Լրագրողական և իրավապաշտպան 13 հայաստանյան կազմակերպություններ հուլիսի 28-ի իրենց հայտարարությամբ շինծու են անվանել Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի դեմ հարուցված քրեական գործը, իսկ նրա մոտ եղած դանակը որպես սառը զենք որակելը գնահատել որպես քաղաքացիական դիրքորոշման համար նրան պատժելու պատրվակ:
Հայտարարության հեղինակ կազմակերպություններն իրավապահ մարմիններից պահանջում են «անհապաղ կարճել հարուցված քրեական գործը և ազատ արձակել Լևոն Բարսեղյանին», իսկ իշխող քաղաքական վերնախավից պահանջում են «դադարեցնել բռնությունները ցուցարարների ու ակտիվ քաղաքացիների նկատմամբ և իրավապահների գործողությունները վերադարձնել օրինական դաշտ»:
Հայտարարությունը ստորագրել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Երևանի մամուլի ակումբը, Գորիսի մամուլի ակումբը, Հայաստանի հելսինկյան կոմիտեն և ևս 8 լրագրողական կամ իրավապաշտպան կազտմակերպություն:
Լևոն Բարսեղյանը Երևանի ոստիկանության Շենգավիթի բաժին բերման էր ենթարկվել հուլիսի 27-ին, ժամը 03:30-ի սահմաններում՝ Երևանի Խորենացի փողոցում կայացած հանրահավաքին մասնակցելուց հետո: Ավելի ուշ հարուցվել է քրեական գործ՝ սառը զենք կրելու կասկածանքով, և նա ձերբակալվել է, ենթարկվել դատաբժշկական փորձաքննության:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: