Երևանում և մարզերում հեռուստատեսության թվային հեռարձակման՝ երեկվա և այսօրվա խափանումները կապված են մուլտիպլեքսավորման համակարգի հետ, և մասնագետները փորձում են շտկել անսարքությունը:
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը Media.am-ին փոխանցեց, որ թվային հեռարձակման համակարգում տեխնիկական խափանումները և անսարքությունները նկատվել են հունիսի 7-ին, ժամը 16:30-ից հետո: Դիագնոստիկայի, անսարքության վերացման աշխատանքը չի դադարել գիշերը և «այս պահին էլ շարունակվում է» (հեռախոսով հարցազրույցը տեղի է ունեցել հունիսի 8-ի հետկեսօրին).
«Սարքավորումներն արտադրող «Էրիքսոն» ընկերության մասնագետների հետ հեռակա միացման միջոցով համատեղ իրականացվում է համակարգերի ստուգում, և հույս ունենք, որ հնարավորինս կարճ ժամկետում խափանումների պատճառը, ինչպես նաև դրանց վերացման մեթոդաբանությունն արդեն կունենանք»:
(«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի տեղեկատու հեռախոսահամարն է՝ 010 65 37 87):
Իսկ ո՞րն է պատճառը, որ այս երկու օրերին հեռուստատեսային թվային հեռարձակման նույն խնդիրները չեն ունեցել նրանք, ովքեր, թվային հեռուստատեսություն են դիտում, պարզ ասած՝ այլ «ընկերությունների փաթեթներով»:
«Ձեր նշած կոնկրետ ընկերությունը հեռուստաընկերություններից ազդանշան ստանում է ուղղակիորեն և ոչ թե մեր միջոցով, իսկ քանի որ մեր սարքային բազաները բացառապես տարանջատված են և ընդհանուր ոչինչ չունեն, նրանց համակարգում այդ խնդիրը չկա»:
Ավելի ուշ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունն իր կայքէջում հայտարարություն տեղադրեց, որ «հունիսի 8-ի ժամը 16:00-ի դրությամբ հանրապետության ողջ տարածքում վերականգնվել է թվային հեռուստատեսային հեռարձակումը»:
Ռուզան Խաչատրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: