2003թ. ձմռանը, երբ խիստ սակավադեպ նախագահական հեռուստադեբատներից առաջինը կազմակերպվեց Հայաստանում, հաջորդ օրն ավելի քան մեկ ու կես ժամ Երևանում ձայնագրում էի պատահական անցորդներին: Բնականաբար, հարցնում էի՝ ձեր կարծիքով, ո՞ր թեկնածուն հաղթեց. Ստեփան Դեմիրճյա՞նը, թե՞ Ռոբերտ Քոչարյանը: Բայց նույն մարդուն մի լրացուցիչ հարց էլ էի տալիս՝ իսկ մինչև այս դեբատը դուք Քոչարյանի՞ն էիք համակրում, թե՞ Դեմիրճյանին:
Մաթեմատիկական ճշգրտությամբ այսպիսի պատկեր ստացվեց. ով մինչ դեբատը համակրել էր Դեմիրճյանին, ասում էր՝ նա հաղթեց հեռուստաբանավեճում, ով Քոչարյանին՝ նրան էր հաղթող համարում:
Հիմա Միացյալ Նահանգներում նույն իրավիճակն է. նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի և հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի՝ սեպտեմբերի 26-ի առաջին հեռուստադեբատից հետո երկու թեկնածուների համակիրները (այդ թվում՝ նրանց աջակցող լրատվամիջոցները) մաթեմատիկական նույն ճշգրտությամբ պնդում են, որ բանավիճային հաղթանակն իրենց համակրած թեկնածուինն է:
Իսկ այդ կանոնը գործում է, թերևս այն իրավիճակներում, երբ թեկնածուների հանդեպ վերաբերմունքը խիստ բևեռացված է լինում, իսկ չկողմնորոշվածների թիվը՝ շատ փոքր:
Հարցի լրագրողական կողմը: Իսկ գուցե նաև՝ քաղաքական: Հետևելով Թրամփ և Քլինթոն հեռուստադեբատի մոդերատոր (վարող), NBC Nightly News-ի 57-ամյա հեռուստավար Լեսթեր Հոլթի հմտությունների մասին հակադիր արձագանքներին՝ ստացվում է, որ նրա գործը հավանելու թիվ մեկ հասարակական չափանիշն այն է, թե ինչպես է, իրենց տպավորությամբ, նա վերաբերվել իրենց համակրած թեկնածուին:
Ընդունված կանոն է, որ բանավեճի մոդերատորը պարտավոր է հետին պլանում մնալով ցույց տալ իր ոչ միայն անկողմնակալությունը, զրույցը հավասարապես տանելու հմտությունը, այլև պրոֆեսիոնալ մնացած բոլոր կարողությունները: Այսինքն, այնպես չէ, որ «լավ մոդերատորը «մեռած» մոդերատորն է». սա նաև նրա՚ փորձության ժամն է:
Washington Post-ի մեդիա քննադատ Մարգարետ Սալիվանը Լեսթեր Հոլթին «B-» (մինուսով «լավ») նշանակեց այս, «Անհնարին առաքելությունն» իրականացնելու համար: Սալիվանի կարծիքով, Հոլթը բանավեճի ժամանակ «երբեմն հակադարձում էր, բայց ոչ՝ պետք եղած չափով»:
CNN Money-ն ևս ծավալուն անդրադարձ է նվիրել հեռուստաբանավեճի ժամանակ Հոլթի պահվածքին. «Այս բևեռացված, խմբայնացված դարաշրջանում նախագահական դեբատների որևէ մոդերատոր չի կարող բոլորին գոհացնել: Ոմանք ուզում են, որ մոդերատորը փաստերը ստուգողի դեր ստանձնի, ոմանք ուզում են, որ նա թեկնածուների վեճն ինքնահոսի թողնի… »:
CNN Money-ի հեղինակի կարծիքով, Լեսթերն, ամեն դեպքում, «հրաշալի արեց իր գործը՝ երբեմն հանդես գալով փաստեր ստուգողի դերում՝ երբեմն ինքնահոսի թողնելով բանավեճը: Եվ գուցե նա որևէ նոր ոսկե կանոն չսահմանեց, բայց պատվով գլուխ բերեց իրեն վստահված գործը»:
CNN Money-ն նկատում է.«Հոլթի գլխավոր պարտականությունը, համենայնդեպս Նախագահական դեբատների հանձնաժողովի տեսանկյունից՝ հետին պլան մղվելն ու թեկնածուների համար բանավիճելու հավասար պայմաններ ստեղծելն էր: Առաջին 30 րոպեներին նա այդպես էլ արեց՝ իրեն գրեթե ձախողելով: Բայց երբ թեկնածուներն սկսեցին բղավել միմյանց վրա, լրագրողներին ու դիտորդներին սկսեց անհանգստացնել Հոլթի «բացակայությունը»: New Yorker-ի հեռուստատեսային քննադատ Էմիլի Նաշբաումն անմիջապես գրառում արեց Twitter-ում՝ որտե՞ղ է մոդերատորը, իսկ National Review-ի սյունակագիր Ջիմ Գերաղթին նույն սոցցանցում գրեց՝ ամենայն հավանականությամբ, Լեսթեր Հոլթը գնացել է զուգարան, որտեղ ընդամենը մեկ միզակոնք կա և մեծ հերթ:
New York Times-ի Լոս Անջելեսի բյուրոյի ղեկավար Ադամ Նագուրնին, հակառակը՝ ողջունեց հեռուստավարի պահվածքը, քանի որ թեկնածուներին բանավիճելու հնարավորություն էր տվել:
Հետո արդեն՝ Թրամփի հնչեցրած «կեղծ տեղեկությունները բռնացնելիս», Հոլթն ավելի ակտիվ դերակատարում ստանձնեց, իսկ Fox News-ի քննադատները և աջակողմյան հայացքներ ունեցող առցանց մեդիան կարծիքներ տարածեցին, որ Հոլթը Թրամփի հանդեպ ավելի կոշտ էր, քան Քլինթոնի:
Թրամփի աջակից, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին ասաց, թե «Հոլթը փաստ ստուգելու հարցում ոչ ճշգրիտ է և անգրագետ»: Մեդիա մասնագետ Բրենթ Բոզելի կարծիքով՝ Հոլթը ձախողվեց մոդերատորի դերում, քանի որ «խիստ էր Թրամփի և մեղմ՝ Քլինթոնի հանդեպ.նա Թրամփին ուղղել է 6 առանձին հարց, Քլինթոնին՝ ոչ մի»: Ոմանք այս վերջին փաստն արդարացնում են, քանի որ «Թրամփն արել է կեղծ տեղեկություն պարունակող առնվազն 10 հայտարարություն, Քլինթոնը՝ ոչ մի»:
Atlantic-ը հեռուստաբանավեճում Հոլթի տված ամենակարևոր հարցն է համարում սա՝ ձեզանից մեկը պարտվելու է այս ընտրություններում, իսկ հետո՞…
Հ.Գ. Ամերիկյան լրատվամիջոցներն առցանց հարցումներ են անցկացնում ոչ միայն՝ «թեկնածուներից ո՚ր մեկը բանավեճում հաղթեց» հարցով, այլև՝ «Լեսթեր Հոլթը լա՞վ վարեց հեռուստադեբատը»: Որպեսզի արդյունքները տեսնեմ, ես էլ քվեարկեցի՝ գործընկերոջս աշխատանքը «լավ» գնահատականի արժանացնելով: Այդ պահի արդյունքն այսպիսին էր՝ մոտ 72 տոկոսը դժգոհ էր նրա վարելու ձևից: Մնում է մի բան էլ պարզել՝ ո՞ր թեկնածուի համակիրներն են լրատվական այդ կայքի մշտական հետևորդները:
Ռուզան Խաչատրյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: