Հռոմի Պապի այցելությունը Հայաստան, բնականաբար, լուրջ ազդեցություն ունեցավ մեդիա դաշտում։ Եվ, բնականաբար, լուրջ ազդեցություն թողեց ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան սոցիալական մեդիա սեգմենտներում։
Հայաստանյան սոցիալական ցանցերի հատվածում Հռոմի Պապի այցը դարձավ միակ քննարկվող թեման՝ ստվերելով մնացած այլ թեմաները։ Օրինակ` նոր Պապի այցից հետո սոցցանցերում հիմնականում սկեց քննարկվել Արթիկում տեղի ունեցած աղետը։
Մյուս կողմից` Մեծ Բրիտանիայի` Եվրամիությունից դուրս գալու հանրաքվեն իր վրա հրավիրեց միջազգային հիմնական ուշադրությունը։ Եվ սոցիալական ցանցերում բրիտանական հանրաքվեի թեման, որը տարածվում էր #Brexit հեշթեգով, դարձավ գլխավոր քննարկման թեման և Թվիթերում մի քանի օր գրավեց առաջին հորիզոնականները։
#PopeInArmenia-ն Պապի այցի լուսաբանման վերաբերյալ հիմնական հեշթեգն էր։ Այս ամենին զուգահեռ զարգանում էին նաև այլ թեմաներ՝ առավելապես կապված Ցեղասպանության ճանաչման և Գյումրի այցի հետ։ (գրաֆիկը՝ Hashtagify)։
Թեև Հռոմի Պապի այցը Թվիթերի հայաստանյան եւ իտալական հատվածներում առանցքային թեմաներից մեկն էր (օրինակ` Թվիթերի իտալական հատվածում Ֆրանցիսկոսի այցի օրը Gyumri-ն հիմնական թեմաներից էր), գլոբալ #Brexit-ն անընդհատ առաջ էր գտնվում #PopeInArmenia հեշթեգից (գրաֆիկը՝ Hashtagify)։
Չնայած բրիտանական գործոնին՝ Հայաստանի վերաբերյալ հետաքրքրությունը Թվիթերում աճել էր և համեմատելի էր դարձել ապրիլի վերջերին եղած ակտիվությանը։
Ֆեյսբուքում հետաքրքրությունը նույնպես մեծ էր և հիմնականում կապված էր Հռոմի Պապի` Ցեղասպանության վերաբերյալ հայտարարության հետ։ Ֆեյսբուքի Trending բաժնի հունիսի 24-ի և 26-ի տվյալները ցույց են տալիս, որ թեման այստեղ շարունակում էր ակտիվ քննարկվել երեք օրվա ընթացքում:
Ինստագրամն էլ բավական ակտիվ ընդունեց Հռոմի Պապին։ Հաշվի առնենք նաև, որ Ֆրանցիսկոսն այստեղ 2,7 միլիոն ընթերցող ունի, և Հայաստանից նրա յուրաքանչյուր լուսանկար հարյուր հազարավոր լայքեր էր ստանում։
Կարելի է ենթադրել, որ որոնողական համակարգերում նույնպես հետաքրքրության աճ է նկատվել Հայաստանի հանդեպ, բայց այդ տվյալները հասանելի կդառնան մեկ ամիս հետո։
Սամվել Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: