2016.05.26,

vox populi

Ինչպես կոյուղագործի միջոցով գտա Միկոյանի արձանը

2014-ի մայիսին, ճիշտ այս օրը մենք կոյուղագործ էինք կանչել: Նա եկավ, ծանոթացավ լողարանի խոնավացող պատի խնդրին, ծակուծուկն ուսումնասիրեց և ասաց, որ պետք է քանդի պատի մի շերտը, որպեսզի հասկանա խնդիրը: Լա՛վ: Համաձայնեցի ես: Երիտասարդ տղան ջանասիրաբար քանդեց պատի մի հաստ շերտ, բախվեց խնդրին, ասաց, թե ինչ պետք է անի, և թողնելով պատն այդպես քանդված, ինչպես պարտադիր լինում է նման դեպքերում, ասաց.

– Վաղը չէ մյուս օրը նոր միայն կգամ, կլուծեմ էս հարցը, էս երկու օրը զբաղված եմ:

Սպասում էի նման սցենարի, բայց պնդեցի, որ գոնե հաջորդ օրը գա:

– Մի հատ ուրիշ տեղ եմ աշխատում, էնտեղ վաղը կարևոր մի բան պիտի վերջացնենք: Վերջացնենք, հետո կգամ:

Հուսահատված, սառը հետաքրքրությամբ հարցրի՝ որտե՞ղ ես աշխատում:

– Կռազի պարկում: Դարբնի գործ էլ եմ անում,- լողարանից միջանցք դուրս գալով և լվացած ձեռքերը բանվորական հագուստի եզրերին չորացնելով ասաց Գուրգենը՝ հընթացս նայելով միջանցքի պատերին շարված յուղաներկերին: Կտավների հանդեպ սերս ակնհայտ ի ցույց էր դրված, ինչը Գուրգենին մի միտք հուշեց.

– Կռազի պարկի մեր կողքի գարաժում Այվազովսկու «Իններրոդ ալիքը» կա, ուզո՞ւմ եք՝ եկեք տարեք, կկախեք սրանց կողքին:

Ես ջղայնացած նայեցի քանդված պատին, գետնին թափված խոշոր քարերին, օդի մեջ դեռևս թևածող փոշու ամպին, որ ճիշտ «Իններորդ ալիքի» տրամադրությունն էր ստեղծել միջանքից լողարան տանող հատվածում,  և կրկին մեխանիկորեն հարցրի.

– Ի՞նչ իններորդ ալիք:

– Այվազովսկու էն «Իններորդ ալիքը»: Իսկակա՛նն ա: Չգիտեմ, ում տունն էին ռեմոնտ անում, բերել դրել էին էտ գարաժում, տենց էլ չեն տարել, մենակ ռամկան ա կողքից պոկված, թե չէ, լրիվ ինքն ա, – ձեռքով նկարի մեծությունն էլ ցույց տվեց Գուրգենը, և օդի մեջ գծված այդ չափը հիշեցրեց դրանից ընդամենը մեկ ամիս առաջ Ստամբուլի Ծովային թանգարանում իմ տեսած Այվազովսկու ծովային գլուխգործոցներից մի քանիսի չափերը:  

Բայց ես կրկին անտարբեր էի՝ քանդված պատի տհաճությանը երկու օր դիմանալու հեռանկարն էր հուզում ինձ:

– Լավ էլի, վաղը եկեք պատի հարցը լուծեք:

– Չեմ կարող, մեծ գործ ենք բռնել, վաղը լրիվ պիտի հանձնենք:  

– Ի՞նչ գործ ա, – նորից անջերմ հարցրի ես:

– Մեր կողքի տղերքին ենք օգնում, մի հատ արձան են ձուլում, էս երկու օրը պիտի հանեն, դնեն:

– Ի՞նչ արձան, տան բակում դրվո՞ղ, – հարցրի Կռազի պարկի գործունեությունից լրիվ անտեղյակ:

– Չէ, ի՞նչ տուն, դրսի արձան, Իսահակյանի արձանի նման, – իրեն ծանոթ առաջին արձանի օրինակով բացատրեց կոյուղագործը:

– Ո՞ւմ արձանն ա:

– Միկոյանի…

Միկոյանի արձանը Երևանում տեղադրելու թեմայի ամենաթեժ օրերն էին: Երևի այդ թեժությունից էլ մեր լողարանի պատը չէր դիմացել, ընկրկում էր շարունակ…

Թեմային հետևում էի նաև ես, հարցազրույցներ էի անում մտավորականների, արվեստագետների հետ՝ Միկոյանի մասին ամենավատ խոսքերն էի կորզում նրանցից: Ինչպես հիշում եք՝ հասարակական մեծ ալիք կար բոլշևիկ, լենինյան և ստալինյան շրջանի կարկառուն պետական գործիչ Միկոյանի արձանը Երևանում տեղադրելու դեմ:

Իմ համառ հարցերին՝ պատրա՞ստ է արդեն  արձանը, որտե՞ղ է գտնվում այն, և առհասարակ՝ ո՞ւմ պատվերով է այն կյանքի կոչվում, քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը երբեք չէր պատասխանում: Կոյուղագործի այցի նույն օրը Կամո Արեյանը հայտարարել էր՝ ի՜նչ եք այդպես ոգևորվել, արձանի նախագիծն էլ նույնիսկ չկա:

Բայց դիմացս կանգնած ազնիվ դեմքով կոյուղագործը (երկրորդ մասնագիտությամբ՝ դարբինը) այնքան ճշմարիտ էր այդ պահին նկարագրում արձանի չափերը, արձանի կրծքին դաջված կարմիր աստղը, որ ես լուրջ սկսեցի հավատալ, որ Այվազովսկու «Իններորդ ալիքն» էլ մեծ ծովանկարչի կերտած ծովային ալիքներից մեկի բնօրինակն  է հաստատ լինելու Կռազի պարկ կոչվող խորհդավոր այդ տարածքում:

– Իսկ Կռազի պարկը որտե՞ղ է, Գուրգեն:

– Հինգերորդ մասիվում: Բենզակալոնկից աջ ես թեքվում, էնտեղ հողամասեր կան, ահագին գնում ես, էդտեղ ա, երևում ա: Առաջվա Կռազների պարկն ա եղել, հիմա ձուլագործների տեղ ա:

– Էտ ձուլարանը ո՞ր մասում ա, որտեղ Միկոյանի արձանն ա:

– Մի քիչ դժվար ա, բայց որ ահագին գնաս, կգտնես, մեր գարաժն ա, հետո էտ ձուլարանն ա, ամենավերջում ա, բայց էլի պիտի թեքվես… Մինչև ժամը մեկն ենք աշխատում, մեկից հետո փակում ենք, բայց վաղը մի քիչ երկար ենք աշխատելու, եթե շուտ վերջացնենք, հասցնեմ, կգամ:

– Կռազի պարկ, – հաջորդ արևածագին նստելով տաքսի, ասացի ես: Վարորդը նստած  տեղից մի յոթանասուն աստիճանով թեքվեց և զարմացած հայացքով նայեց ինձ: Շատ երկրներում եմ տաքսի նստել, բայց գրազ կգամ, որ նման հայացք միայն Հայաստանի տաքսիստներն ունեն:  

– Հենց պա՞րկ: Բայց այդ պարկը վաղուց չկա, լրիվ մետաղների գերեզմանոց ա, -Կռազի պարկից,  պարզվում է,  բոլորն են տեղյակ, բացի ինձնից, իսկ նրա՝ «մետաղների գերեզմանոց» արտահայուտությունն է՛լ ավելի մեծացրեց մեր տան միջանցքի ու լողարանի արանքում սկիզբ առած խորհրդավորությունը՝ մի տարածքի հանդեպ, որտեղ Միկոյանի արձանն արդեն ձուլվել է, վերջին կոսմետիկ աշխատանքներն են կատարվում հայ բոլշևիկի դեմքին, իսկ պատերից մեկից Այվազովսկի է կախված:

Շներով, ավտոբուսների և ուկրաինական Կրեմենչուգ քաղաքում արտադրված Կռազ մակնիշի մեքենաների կմախքներով ծանրաբեռնված տարածքում, որտեղ ավտոտնակների մեջ ծվարած հազար ու մի արհեստանոցներ, ձուլարաններ կան ու  դարբիններ ու մետաղի հետ գործ ունեցող բազում արհեստավորներ են աշխատում, փորձում եմ գտնվել Գուրգենենց ավտոտնակի հարևան ձուլարանը: Բոլորի դռներից գլուխս ներս մտցնելով շարունակում եմ խորանալ Կռազի պարկի ներսերը:

Ահա և ինքը՝ խորհրդային ժամանակաշրջանի ամենաերկար քաղաքական կենսագրություն ունեցող գործիչներից մեկը, որը, բացի Սովետական շամպայնի ու կիսաֆաբրիկատ կոտլետի գաղափարի ներմուծման հեղինակ լինելուց, հայտնի է նաև մոտ 2000 հայերի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպաների, մշակութային և քաղաքական գործիչների գնդակահարությունը կազմակերպելու նպատակով ԽՍՀՄ ներքին գործերի ժողկոմ Եժովի միջոցով Ստալինին ուղղված իր դիմում-խնդրանքով:

Արագ գործի եմ դնում լուսանկարչական սարքս և նույն արագությամբ այդ պահին ձուլարանի ծանր դռները ներսից թափով փակվում են ուղիղ երեսիս: Չհասցրի նկարել, բայց լրիվ ինքն էր՝ կուռ ձուլված, կազմ-պատրաստ՝ դրվելու Երևանի կենտրոնում, ինչպես որոշել էր հայրենի մայրաքաղաքի ավագանին:

Քիչ հետո, փակված դռների մի ճեղքից դուրս է գալիս արձանի ձուլման աշխատանքներին հետևող քանդակագործ Գագիկ Ստեփանյանը, որի հետ նախօրեին զրույց էի ունեցել:

Համառորեն խնդրում եմ բացել դարպասի դռները, Գագիկ Ստեփանյանը չի համաձայնում: Զրույցի ենք բռնվում ձուլարանի մոտ: Մեկ ժամ տևած իմ զրույց-պնդումներից ծնվում է այս նյութը:

Հաջորդ օրը նյութի հետքերով զանգահարում է «Ազատություն» ռադիոկայանի իմ գործընկեր Սարգիս Հարությունյանն ու խնդրում է բացատրել Կռազի պարկի և հատկապես այդ պարկում ձուլարանի տեղը:

Բացատրում եմ, իմ տխուր փորձից խորհուրդ տալով այնպես մոտենալ ձուլարանի դռներին, որպեսզի հնարավոր լինի նկարել, ինչը ինձ չհաջողվեց, քանի որ Կռազի պարկում ձուլարանը փնտրելու երկարատև ջանքերս նկատվել էին հեռվից, և երբ հասել էի արդեն իրենց դռների մոտ, պատրաստ են եղել փակել դռները:

Խորամանակությունս օգնում է, Սարգսին հաջողվում է ոչ միայն թաքնված մոտենալ, այլև ներս թափանցել և տեսանկարահանել արձանը: «Ազատության» նյութի հաջորդ օրն արձանն անհետանում է ձուլարանից: Մամուլը քննարկում է, այս անգամ էլ անհետացման հարցը՝ ո՞ւր կորավ բրոնզե «գանձը»:

Միկոյանի՝ արդեն ձուլված հսկա կիսարձանի ճակատագիրն այդպես էլ անհայտ է մնում…

Երեկ կառավարության երրորդ մասնաշենքի հարևանությամբ Վերնիսաժին հարող պուրակում կանգնեցվեց պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի արձանը: Արձանի հեղինակը քանդակագործ Գագիկ Ստեփանյանն է, նա, ով ձուլել էր Միկոյանի արձանը կամ ինչպես ինձ հետ զրույցի ժամանակ էր ասել, հետևում էր ձուլման աշխատանքներին: Երևանի կենտրոնում տեղադրված Նժդեհի արձանը կրկին քննարկման թեմա է մամուլում և սոցցանցերում: Նժդեհի խստադեմ հայացքը և բրոնզի հսկայական քանակությունը, որ ծախսվել է նրա կերպարը կերտելու համար, ոչ մեկին դուր չի գալիս:

Հիմա մտածում եմ՝ գտնեմ Գուրգենին և հարցնեմ, արդյո՞ք Միկոյանի արձանի բրոնզը չի օգտագործվել Նժդեհի արձանի ձուլման ժամանակ: Նաև՝ Այվազովսկու «Իններոդ ալիքը» կտեսնեմ, որն այդ օրը այդպես էլ չհասցրի:

Ի դեպ, Գուրգենը երկու օր հետո, խոստմանը համաձայն, եկավ և լուծեց մեր պատի հարցը՝ առանց տեղյակ լինելու, որ այցելել եմ իր աշխատավայրը: Այվազովսկու մասին չհիշեց, ես էլ թեման չբացեցի:

Անուշ Թրվանց
լրագրող

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *