2016.07.31,

Նյուսրում

Ուժի կիրառումն անգամ չի կարող կասեցնել լրահոսը

«Ստեղծված իրավիճակում մենք անիմաստ ենք համարում որևէ բան պահանջել ոստիկանությունից ու մյուս ուժային կառույցներից և մեզ իրավունք ենք վերապահում դիմելու լրագրողների շահերի պաշտպանության այլ օրինական միջոցների»,- հուլիսի 29-ին Երևանում լրագրողների դեմ իրականացված բռնությունների առիթով տարածած հայտարարությամբ փոխանցում են Հայաստանի լրագրողական և այլ՝ 11 կազմակերպություններ։  

Հայտարարության հեղինակները նշում են, որ առաջին անգամ չէ, երբ «ոստիկանները նպատակաուղղված հարձակում են գործում ԶԼՄ-ների ներկայացուցիչների վրա, որպեսզի վերջիններս չկարողանան օբյեկտիվ տեղեկություններ տարածել կատարվող բռնարարքների վերաբերյալ։ Այս ֆոնին առնվազն զավեշտալի է հնչում ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության հայտարարությունն այն մասին, թե լրագրողների նկատմամբ բռնությունները կհետաքննվեն։ Մենք արդեն գիտենք, թե ինչպես են «հետաքննվում» ոստիկանական վայրագության այսպիսի միջադեպերը։ Դրա վառ օրինակն են 2015 թվականի  հունիսի 23-ի և նմանատիպ այլ դեպքերը, որոնք այդպես էլ մնացել են չբացահայտված»։

Հայտարարությունը ստորագրել են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը, Գորիսի մամուլի ակումբը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը և այլք:

Լրագրողների դեմ թիրախավորված հարձակումը տեղի է ունեցել հուլիսի 29-ի երեկոյան՝ Երեւանի Սարի թաղում և Խորենացի փողոցում ցույցերը ցրելիս. ոստիկանական ուժերի բռնությունների հետեւանքով տուժել են   Հովհաննես Մովսիսյանը, Կարլեն Ասլանյանը և Գարիկ Հարությունյանը («Ազատություն» ռադիոկայան), Ռոբերտ Անանյանը և Տիգրան Բադալյանը («Ա1+»), Մարիամ Գրիգորյանը և Դավիթ Հարությունյանը («1in.am»), Գեւորգ Ղազարյանը (ազատ ֆոտոլրագրող),  Հովիկ Գրիգորյանը («Panorama.am»), Աղվան Ասոյանը և  Ալբերտ Գալստյանը («Արմենիա» հեռուստաընկերություն), Սարգիս Խարազյանը և Մկրտիչ Կարապետյանը («Civilnet.am»), Մարութ Վանյանը («Lragir.am»)։

Այս տվյալները նախնական են, գործողությունները զանգվածային բնույթ են կրել և տուժածների թիվը կարող է ավելին լինել։ Ֆիզիկական բռնությունները զուգորդվել են տեսանկարահանող սարքերը և ֆոտոխցիկները կոտրելով, նկարահանված կադրերը ոչնչացնելով և լրագրողական գործունեությունը խոչընդոտելու այլ ձևերով։

Ա1-ի ղեկավար Մեսրոպ Մովսեսյանն ասում է, որ օրինակ, Ռոբերտ Անանյանը բազմաթիվ վնասվածքներից հետո էլ բացարձակ վախեցած չէ. « Միայն շոկի մեջ էր: Արնահոսելով՝  մոտ մեկ ժամ աշխատել է»:

Բախումների հետեւանքով բեկորային վիրավորում ստացած  Ռոբերտը « Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից  պալատ տեղափոխվելուց հետո գործընկերներին կարծիքն է փոխանցել, որ  ոստիկանները «միտումնավոր են լուսաձայնային նռնակներ գցել լրատվամիջոցների ներկայացուցիչների ուղղությամբ:

Նրա պատմելով,  ուժային գործողությունից առաջ ոստիկանները լրագրողներին զգուշացրել են հեռանալ տարածքից և առանձնանալ: Լրագրողները հիմնականում կատարել են պահանջը, սակայն ոստիկաններն առաջին պայթուցիկները նետել են հենց լրագրողների ուղղությամբ:

«Իմ տպավորությամբ, թիրախավորված էին լրագրողները, հատկապես տեսախցիկ ունեցողները»,- ասել է լրագրողը:

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը ևս համոզված է, որ բռնությունը լրագրողների դեմ թիրախավորված է եղել. «Նպատակն ուղիղ հեռարձակումներն ընդհատելն էր…որպեսզի  չլինեին լուսանկարներ, տեսանակարահնումներ, ձայանգրություններ, որպեսզի նրանց գործողությունները չֆիքսվեին: Սակայն դա հնարավոր չէ անել, դա ապացուցվեց նաև «էլեկտրիկ Երևանի» ժամանակ»,- բռնարարքների հաջորդ օրը հրավիրված ասուլիսում ասել է նա:

Աբրահամյանն ավելացրել է, որ չնայած փաստեր չունի, բայց հակված է հավատալու, որ այդ բռնարարքներին « մասնակցում էին ոչ թե ոստիկանության ծառայողները, այլ պարզապես օլիգարխներից մեկի բանդան»:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի գնահատմամբ, լրագրողներին հետապնդելով հնարավոր չէ կասեցնել լրատվությունը, քանի որ այսօր յուրաքանչյուր քաղաքացի իր հեռախոսով կարող է լուր հաղորդել. «Իրականում մենք այսօր ունենք հազարավոր լրագրողներ, որոնք դեպքի վայրից տեղեկատվություն են տալիս, ուղղակի մի մասն այդքան էլ պրոֆեսիոնալ չէ»:

Ռուզան Խաչատրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *