին տարիներին փոխվում է այնքան արագ, որ մի նորարարությունը չմարսած, լրագրողներն ու խմբագիրները ստիպված են լինում շտապ անցնել նոր մի բանի։

Կան ընդհանուր տենդենցներ, որոնք, չնայած փոխվում են, սակայն դրանց ուղղությունը մնում է նույնը։ Արդեն վաղուց հասկանալի է, որ տեղեկատվության արտադրման և սպառման համար շատ կարևոր գործոններ են հանդիսանում մի կողմից սոցիալական մեդիան, մյուս կողմից՝ շարժական սարքերը՝ խելախոսներն ու թաբլեթները։

Կարևոր է նաև, որ վերջին տարվա ընթացքում շարժական տեխնոլոգիաների և սոցիալական մեդիայի փոխազդեցության հետևանքով զարգանում են յուրահատուկ հարթակներ, որոնք փաստացի արդեն հիմնվում են հենց շարժական սարքերի վրա, շատ դեպքերում դեսքթոփ համակարգիչների համար դրանք հասանելի չեն։

Օրինակ, կան մի շարք մեսենջերներ, որտեղ լրատվամիջոցները ակտիվորեն ներգրավված են և տեղեկատվությունը սպառողին ավելի ինտերակտիվ հասցնելու համար նույնիսկ կիրառում են բոթերի:

Սոցիալական մեդիայի հայտնի տեսակների մի մասը ընդհանրապես միայն շարժական տարբերակի վրա է հիմնված։ Օրինակ Instagram-ը, Snapchat-ը: Իսկ սոցիալական ցանցերում խելախոսներից և թաբլեթներից օգտվողներն արդեն գերակշիռ մաս են կազմում։

Մեդիայի կախվածությունը այս երկու գործոնից գնալով աճում է։ Եվ դրա հիմնական շարժիչ ուժը երիտասարդությունն է։ Օրինակ, ըստ Ֆեյսբուքի տվյալների՝ Հայաստանում 18-27 տարեկանների ընդամենը 10%-ն է օգտվում միայն դեսքթոփ համակարգչից։

Իսկ 27 տարեկանից բարձր երիտասարդների դեպքում բաշխումը տարբերվում է․

Երիտասարդության և հին ու նոր մեդիա տեսակների հարաբերությունը հասկանալու համար կարելի է բերել մի օրինակ։ ԱՄՆ֊ում հանրահայտ MTV֊ի Video Music Awards 2016 թվականին հեռուստացույցով դիտել է 6,5 միլիոն մարդ։ Ընդհանուր առմամբ MTV֊ի հեռուստադիտողների թիվը մեկ տարում նվազել է 34%-ով։

Հեռուստաալիքը բացել է Snapchat ալիք, որը տարվա ընթացքում աճել է 75%-ով։ Եվ նույն Video Music Awards հենց Snapchat֊ով դիտել է 21 միլիոն մարդ։ Սրանք տպավորիչ թվեր են, որոնք ապացուցում են, որ երիտասարդ սպառողը պարտադրում է մեդիային փոխել իր բովանդակությունը ներկայացնելու ձևը։

Փաստացի, երիտասարդությունն այսօր անցնում է շարժական տեխնոլոգիաների։ Եվ ապագայի մեդիան ձևավորում է հենց երիտասարդությունը՝ լինելով հիմնական սպառող։

Եվ ինչպես դեռ մի քանի տարի առաջ թերթերը և հեռուստաընկերությունները ստիպված եղան հաշվի առնել սոցիալական մեդիայի դերը, այնպես էլ հիմա գալիս է ժամանակը, երբ պետք է յուրացնել շարժական տեխնոլոգիաների նոր հնարավորությունները։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *