2016.09.29,

Քննադատ

Երաժշտական ձևաչափի մեջ մոլորված

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանի մեխը երաժշտական նախագծերն են՝ «Դեպի Եվրատեսիլ», «Ամենակարող երգիչ», «Բենեֆիս», «Գուշակիր մեղեդին»: Գրեթե բոլորը մրցույթներ են, որոնք ենթադրում են պայքար, ինտրիգ, համառություն, մրցակցելու ներուժ: Եվ ամենակարևորը՝ լավագույն դառնալու ճանապարհ անցած հաղթողին տեսնելու հաճույք:

Ըստ մեդիա դաշտի փորձի, լսարանի հոգեբանության և հեռուստատեսային բովանդակությունը կարգավորող մեդիա մենեջմենթի՝ պայքարն ու մրցակցությունը պետք է գերեն հեռուստադիտողին ու ապահովեն մեծ ծավալի դիտելիություն և բարձր վարկանիշ:

Մրցույթի ձևաչափ ունեցող «Ամենակարող երգիչ» շոու ծրագիրը դժգոհության մեծ ալիք բարձրացրեց՝ ընկալվելով ոչ թե որպես հերթական ժամանցային մրցույթ, այլ ցածրորակ երաժշտության քարոզ: Հանրային վրդովմունքի պատճառաբանությունն այն էր, որ Հանրային հեռուստաընկերությունը լեգիտիմացնում է ռաբիս երաժշտությունը, քարոզում անճաշակություն:

Ծրագրի կառուցվածքը սա է. սննդի օբյեկտներում և ակումբներում աշխատող տասը երգիչներ, երգելով տարբեր երաժշտական ժանրերում, ձգտում են արժանանալ ամենակարողի, այսինքն՝ ունիվերսալ երգչի տիտղոսին: Ժյուրիի մշտական երեք անդամներին ամեն շաբաթ միանում է ևս մեկը՝ կախված այդ օրվա երաժշտական ոճից: Նրանց գնահատականների համագումարով որոշվում է լավագույնը:

Ենթադրվում է, որ ժյուրին հղկում (երբեմն քննադատում, երբեմն էլ՝ ոգևորում) է մասնակիցներին՝ ցույց տալով ունիվերսալ դառնալու ուղին:

Հետաքրքիր է, որ ժյուրիի անդամներից մեկը՝ երգչուհի Նադեժդա Սարգսյանն էլ ասել է, որ «նախագիծը միջոց է՝ ցույց տալու համար, թե ինչպես չպետք է երգել» և նպատակ է դրված «մաքրել ռեստորանային երգը»:

Կադր «Ամենակարող երգիչ» հաղորդումիցԻրականում հեռուստադիտողին առաջարկվում են ոչ թե ժյուրիի «մաքրագործող» կարծիքներ, այլ բարի և ուրախ միջավայրի համամասնակիցը լինելը: Ոչ ոք չի քննադատում, միայն ժպտում ու մեծահոգաբար հիշեցնում է, որ երգերում քիչ են կլկլոցները, «խաղերը» և «շաքարը»:

Այսինքն՝ ի սկզբանե դա հակամրցույթ է, որի հիմնական ինտրիգն այն է, թե ինչպես են ծամող հանդիսատեսի համար երգող ռեստորանային երգիչներին գնահատում մարդիկ, որոնք սովոր են ոչ ծամող հանդիսատեսի համար աշխատել: Եվ փաստն այն է, որ վատ չեն գնահատում: Բարի են գնահատում: Կամ էլ ավելի շուտ՝ ունիվերսալ:

«Ամենակարող երգիչ» ծրագիրը առաջացրեց ծայրահեղ բացասական վերաբերմունք ու մղեց աննախադեպ քայլի՝ ծրագիրը կասեցնելուն ուղղված ստորագրահավաքի:

«Անհապաղ դադարեցնել «Ամենակարող երգիչ» նախագծի ցուցադրումը» կարգախոսով կազմակերպված ստորագրահավաքի տեքստում ասված է, որ ռաբիս երաժշտությունը կործանարար ազդեցություն ունի հանրության վրա, իսկ այդ նախագիծը «լուրջ վտանգ է ներկայացնում հայ մշակույթի զարգացման համար», անգամ ավելին՝ «դա իսկական սպանդ է հայ մշակույթի հանդեպ»:

Հանրայինի կայքում «Ամենակարող երգիչ» հաղորդաշարը դիրքավորվում է որպես «մրցույթ՝ ռեստորանային երգիչների շարքերում, որոնց կատարումները ուղեկցում են բոլորին ընտանեկան ու տոնական միջոցառումների ժամանակ»:

Այս ներկայացում-անոնսի մեջ միանգամից աչք է ծակում «բոլորին» բառը: Ստացվում է, որ կա ոչ միայն հավաքական «բոլոր», այլև այդ «բոլորը» նույն ռեստորաններն են հաճախում, նույն բանը ուտում և նույն երաժշտությունը լսում:

Կադր «Ամենակարող երգիչ» հաղորդումիցԵվ այստեղից ծագում է այն անհամապատասխանությունը, որի պատճառով էլ «Ամենակարող երգիչ» չի կարող հավակնել թարմ ու պահանջված շոու ձևաչափ համարվելուն: Այն ի սկզբանե անհաջող մտահղացման վրա է հիմնված:

Բացասական վերաբերմունքի առաջին պատճառը սա է. բոլորի համար ընդունելի երաժշտական մոդել լինել պարզապես չի կարող: Եվ եթե հայտարարվում է, որ այն բոլորի համար է և բոլորի անունից, ուրեմն տեղի է ունենում իմաստների խեղում:

Այդ խեղումը լսարանին վերադարձնում է այն ժամանակները, երբ ԽՍՀՄ կազմում հայտնված Հայաստանը հատուկ գրասենյակ ուներ, որը սպասարկում էր խնջույքներն ու սգո արարողությունները՝ հատուկ գնացուցակով ու երգացանկով: Այդ գրասենյակը կոչվում էր «Ռաբիս» (ռուսերենից թարգմանված «աշխատավորների արվեստ»-ի հապավումը) և գտնվում էր երաժշտական անդերգրաունդում:

«Աշխատավորների արվեստը» (այսինքն՝ սեղանի շուրջ հավաքված մարդկանց սպասարկման ոլորտի երաժշտությունը) մեր օրերում մրցակցության դաշտ մտցնելն ու լավ վոկալիստներ դառնալու նախապայման դարձնելը ժամանակավրեպ քայլ է:

Ռաբիսը վաղուց անդերգրաունդում չէ և պարուրված չէ մեյնսթրիմ (գաղափարախոսական) երգերին հակադարձող ոճի գրավչությամբ: Ռաբիսն ինքնին մեյնսթրիմ է՝ քաղցր կլկլոցներով ու քաղցր տեքստերով, և պահանջարկ ունի ոչ միայն ճաշող մարդկանց, այլև պետական հովանու ներքո անցկացվող միջողացռումների մասնակիցների շրջանում:

Ռաբիսի թեման սպառված է, իսկ ռաբիսի երգիչները չունեն վերափոխվելու կամ ավելի լայն շրջանակների համար ընդունելի դառնալու խնդիր: Կամ էլ ավելի կարճ ասած՝ նրանք մրցույթից դուրս են:

Հետաքրքիր է, որ Հանրային հեռուստաընկերությունը վաղուց էր կանաչ լույս վառել ռաբիսի առջև՝ 10 տարի առաջ «Հ1»-ի տնօրեն Գագիկ Բունիաթյանի թեթև ձեռքով եթեր հեռարձակվեց նույնատիպ «Ոսկե կլառնետ» նախագիծը կամ ավելի շուտ՝ երաժշտական ռեստորանային ծրագիրը: Որն, ի դեպ, էլի նույն մարդն էր վարում՝ Աշոտ Ղազարյանը: Իհարկե, հիմա նա արդեն ՀՀ վաստակավոր արտիստի կոչում ունի, բայց նրա ձեռագիրն ու խոսելաոճը դրանից չեն փոխվել:

Կադր «Ամենակարող երգիչ» հաղորդումիցՉի մնացել մարդ, որը չի խոսել ռաբիսի ցածրաճաշակ կամ անորակ լինելու մասին (դա անում են նաև ռաբիս երաժշտության սիրահարները), թեպետ հիմա հարցադրումը բոլորովին այլ է՝ ինչու՞ է պետք ճաշարանը հանել եթեր…

Համաձայնեք, որ Հայաստանում անխափան ու հստակ գործող շատ քիչ ոլորտներ կան: Եվ դրանցից ամենատեսանելին զվարճա-սննդային բիզնեսն է, որն ամենուրեք է և բարգավաճող:

Լավ աշխատող ու երգ մատուցող օբյեկտներն, իհարկե, կարող են իրենց աշխատողներին գործուղել Հանրային հեռուստաընկերության եթեր՝ որակավորումը բարձրացնելու նպատակով: Բայց դա չի կարող դառնալ «Ամենակարող երգիչ» մրցույթի առանցքը, մանավանդ, որ ծրագրի ընթացքում երգիչների տրանսֆորմացիա, երգեցողության շտկումներ տեղի չեն ունենում, այլ ամեն ինչ բարի ժամանցի ֆորմատով է ներկայացվում:

Մի երաժշտական նկատառում էլ անենք: «Ամենակարող» նշանակում է գրեթե Աստված: Երգեցողության մեջ դա վատ հատկանիշ է, ռոք երգիչը կարող է փորձել ռաբիս երգել կամ օպերային բարիտոնը՝ քանթրի, բայց դա թշվառություն է:

Երաժշտությունը կենսաձև է. ինչ լսում ես, այնպես էլ ապրում ես:

Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը ՀՀ նախագահին այսպես բացատրեց հաղորդաշարի մտահղացումը. «Փորձում ենք զարկերակին լինել, որ արձագանքենք»: Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Կարելի է մինչև հաղորդումը տվյալ ոլորտի մասնագետների հետ խորհրդակցել, փորձել հասկանալ իրենց ցանկությունները»:

Զարկերակին արձագանքելն ու ցանկությունները հասկանալը միշտ է հարկավոր, ոչ ոք չի վիճում: Ոչ ոք չի կարող նաև վիճել ՀՀ նախագահի այս մտքի հետ.

«Հանրությունը պետք է ազդի հեռուստատեսության բուն նյութի վրա: Առաջ լրատվամիջոցներն էին փորձում ազդել հանրության վրա, հիմա հակառակ պրոցեսն է գնում: Էդ պրոցեսից չպետք է վախենանք»:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *