Հունաստանի կառավարության անցկացրած՝ հեռուստատեսային հեռարձակման 10 տարվա արտոնագրերի աճուրդից հետո երկրում մնացել է մասնավոր 4 հեռուստակայան: 4 արտոնագրերի համար հրապարակային աճուրդում, որն ավարտվեց անցած շաբաթ, հավաքվել է 246 միլիոն եվրո ( ստացված հասույթը կառավարությունը խոստացել է ուղղել սոցիալական ապահովության ծրագրերին):
Գործող հեռուստակայաններից միայն երկուսը՝ Skai-ը և Antenna-ն են հետագա հեռարձակման թույլտվություն ստացել, իսկ Star-ը և Alpha TV-ն՝ ոչ: Skai-ի արտոնագրի համար վճարվել է 43 միլիոն 600 հազար եվրո, Antenna-ի համար՝ 75 միլիոն 900 հազար եվրո: Իսկ նորելուկ երկու հեռուստակայանները պատկանում են հունասատանցի մեծահարուստ գործարարների:
Վարչապետ Ալեքսիս Ցիպրասն ասել է, թե 1980թ. վերջերից ի վեր, երբ երկրում սկսեցին եթեր դուրս գալ նաև մասնավոր հեռուստակայանները, սա հեռարձակման արտոնագրերի առաջին «պատշաճ կարգով անցկացված աճուրդն» էր:
Ավելի վաղ Հունաստանի կառավարությունը երկրի մեդիա-ընկերություններին անվանել էր «վամպիրներ, որոնք գոյատևում են պարտքով և հունաստանցի օլիգարխների հետ բացահայտ կապերի մեջ են»:
Աճուրդը լայն քննադատության է արժանացել մասնագիտական շրջանակներում: Անգամ արտոնագիր շահած հեռուստակայանի՝ Skai-ի ներկայացուցիչ Կոստաս Կիմբուրոպուլոսն ասել է. « Մենք ոչ թե մրցում էինք արտոնագրի համար, այլ բանակցում էինք մեր փրկագների շուրջ»:
Հունաստանի ամենահին մասնավոր հեռուստաընկերությունը՝ Mega-ն, աճուրդին մասնակցելու իրավունքից զրկվել էր՝ մեծ պարտքերի և գրեթե սնանկության շեմին հասած լինելու պատճառով:
Աթենքի լրագրողների միությունը հայտարարել է, որ « Վատ ծրագրված ռիալիթի շոուի կանոններով՝ կառավարությունը ձև է անում, թե կոռուպցիայի դեմ է պայքարում: Իրականում սա հանրության՝ պատշաճ կերպով տեղեկացված լինելու իրավունքի աճուրդն է՝ հնարավոր ամենաբարձր գնով»:
Կառավարությունն աճուրդի որոշումն արդարացնում է նրանով, թե մոտ 280 միլիոն եվրոյի գովազդային եկամուտները երկրում ընդամենը 4 մասնավոր հեռուստակայանների գոյություն կարող են ապահովել:
Եռօրյա աճուրդի ժամանակ մրցակից 8 հեռուստակայանների գործադիր տնօրենները կառավարության շենքում մեկուսացված մնացին 65 ժամ:
Ըստ BBC-ի պատրաստեց Ռուզան Խաչատրյանը
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: