2016.07.13,

Նյուսրում

«Ռոբոտ լրագրողները» մեզ դուրս չեն քշի… մոտ ապագայում

1996թ., երբ «Ազատություն» ռադիոկայանում հրաժեշտ տվեցինք ձայնագրման ժապավեններին ու անցանք թվային մոնտաժի, ասացինք՝ սա արդեն վերջն է… Ու ոչ մեկի մտքով, հաստատ, չէր անցնում, որ դա ընդամենը սկիզբն էր: 1997թ. մարդու ստեղծած մեքենան աշխարհում առաջին անգամ հաղթեց մարդուն ( IBM-ի Deep Blue և շախմատի աշխարհի չեմպիոն Գարի Կասպարով): Եվ դա էլ ընդամենը սկիզբն էր:

Եվ դրանից մոտ 20 տարի անց, երբ նորագույն տեխնոլոգիաները մեդիամտածողություն են փոխել, արդյո՞ք եկել է ավանդական լրագրությանը հրաժեշտ տալու ժամանակը: Մի քանի տարի է, ինչ այս հարցը մեդիայի տեսության օրակարգում է, բայց իրական հեռանկարը չի երևում:

Սկսենք սկզբունքներից, որոնց վրա բարձրանում է ավանդական պրոֆեսիոնալ մեդիան՝ անաչառություն, ճշմարտացիություն, հավասարակշռում, բազմակողմանիություն… Այսպիսի պրոդուկտը զանգվածների քիմքին ( քլիքին ) այնքան էլ չի գալիս. դրանք պետք է փոխվե՞ն:

«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Էմիլ Դանիելյանի կարծիքով. « ո՚չ, չպետք է փոխվեն ու չեն էլ փոխվելու»: «Հետքի» լրագրող Անի Հովհաննիսյանը կարծում է, որ «այո՚, նոր տեխնիկայի դարաշրջանը ստիպում է, որ դրանք փոխվեն, բայց պետք է իմանանք, թե ինչն ենք փոխում»:

Ավելացնում է, որ որոշ լրատվամիջոցներ էլ պրոֆեսիոնալ սահմաններն անցնելով միայն ավելի մրցունակ են դարձել ( օրինակ, դաժան պատկեր հրապարակելով, ինչը պրոֆեսիոնալ էթիկային դեմ է):

Ուրեմն, «անմրցունակ» իրավիճակում հայտնված բարձրորակ, խորը բովանդությունը վերանալու՞ եզրին է, թե՞ աշխարհը «խելքի կգա» ու կգնահատի պրոֆեսիոնալ լրագրությունը: Էմիլը համաձայն է, որ «խորքային այդ լրագրությունը տուժում է ինտերնետային ինֆորմացիոն հեղեղի պայմաններում», բայց չի կարծում, որ այն կվերանա.

«Միշտ կան մարդիկ, որոնք ուզում են խորը վերլուծական լրագրություն կարդալ, դիտել և լսել… Իսկ որ այդ մարդիկ մեծամասնություն չեն, դա նոր բան չէ: Արևմուտքում, օրինակ, միշտ էլ գոյություն է ունեցել երկու տեսակի տպագիր պարբերական՝ դեղին մամուլ և լուրջ թերթեր: Լուրջ թերթերն իրենց տեղը պահել են՝ թեկուզ անցնելով նաև առցանց տարածման: Ամենագիտակից, ամենաակտիվ խավն, ինձ թվում է՝ շարունակելու է օգտվել այդ լուրջ լրատվամիջոցներից: Պահանջարկը, իհարկե, կա, և գուցե ավելի քիչ, քան հիմա է, բայց միշտ կլինի»:

Անին ևս չի կարծում, որ վերլուծական, հետաքննական նյութերին իսպառ պետք է փոխարինեն ժամանցային, զվարճալի, թեթև նյութերը:

«Բայց պիտի սպառողին հարմար դառնան, թե չէ՝ սպառողն այդ ինֆորմացիան չի վերցնի ուղղակի: Իսկ լրագրողը պետք է կարողանա վաճառել իր պրոդուկտը. դա է անկախ լրագրությունը»:

Իսկ մասնագիտական դասագրքե՞րը: Նույնիսկ երեկվա ամենաժամանակակից դասագիրքը վաղն արդեն հին կարող է դառնալ: Չնայած Հայաստանում «դասագրքային» իրավիճակն ավելի «հետահայաց» է:

Անին ասում է, որ բուհում իր ուսանելիս ( 2006-2010թթ.) դասագրքերն արդեն իսկ հին էին իր համար. « Սովորում էի մի բան, գնում էի աշխատանքի՝ բոլորովին այլ բան անում՝ հենց նաև տեխնիկայի առումով: Կար դասախոս, այլ բան ասում էր, որպես լրագրող՝ այլ բան անում… Եվ մենեջմենթի մասին էլ նոր բան պիտի լինի դասագրքերում»:

Տեխնիկապես կվերանա՞ն ավանդական լրատվամիջոցները. Էմիլ Դանիելյանն ասում է, որ առաջիկա տարիներին, համենայնդեպս ռադիոն ու հեռուստատեսությունը կմնան լրատվության ամենահասանելի միջոցները.

«Արևմտյան ազատ երկրներում, որտեղ կա անկախ մամուլ, լուրջ փոփոխություններ հաստատ չեն լինի: Իսկ Հայաստանում, քանի որ հեռուստաընկերներությունները հիմնականում վերահսկվում են իշխանության կողմից և քաղաքական անցուդարձից շատ բաներ չեն լուսաբանում, երևի կհասկանան, որ լրատվական թողարկումների լսարանի մեծ կորուստ են ունեցել. մարդիկ դա ինտերնետով ստանում են այլ տեղերից: Սերիալների, ժամանցային և նման այլ հաղորդումների առումով նրանք մտահոգվելու տեղիք չունեն, բայց լրատվական թողարկումների մասով՝ պետք է որ ունենան»:

Անի Հովհաննիսյանի կարծիքով, հեռուստատեսությունն ու ռադիոն լավ մենեջմենթի դեպքում կկարողանան գտնել իրենց սպառողին և չեն վերանա տեխնիկապես.

«Սերիալների շնորհիվ դեռևս կարողանում են վատ մենեջմենթով գոյատևել: Բայց եթե տեխնիկական և բովանդակային առումով մենեջմենթը չզարգացնեն, ապա, այո՚, Հայաստանում կլինի այն իրավիճակը, երբ որ տեղում կանգ առած ռադիոները կամ հեռուստաընկերություները ուղղակի չեն ունենա սպառող»:

Իսկ երբ աշխարհում ավելի ու ավելի կատարելագործվեն «լրագրող-ռոբոտները», Անին, կարծում է, որ լրագրողներից ոմանք գուցեև կորցնեն աշխատանքը, բայց.  

«Մրցունակ լրագրողները՝ ո՚չ, գործազուրկ չեն դառնա: Ովքեր իրենց հմտությունները կկարողանան լրացնել ռոբոտի արած գործով, կարող են շատ ավելի որակյալ լինել, քան նախկինում էին: Ռոբոտներն օգնում են տեխնիկական որոշ առաջադրանքներ շատ արագ կատարել: Ես ուրախ եմ, որ նրանք կան»:

Նման ռոբոտները լրագրողի որոշ գործառույթներ իրականացնող համակարգչային ծրագրեր են: Wordsmith հարթակի «ռոբոտ-լրագրողը» վերջին ամիսներին հասանելի դարձավ նաև հանրությանը, իսկ մի քիչ ավելի վաղ «աշխատանքի էր անցել» ամերիկյան AP գործակալությունում և Yahoo -ում: Կարող ես, օրինակ, մուտքագրել ձեռքիդ տակ եղած փաստական, հատկապես՝ թվային տվյալները, և ստանալ պատրաստի տեքստ:  AP-ն վստահեցնում է որ լրագրողները գործազուրկ դառնալու մտավախություն չպետք է ունենան. գործակալությունը ռոբոտ-լրագրողի գրած ավելի քան 3 հազար ֆինանսական հոդվածներ է հրապարակել յուրաքանչյուր եռամսյակում, բայց դրա պատճառով որևէ լրագրողի չի հեռացրել աշխատանքից:  

Ի դեպ, ԱՄՆ-ի հանրային ռադիոն Սպիտակ տան իր թղթակցին մրցակցության էր հանել «ռոբոտ լրագրողի» հետ՝ առցանց քվեարկության դնելով երկուսի պատրաստած պրոդուկտները: Չնայած տեխնոլոգիան մարդուն գերազանցել էր իր արագությամբ, բայց ըստ քվեարկածների, լրագրողի տեքստն իր ուրույն ոճն ունի, և տեխնոլոգիան ո՚չ դրանով, ո՚չ էլ խորությամբ չի կարող գերազանցել մարդ-լրագրողին:

Ռուզան Խաչատրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *