«Թվապատում հետաքննություն. մեդիան ընդդեմ կոռուպցիայի» կոնֆերանսի ժամանակ Մոլդովայի Հետաքննական լրագրության կենտրոնի նախագահ Կորնելիա Կոզոնակը ներկայացրեց Մոլդովայում հետաքննական լրագրության փորձը:
Մոլդովայի Հետաքննական լրագրության կենտրոնը վերջերս մեծ հետաքննություն արեց, թե ինչպես են պետական գնումների «ատկատները» (откат) հայտնվում քաղաքական կուսակցությունների բյուջեում և օգտագործվում քարոզարշավներում: Մենք բացահայտեցինք գումարների շրջանառության սխեմաները: Օրինակ, պարզեցինք, թե ինչպես են նվիրատվություն կատարած անձինք հետագայում ստանում արտոնություններ կամ պաշտոններ:
Երբ մեր կենտրոնը աղմկահարույց հետաքննություններ է անում, լրատվամիջոցների մի մասն այն վերահրապարակում է: Իսկ մյուս մասն, ընդհակառակը՝ սկսում է գովաբանել ու «սպիտակեցնել» հոդվածների հերոսներին: Արդյունքում ստեղծվում է անհավասարակշիռ իրավիճակ:
Բայց երբ առաջանում է շղթայական ռեակցիա, որոշ չինովնիկներ ստիպված հանդես են գալիս հայատարարություններով ու հորդորում են, որ հետաքննությանը միանա դատախազությունը: Խնդիրն այն է, որ դատախազությունը գործը բացում է, հետո որոշ ժամանակ անց՝ փակում: Մոլդովայում կոռուպցիային վերաբերող ոչ մի դատական գործ իր հանգուցալուծումը չի ստացել:
Իհարկե, մեր կենտրոնը շատ խնդիրներ ունի: Մեր լրագրողների դեմ հաճախ դատական գործեր են հարուցվում: Ընդ որում՝ մենք ոչ մի գործ չենք պարտվել, բայց ամեն դեպքում դա երկարատև և ծախսատար գործ է՝ տարիներ շարունակ գնում ես դատական նիստերի, վճարում իրավաբանին և այլն:
Ճնշումներից պաշտպանվելու միակ միջոցը փաստարկված լրագրությունն է: Մենք չենք հրապարակում նյութերը մինչև հստակ չստուգենք տեղեկությունն ու չգտնենք պահանջվող փաստաթղթերը: Դա որոշ չափով երաշխավորում է մեր պաշտպանությունը: Հետաքննությունն արագ գործ չէ, ռիսկերից խուսափելու համար համբերություն է պահանջվում:
Կոռումպացված պաշտոնյաները շատ խելացի չեն: Բայց տեսնելով բծախնդրորեն համադրված ու ստուգված նյութերը, զգուշանում են: Իսկ երբ տեսնում են, որ հրապարակված նյութերը թերի կողմեր ունեն, միանգամից կարող են օգտագործել լրագրողների դեմ: Չստուգված տեղեկություն հրապարակած լրագրողը միշտ խոցելի է:
Համատեղ հետաքննություններ
Լրագրողներին շատ են օգնում միջազգային հիմնադրամները: Օրինակ, մենք հիմա մեր ռեսուրսների շնորհիվ ստեղծել ենք մարզային լրագրողների ցանց: Մարզերում լրագրողները բացահայտում են կառուպցիայի դեպքերը, բայց փորձառություն չունեն, չգիտեն, թե ինչպես ստուգել փաստերը, աշխատել աղբյուրների և փաստաթղթերի հետ: Մենք սովորաբար համատեղ ենք աշխատում:
Շատ արդյունավետ են տեղեկան մակարդակի հետաքննությունները: Համոզվեցինք, որ լոկալ հետաքննությունները մեծ ներգործություն ունեն: Անգամ ավելի մեծ, քան մասշտաբային հետաքննությունները, որոնք բացահայտում են լուրջ կոռուպցիոն սխեմաները: Մարդկանց ավելի շատ հետաքրքրում են այն դեպքերն ու անձինք, որոնք անմիջական ազդեցություն ունեն իրենց կյանքի վրա:
Ավելին՝ մարդիկ իրենք էլ սովորեցինք հետաքննություն անել: Օրինակ, հետևել, թե իրենց գյուղերում ու քաղաքներում ինչպես են կատարվում պետգնումները: Մի խոսքով՝ մարդիկ ավելի ակտիվ ու անվախ սկսեցին հաղորդել ու ուսումնասիրել կոռուպցիոն դեպքերը:
Մեր կայքում տեղադրել ենք ինտերակտիվ քարտեզ, որտեղ նշված են ընտրատեղամասերը: Եվ շատ լուրեր ստանում ենք հենց լսարանից՝ թեկնածուների վարքի, խախտումների մասին: Մանավանդ, որ վերջերս տեղի ունեցած ընտրություններում հաղթեց ռուսամետ նախագահը, որը բավականին «կեղտոտ» քարոզարշավ էր վարում:
Համատեղ հետաքննություններ անում ենք նաև մեր հարևանների՝ Ուկրաինայի և Ռումինիայի հետ: Ամենածավալունը ուկրաինա-մոլդովական հետաքննությունն էր դեղամիջոցների շրջանառության ու գնային չարաշահումների մասին: Մոլդովա ներկվող դեղերի մեծ մասը արտադրվում է Դոնբասում, որտեղ բացարձակապես անկառավարելի իրավիճակ է և դեղերի որակը կասկածելի է:
Մոլդովայի մեդիայի խնդիրները
Մի քանի տարի առաջ եվրոպամետ կուսակցությունները կարողացան մուտք գործել իշխանություն, բայց շատ արագ վերածվեցին կոռումպացված միավորումների:
Մինչ 2009 թ ունեինք անկախ հեռուստաալիքներ ու բաց քննարկումների հարթակներ, հիմա մեր բոլոր 10-12 ալիքները պատկանում են մեկ օլիգարխին ու աշխատում են այնպես, ինչպես ձեռնտու է սեփականտիրոջը: Հեռուստատեսությունում ոչ մի օրենք չկա, ալիքները տուգանվում են ու շարունակում աշխատել այնպես, ինչպես ուզում են: Իսկ ինտերնետային ու արբանյակով հեռարձակվող ալիքները չունեն մեծ լսարան, բացի դրանից՝ դրանք հաճախ արգելափակվում են:
Կարելի է ասել, որ Մոլդովայում լրագրողներն ազատ են ցանկացած հետաքննություն անելու: Խնդիրը տեղեկության ոչ թափանցիկ ու բաց լինելն է:
Կորնելիա Կոզոնակ
Մոլդովայի Հետաքննական լրագրության կենտրոնի նախագահ
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: