Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց 1in.am-ի լրագրող Սիրանույշ Պապյանի հայցի դատաքննությունն ընդդեմ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի:
Վիճարկվող միջադեպը տեղի է ունեցել 2016թ. ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Լրագրողների հետ հանպատրաստից ճեպազրույցում Սիրանույշ Պապյանի դիտարկմանը՝ կապված ոստիկանությունում բարեփոխումների հետ, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պատասխանել է՝ «Ես էլ քո մեջ, կներես, կին չեմ տեսնում»:
Նախնական դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 2-ին, ժամը 15:00-ին: Հետաձգման միջնորդությունը ներկայացրեց հայցվոր կողմը՝ հայցի հիմքը լրացնելու և առարկան փոփոխելու համար:
Սիրանույշ Պապյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Դավիթ Ասատրյանը Media.am-ի հետ զրույցում չկամեցավ այս պահին որոշակիացնել, թե ինչ կարգի լրացում են նախատեսում, բավարարվեց «ռազմավարական պաշտպանության մշակում» բնորոշմամբ:
Դատական հայցի՝ այս պահի ձևակերպումներով, լրագրողը ոստիկանապետին մեղադրում է իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու մեջ և որպես իրեն պատճառված վնասի փոխհատուցում պահանջում միմիայն հրապարակային ներողություն: Արդյո՞ք այս պահանջը կփոփոխվի, լրագրողի փաստաբանն առայժմ ձեռնպահ մնաց որևէ տեղեկություն փոխանցելուց: Ամեն դեպքում, հրապարակային ներողությունն ի՞նչ եղանակով են ակնկալում փաստաբան Դավիթ Ասատրյանը կամ իր վստահորդը.
«Դա որոշում է դատարանը: Մենք գտնում ենք, որ անհրաժեշտ գործողությունը պետք է արվի համարժեք կերպով, ինչ ձևով որ պատասխանողն արել է վիրավորական, արատավորող հայտարարությունը»:
Արդյո՞ք ոստիկանապետի համար ավելի նախընտրելի չէր լինի ֆինանսական փոխհատուցումը, քան հրապարակային ներողությունը: Վլադիմիր Գասպարյանի շահերի պաշտպան Տիգրան Աթանեսյանն այս հարցը համարեց բացարձակապես «ոչ տեղին».
– Նման հարցի պատասխան դուք ինձանից չեք կարող ակնկալել, որովհետև ոչ ոք չի վիրավորել հայցվորին… Չի՛ եղել վիրավորանք:
– Եթե հիմա ինձ ասեք, որ իմ մեջ կին չեք տեսնում, ես իրոք շատ լուրջ կվիրավորվեմ:
– Եթե ես ձեզ անտեղի նման բան ասեմ, կնշանակի, որ ես ինչ-որ խնդիրներ ունեմ: Թող ոչ ոք չկասկածի թե՛ իմ, թե՛ իմ վստահորդի՝ կնոջը հարգելու ունակության մեջ: Խոսքը լրագրողական ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի մասին է: Եթե դուք ինձ վիրավորական հարց տաք….
– Եկեք մասնագիտական աշխատանքին գնահատականներ չտանք:
– Ես կարող եմ գնահատական տալ հակառակորդ կողմի արարքին, և այնպիսին, ինչպիսին կհամարեմ ճիշտ: Որակյալ, արհեստավարժ լրագրողական գործունեության դեպքում նման միջադեպ չէր լինի: Լրագրողը ստացել է այնպիսի պատասխան, որին արժանի էր իր հարցը:
– Օրենքը չի նախատեսում, թե նման հարցերին թույլատրվում է վիրավորական պատասխան տալ:
– Երբ որ հարց է տրվում՝ չենք տեսնում ձեր բարեփոխումները, մի անձի, որը պատասխանատու է այդ բարեփոխումների համար շուրջ 5 տարի, ապա լրագրողը պետք է պատրաստ լինի համաչափ պատասխան ստանալու: Օրենքը շատ բան չի նախատեսոււմ… Եվ ի՞նչ է նշանակում չարաշահել կին լինելը, դա չպետք է չարաշահել, պետք է լինել կին և արժանանալ մեծագույն հարգանքի…
Ոստիկանապետի շահերի ներկայացուցիչը վստահ է, որ դատավարության ընթացքում կողմերի հավասարությունը պահպանվելու է:
Չնայած սա հայաստանյան այն խիստ սակավաթիվ դեպքերից է, երբ լրագրողն է վիրավորանքի համար դատական պատասխանատվության կանչում պաշտոնյային և ոչ թե հակառակը, սակայն դատարանի դահլիճը դատարկ էր: Բացի պարտադիր ներկայության անձանցից այնտեղ էին 3-4 լրագրողներ միայն:
Հայցվոր լրագրողը և պատասխանող ոստիկանապետը ներկա չէին:
Ռուզան Խաչատրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: