2016.07.11,

Նյուսրում

Պարզ է միայն, որ 1in.am-ի արածը կատակ չէ, իսկ ոստիկանապետի դեմ դատը կայանալու է

Հուլիսի 10-ի ժամը 11:03 -ից հետո 1in.am-ը դադարեցրեց լրահոսի թարմացումը, իսկ 11:05-ին իր իսկ կայքում անսպասելի հայտարարություն տեղադրեց՝ «Հասել է պահը… շնորհակալություն» վերնագրով:

Կոնկրետ ստորագրություն չունեցող տեքստում ասվում է, որ « առաջ շարժվելու համար անհրաժեշտ մոտիվացիան, ուժը, ավյունը այս պահին չկան։ Մենք դադարեցնում ենք մեր աշխատանքը՝ մինչև դրանք հնարավոր լինի վերագտնել և վերակազմավորվել»։

Թվում էր, թե պարզապես կատակ է: Սակայն հայտարարությանը հաջորդած ամբողջ օրվա ընթացքում եթե մի բան պարզվեց խորհրդավոր այդ հայտարարության շուրջ՝ այն է, որ դա կատակ չէր: Չնայած «մոտիվացիան», «ուժը» և «ավյունը» կամ դրանց բացակայությունն այնքան էլ լուրջ չեն, երբ թեկուզ ժամանակավորապես փակվում են կայքը, օրաթերթը և լրատվական-վերլուծական կենտրոնը, հատկապես որ 1in.am-ին «հաջողվեց դառնալ Հայաստանի առաջատար լրատվամիջոցներից մեկը ցանցային տիրույթում»

Այս հայտարարության տակ մեկնաբանությունները տարբեր են. կա թե’ ափսոսանք, թե’ չարախնդություն, ու թե պարզապես հարց՝ բայց ինչու՞:

Եվ այս հարցի պատասխանը դեռևս հրապարակավ և ըստ էության չի հնչել: Վարկածների ու բամբասանքի հետևից չգնանք, հանրությունն իրականությանը տեղյակ լինելու իրավունք ունի, նույնիսկ երբ լրատվամիջոց է փակվում: Եվ հատկապես՝ երբ նրա կարգախոսն է՝ «Վերջին լուրերը իմացեք առաջինը»:

Պրոֆեսիոնալ քրոնիկ հիվանդություն է. երբ լրատվամիջոց է փակվում, սիրտդ ցավում է: Հայաստանում տեսել ենք լրատվամիջոցների՝ թե՚ ջարդուխուրդով բռնի փակում, թե՚ «քաղաքակիրթ» եթերազրկում… Կանգնել ենք մեր գործընկերների կողքին, աղմուկ բարձրացրել:

Սակայն 2010 թվականից գործած 1in.am-ի և 2006 թվականից հիմնադրված նրա «Ժամանակ» օրաթերթի կանգը նախորդների նման չէ: Որևէ  պաշտոնական մեկնաբանություն, կոնկրետ պատճառաբանություն չկա. գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը հեռախոսազանգերին չի պատասխանում, 1in.am-ի լրագրողները խուսափում են որևէ բան ասելուց. ոմանց ասելով՝ իրենք էլ են այդ մասին իրենց կայքից իմացել (խմբագրատան առջև կանգնած 2-3 աշխատակիցները պնդեցին, թե ներսում որևէ մեկը չկա, այդ թվում՝ Բաբաջանյանը):

Անցյալ ամիս աշխատանքը դադարեցրեց նաև ArmeniaNow-ն, բայց աշխատակիցները հրապարակավ հայտնեցին պատճառը՝ ֆինանսավորում չկա: 

Ի դեպ, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հուլիսի 26-ին նշանակված է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ 1in.am-ի լրագրող Սիրանույշ Պապյանի հայցի դատաքննությունը։ Դատարանի աշխատակազմից Media.am-ը տեղեկացավ, որ «այս պահի դրությամբ (հուլիսի 11) որևէ բան չի փոխվել, և նիստն այդ օրը կայանալու է»:

Սիրանույշ Պապյանը դատարան է դիմել պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջով (մասնավորապես, Վլադիմիր Գասպարյանի հրապարակավ ներողությունը՝ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողին արած արտահայտության համար՝ «ես էլ քո մեջ, կներես, կին չեմ տեսնում»): 

Ռուզան Խաչատրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *