2016.11.01,

Տեսակետ

«Մեդիա դաշտում աշխատելը շատ պատասխանատու և սթրեսային գործ է»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Եղանակի տեսությունը սովորաբար լրահոսի պոչում է, որպես զուտ փաստացի ու հստակ բառապաշարով հաղորդված տեղեկություն (մթնոլորտային ճնշում, հարաբերական խոնավություն, ջերմաստիճանի տատանումներ ու քամու արագության ուժգնացում):

Եղանակը հազվադեպ է ներթափանցում լրահոսի առաջին հորիզոնականներ և է՛լ ավելի հազվադեպ է համալրվում էմոցիոնալ բաղադրիչներով: Եթե անսպասելի ու ցնցող բնական արհավիրքներ տեղի չեն ունենում, եղանակը այդպես էլ մնում է չոր ու կայուն բառերով բացատրող մի շերտ, որը մենք ընկալում ենք ականջի ծայրով՝ որպես օրվա լրահոսի պարտադիր, բայց ոչ առաջնային հավելված:

Բնակլիմայական գործոններն առօրյայի հետ կապող նոր լեզու է կիրառում օդերևութաբան Գագիկ Սուրենյանը: Նա ոչ միայն հեռուստաէկրանից է պատմում եղանակի մասին, այլև շատ ակտիվ է սոցցանցերում, հատկապես Ֆեյսբուքում, որտեղ հարյուր հազարից ավելի հետևորդներ ունի:

Գագիկ Սուրենյանը շատ արագ արձագանքում է բնության հետ կապ ունեցող ցանկացած նորությանը, հանրայնացնում է այն ու մեկնաբանում տարբեր հարթություններում՝ կենցաղից սկսած, գոյաբանական հարցադրումներով վերջացրած: Եվ դա անում է գիտական եզրերի ու ցանցային-մտերմիկ հաղորդակցական լեզվի միաձուլումով:

Օդերևութաբանը ինտերակտիվ եղանակով է խոսում եղանակի մասին՝ պատասխանում է հարցերին, ինքն է հարցեր տալիս, ոչ միայն տարածում է լուրերը ցանցում, այլև ցանցից է դրանք հավաքում:

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության տնօրենի տեղակալ և օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանին լսարանը վստահում է: Նախ և առաջ հասկանում է, հետո՝ շփվում նրա հետ, և արդյունքում արդեն՝ վստահում:

Շատերը համոզված են, որ Դուք երբեք չեք սխալվում:

Դա հնարավոր չէ, քանի որ որքան էլ մարդը առաջադիմի ու գիտությունը զարգանա, չի ստացվի կանխատեսել և վերահսկել եղանակային բոլոր փոփոխությունները:

Բայց եթե նկատել եք, վերջին տարիներին մեր կանխատեսումների արդարացվածությունը մոտենում է գրեթե 100%-ին: Այսինքն՝ «Հիդրոմետ»-ի կանխատեսումները անբեկանելի են: Մեկ տարվա ընթացքում ունենում ենք ընդամենը 1-2 լուրջ սխալ, իսկ դա շատ բարձր ցուցանիշ է: Մենք մրցակից են երկրագնդի ցանկացած, նույնիսկ ամենահեղինակավոր հիդրոմետ ծառայության հետ:

Եղանակը հաղորդելու զարմանալի զանգվածային միջոցներ եք կիրառում: Դժվար էր սպասել, որ բավականին ձանձրալի եղանակի տեսությունը կարելի է այդչափ «մարդամոտ» դարձնել: Ինչի՞ շնորհիվ է դա ստացվել:

Թե՛ «Շանթ» հեռուստաընկերությամբ, թե՛ համացանցով եղանակի մասին իմ հրապարակումները շատ մեծ արձագանք են ստանում: Այն ավելի է մեծանում «Հիդրոմետ»-ի ճշգրիտ հաղորդագրությունների շնորհիվ:

Իհարկե, եթե ժողովուրդը մի անձին ընդունում, հավատում և վստահում է, ուրեմն դա բազմաթիվ գործոնների համադրություն է: Ժողովուրդը ոչ մեկին հենց այնպես չի լսի ու նրա ասածների վրա ուշադրություն չի դարձնի, եթե չվստահի:

Բայց մեր մեծ հիմնարկի հեղինակությունը իմ անձով չէ պայմանավորված, ունենք հիանալի և փորձառու մասնագետներ («Հիդրոմետ» ծառայությունում աշխատում է ավելի քան 630 մարդ), պարզապես կանխատեսումների մեծ մասը ներկայացնում եմ ես, այդ պատճառով էլ ավելի շատ եմ հայտնվում ուշադրության կենտրոնում:

Մենք սովոր ենք եղանակի մասին տեղեկանալ ստանդարտ ձևակերպումներով, իսկ Դուք եղանակի մասին ինֆորմացիան գրեթե ժողովրդական բանահյուսության մակարդակի եք հասցրել: Բառապաշարը հատու՞կ եք մշակել:

Հեռուստատեսության դաշտում ես միակ մասնագետն եմ, որը եղանակի մասին ինֆորմացիան բացատրել ու ներկայացրել է մասնագիտական լեզվով: Սովորաբար դա արել են մարդիկ, որոնք օդերևութաբանի մասնագիտության հետ ընդհանրապես կապ չունեին, անգամ քարտեզի վրա սխալ էին ցույց տալիս հյուսիսն ու հարավը: Նրանք դերասաններ էին, երգիչներ ու երգչուհիներ, որոնք պարզապես տեքստ էին կարդում եղանակի մասին՝ լավ չպատկերացնելով էությունը:

Իսկ հեռուստադիտողը դա շատ լավ տեսնում և հասկանում էր: Ի վերջո, տեքստից բացի շատ կարևոր է նաև հաղորդավարի հայացքը, շարժուձևը, ինչի շնորհիվ լսարանի ու հաղորդավարի միջև ստեղծվում է փոխըմբռնում:

Ես կարողացա մեկնաբանել գործընթացն ու հասանելի դարձնել այն ազգաբնակչությանը: Ասենք` եթե տեղի են ունենում ջերմաստիճանի տատանումներ, առատ տեղումներ և այլն, այդ գործընթացը խորությամբ բացատրվում է: Եվ բացատվում է այնպես, որ այն հասանելի լինի ցանկացած բնակչի:

Ընդհանրապես մարդուն շատ հետաքրքիր է, թե ինչ է կատարվում մի միջավայրում, որտեղ ապրում է իր օրգանիզմը:

Մեր օրգանիզմը անդադար շփման մեջ է մթնոլորտի հետ: Դա այն ոլորտն է, որի հետ փոխկապակցված է մարդու թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան գործունեությունը: Հետևաբար՝ որակյալ մեկնաբանություններ ու բարձր արդարացվածություն ունեցող կանխատեսումներ հրապարակելով՝ «Հիդրոմետ» ծառայությունը արժանացել է բնակչության վստահությանը:

Ինչպե՞ս եք հասցնում Ֆեյսբուքում շատ արագ հրապարակել Հայաստանի տարբեր շրջաններից լուսանկարները: Ձյան տեղումների հետ զուգահեռ դրանք հայտնվում են սոցցանցերում ու միանգամից տեսանելի դարձնում իրավիճակը:

Լուսանկարները ուղարկում է ժողովուրդը: Ես ստանում եմ դրանք ու հրապարակում իմ էջում: Դա անում եմ պարզ պատճառով. եթե մարդը պատրաստվում է ուղևորվել մարզեր, պատկերներով տեղեկանա, թե ինչպիսի վիճակ է ճանապարհներին և իր նշանակետում:

Իհարկե, գոյություն ունի բառացի կանխատեսում, որտեղ ասված է, թե ճանապարհներին մերկասառույց է և վտանգավոր է երթևեկելը, բայց շատ ավելի համոզիչ է ոչ թե կարդալը, այլ տեսնելը: Այդ պարագայում մարդն ավելի իրատեսական է մոտենում բնակլիմայական պայմաններին և ավելի ճիշտ գնահատում դրանք: Ի վերջո, հարց է տալիս՝ արժե՞ արդյոք ճանապարհ ընկնել, և ինչպիսի՞ վիճակում պետք է լինի իր ավտոմեքենան: Միգուցե հարկավոր է փոխե՞լ անվադողերը:

Կենցաղային համեմատություններն ու հուշումները (ասենք՝ անվադողեր փոխելը կամ գլխարկ և «չուլկիներ» հագնելը) հանրայնացնում են Ձեր անձը: Զգու՞մ եք, որ դառնում եք մեդիա «աստղ»:

Էլի եմ կրկնում՝ դա պայմանավորված է իմ մասնագետ լինելու հանգամանքով: Նաև այն փաստի հետ, որ բացի ինձանից «Հիդրոմետ» ծառայության ոչ մի աշխատակից դուրս չի եկել մեդիա ոլորտ: Փայլուն մասնագետներ ունենք, որոնք, սակայն, չեն շփվել լայն լսարանի հետ: Լսել եմ, որ ինձ աստղով մարդ են անվանում:

Դուք էլ լավ գիտեք, որ եթե էկրանին հայտնվող անձը դիտողի համար հաճելի չլինի, դիտողը նրան չի էլ լսի:

Իսկ «չուլկիների» մասին իմ գրառումն, իհարկե, կատակ էր: Որոշ մարդկանց դուր չի գալիս, որ «Հիդրոմետ» ծառայությունը հանդես է գալիս հայտարարություններով, որ եղանակը ցրտելու է և ձյան տեսքով տեղումներ են լինելու: Հիմնականում իգական սեռի ներկայացուցիչներն են դժգոհում, որ անընդհատ վատ լուրեր ենք հայտնում: Ես էլ գրառում արեցի, որ մեր հայտարարությունները չեն արվում, որ դուք որոշեք «գիտրի» կամ «չուլկի» հանգնել, այլ նպատակ ունեն զգուշացնելու մարդկանց, որպեսզի փորձանքի մեջ չընկնեն:

Մենք կարող ենք հազարավոր անգամներ նախազգուշացնել ոչ բարենպաստ եղանակային պայմանների մասին, բայց, միևնույն է, ճանապարհներին վթարներ և զոհեր են լինում: Իսկ վթարների պատճառներից հիմնականը հենց կապրոնե անվադողերն են, որոնք չեն օգնում մերկասառույցի պարագայում:

Մեր աշխատանքը առավելագույն օպերատիվություն պահանջողներից է: Հարկավոր է անընդհատ տեղեկատվական հոսքի մեջ լինել, քանի որ տեղեկությունը հաճախ փոխվում է, վերամշակվում: Եվ ես փորձում եմ օպերատիվ լինել:

Դուք էլ գիտեք, որ հիմա Ֆեյսբուքը շեշտակի, անգամ կայծակնային արագությամբ կարող է տարածել լուրը: Մարդիկ միայն տանն են դիտում հեռուստացույց, իսկ Ֆեյսբուքում են ցանկացած պահի՝ բջջային հավելվածներով:

Ընդհանրապես ողջ աշխարհում էլ ինֆորմացիայի տարածման առումով սոցցաները շատ մեծ դեր ունեն: Եվ բոլորն էլ հասկանում են, որ օպերատիվությունը ներկա պահին ամենամեծ աշխատանքային ձեռքբերումն է:

Հիմա եղանակը սկսել է կարևոր տեղ գրավել լրահոսում, լրագրողներին հաճելի է գրել այդ մասին, գալ Ձեր ասուլիսներին, հղում անել Ձեր Ֆեյսբուքյան էջին: Հետաքրքիր է, թե ինչու՞:

Կարծում եմ` լրագրողները հաճախ են անդրադառնում եղանակի տեսությանը, քանի որ իրենք էլ են պատկերացնում հարցի լրջությունը: Ամսվա ընթացքում 2-3 ասուլիսների եմ մասնակցում, որոնք հիմնական կարևոր խնդիրների մասին են, ասենք, սպասվելիք ցրտահարության: Եվ լրագրողներն, իհարկե, կուզեն այնպես անել, որ այդ լուրը արագ հասնի բնակչությանը, և գյուղացիները իմանան, թե ինչպես վարվեն իրենց տնտեսությունների հետ:

Իսկ ինչու՞ է ստացվում այնպես, որ ցուրտն ու կարկուտը միշտ մեծ վնաս են հասցնում բերքին: Պետական այլ օղակներ՝ նախարարություններ ու կոմիտեներ, չե՞ն համագործակցում միմյանց հետ:

Իհարկե, համագործակցում են: Ես ընդհանրապես իրավունք չունեմ գնահատելու այլ մասնագետների և կառույցների վատ կամ լավ աշխատելու աստիճանը: Ես միայն մեր աշխատանքի գնահատողն եմ, բայց ինքս բազմաթիվ անգամներ ականատես եմ եղել, թե ինչպես է գյուղատնտեսության նախարարությունը արձագանքել ցրտահարության ահազանգին՝ ոչ միայն գնացել է դաշտեր և խարույկներ վառել, այլև հեռախոսային հաղորդագրություններ է ուղարկել բնակչությանը:

Պետք է հաշվի առնել նաև այն, որ ստույգ կանխատեսել կարելի է միայն հինգ օրերի եղանակային պայմանները, այսինքն՝ միայն այդ ժամանակահատվածում է արդարացման աստիճանը հասնում 98-99%-ի:

Ինչ-որ աստվածային բան կա կանխատեսման մեջ, քանի որ գործ ունեք մի բան հետ, որը դեռ չկա, բայց գիտեք, որ գալու է: Կանխատեսումը և՛ գիտություն է, և՛ միստիկա:

Հարգելիս, ամեն ինչ շատ ավելի հստակ է: Ես մեր մասնագիտությունը նմանեցնում են բժշկությանը, քանի որ մենք գործ ունենք նույն գիտական ստուգաբանությունն ունեցող եզրերի՝ դիագնոզի և պրոգնոզի հետ: Բժիշկը հետազոտում է մեր օրգանիզմն ու ախտորոշում օրգանների աշխատանքը, իսկ օդերևութաբանը հետազոտում է մթնոլորտը և եզրակացնում, թե ինչպես է այն իրեն պահելու: Գիտական առումով մենք նույն ուղղությամբ ենք շարժվում:

Իսկ ունե՞ք դժգոհություն մեդիայից, թե՞ Ձեզ հարմարավետ եք զգում այդ դաշտում:

Մեդիա դաշտում աշխատելը շատ պատասխանատու և սթրեսային գործ է: Բացատրեմ, թե ինչու: Օրեր առաջ մենք հատուկ նախազգուշացում տարածեցինք սպասվելիք ձյան, առատ տեղումների, բքի և անբերանպաստ եղանակային պայմանների վերաբերյալ: Հիմա պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե մեր կանխատեսումը չիրականանա:

Ծախսվում են բազմաթիվ միջոցներ (մարդիկ անվադողեր են փոխում, քաղաքային կառույցները ավազ և աղ են տեղափոխում մարզեր, տեխնիկա են նախապատրաստում), բայց ենթադրենք՝ հանկարծ մեր կանխատեսումը սխալ է դուրս գալիս: Կանխատեսողի համար դա լուրջ դեպրեսիայի առիթ է: Մենք լարման մեջ ենք մինչ այն պահը, երբ կանխատեսումն արդարանում է:

Իսկ այդ կանխատեսումները մեկը կամ երկուսը չեն, դրանք անընդհատ են արվում, և մենք մեր կյանքի ընթացքում ոչ մի րոպե հանգիստ չունենք և մշտական լարվածության մեջ ենք:

Անընդհատ ասեղների վրա եք…

Բնության հետ գործ ունենալը խաղ ու պար չէ: Եվ որքան էլ լավ մասնագետ լինենք ու փայլենք մեր գործում, մենք աստվածներ չենք:

Միշտ հնարավոր են շեղումներ, քանի որ բնության մեջ տեղի ունեցող գործընթացները թուլանում են, դանդաղում, ուժգնանում, ժամկետներն են խախտվում և այլն:

Եվ դա հասկանալով էլ՝ մենք ապրում և աշխատում ենք սթրեսային իրավիճակում: Կանխատեսումից մինչև արդարացումն ընկած միջակայքը միշտ լի է տհաճ սպասումներով:

Եթե մոտ օրերս Երևանում ձյուն գա, Երևանը պատրաստ կլինի՞, թե՞ անցյալ տարվա պես ճանապարհները կփակվեն և կանգ կառնի տրանսպորտը:

Այդ հարցը ինձ չպիտի հասցեագրեք: Իմ գործը զգուշացնելն ու տարածելն է: Ես դա անում եմ՝ փորձելով թե՛ հեռուստատեսությամբ, թե՛ տարբեր կայքերով և սոցցանցերով որքան հնարավոր է շատ մարդկանց հասցնել լուրը:

Ի վերջո, կան հատուկ պաշտոնական հաղորդագրություններ, որոնք ԱԻՆ-ը ուղարկում է շահագրգիռ մարմիններին: Իհարկե, որպես ՀՀ քաղաքացի՝ ես շատ կցանկանայի, որ քաղաքը պատրաստ լիներ դիմավորել ձյունը, բայց դա ընդամենը իմ ցանկությունն է: Ավելին անել չեմ կարող:

Իսկ Երևանում ե՞րբ է ձյուն գալու: Հուսանք, որ քաղաքը պատրաստ կլինի ընդունել այդ գեղեցկությունը:

Հստակ կարող եմ ասել, որ առաջիկա շաբաթում ձյան առատ տեղումներ չեն լինի:

Ձյունն իմ ամենասիրելի մթնոլորտային երևույթն է: Հիշում եմ, որ անցյալ տարվա վերջին օրերին հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված առատ ձյուն տեղաց Երևանում, ու ձյան ծածկի հաստությունը հասավ 60-70 սմ: Իհարկե, դա կանխատեսված ու բացատրված գործընթաց էր, բայց միաժամանակ իսկական հեքիաթ էր:

Հարցազրույցը՝ Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

One Response to “«Մեդիա դաշտում աշխատելը շատ պատասխանատու և սթրեսային գործ է»”
  1. Khachatur Martirosyan says:


    Gagik Surenyan jan qezi shat khargenq , dzer taracac bolor eganakayin tvyalner@ 1000000% e halal e

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *