2016.05.02,

Քննադատ

Արդյոք մեզ պետք է գրաքննություն պատերազմական դրության ժամանակ

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Ամեն անգամ, երբ իրավիճակը սահմանին սրվում է, մի կողմից ակտիվանում են ապատեղեկատվություն տարածող աղբյուրները, մյուս կողմից՝ այն մարդիկ, որոնք պահանջում են այդ ստի դեմն առնել գրաքննություն մտցնելով։

Իսկ ապրիլից սկսած մենք ունենք արդեն իրավիճակ, որը թելադրում է ավելի հստակ մոտեցումներ այս հարցի շուրջ։ Հիմնականում գրաքննություն մտցնելու պահանջները առաջանում են երկու պատճառով․ ապատեղեկատվություն տարածող զանազան հարթակների եւ ռազմական գաղտնիքի ոչ հստակ ընկալման պատճառով։

Եթե դիտարկենք զուտ ապրիլ ամսվա իրավիճակը, ապա խնդիրը մի կողմից այն է, որ ապատեղեկատվության աղբյուրները մի քանի տեսակի են, և դրանք որակապես իրարից տարբերվում են։

Դա թե ադրբեջանական մամուլն է, թե ադրբեջանցիների կողմից ստեղծված կեղծ հայաստանյան կայքերն են, և թե գովազդի վրա գումար աշխատող «դանդալոշ» կայքերը, որոնք, ամենայն հավանականությամբ, հայաստանցիների կողմից են գործարկվում։

Ապատեղեկատվություն կարող է տարածել նույնիսկ պրոֆեսիոնալ և բարեխիղճ լրատվամիջոցը՝ լրագրողական սխալի կամ թյուրիմացության պատճառով։

Կան դեպքեր, երբ, օգտվելով իրավիճակից, անբարեխիղճ կայքերը սկսում են ինչ֊որ մեկի կամ ինչ֊որ բանի դեմ պատվիրված կեղծ տեղեկատվություն տարածել։

Մյուս կողմից` ռազմական թեմաները լուսաբանելու հետ կապված խնդիրներ կան։

Մինչև հիմա հստակ մոտեցումներ չկան բանակի եւ լրագրողական համայնքի միջև, թե ինչը կարելի է հրապարակել, ինչը՝ ոչ։ Հարցն այն է, որ կան տեղեկատվության տեսակներ, որոնք պետք է հստակ գրավոր արգելված լինեն, որպեսզի լրագրողը ստիպված չլինի ամեն անգամ ինքնուրույն որոշման գալ` հրապարակե՞լ, թե՞ ոչ։

Օրինակ` պետք է հստակություն մտցվի տարբեր տեսակի ստորաբաժանումների զինվորների դեմքերը հրապարակելու կամ զրահատեխնիկայի լուսանկարներում դրանց համարների երեւալու հարցում։

Ամենակարևորն այն է, որ հրապարակել-չհրապարակելու սահմանները գծվեն լրագրողական համայնքի և բանակի համագործակցությամբ, քանի որ լրագրողները միշտ ձգտելու են չափից շատ թափանցիկ աշխատել, իսկ բանակայինները, հակառակը, հնարավորինս շատ սահմանափակումներ մտցնել։

Ինչ վերաբերում է ապատեղեկատվություն տարածող կայքերին, ապա հասկանալի է, որ այստեղ նույնիսկ ցանկության դեպքում գրաքննությունը կամ արգելափակումները չեն աշխատի, քանի որ նման կայքերի մեծ մասը պետական մարմիններին պարզապես հասանելի չեն։

Հաճախ առաջարկ է լինում արգելափակելու ապատեղեկատվություն տարածող բոլոր կայքերը։

Այս հարցը ունի իր բարոյական կողմը․ հասարակությանը հասանելի տեղեկատվության սահմանափակումների մեխանիզմների կիրառումը մեծ հավանականությամբ կարող է հետագայում օգտագործվել ոչ ռազմական դեպքերում, օրինակ՝ գալիք ընտրությունների ժամանակ։

Բացի դրանից՝ մենք պետք է հաշվի առնենք, որ հայկական լսարանը ոչ միայն Հայաստանում է գտնվում։

Միայն Ռուսաստանի հայ համայնքը քանակով համեմատելի է Հայաստանի բնակչությանը։ Այնպես որ, եթե նույնիսկ Հայաստանի ներսում արգելափակումներ կիրառվեն, հայերի մեծ մասի համար այդ կայքերը կմնան հասանելի, եւ դրանց մեջ պարունակվող տեղեկատվությունը նամակների եւ հեռախոսազանգերի միջոցով, միևնույն է, կներթափանցի Հայաստան։

Ավելին՝ նման տեղեկատվության հանդեպ հետաքրքրությունը միջինից բարձր կլինի, քանի որ մարդիկ ավելի զգայուն են արգելափակված նորությունների հանդեպ։

Ապատեղեկատվության դեմ պայքարելու լավագույն միջոցը մնում է օպերատիվ և ստուգված տեղեկատվության տրամադրումը պետական կառույցների կողմից, լրագրողների աշխատանքը առաջնագծում ապահովելը, տեղեկատվական վակուում չստեղծելը։

Գրաքննությունը այսօրվա դրությամբ բերելու է միայն բացասական հետևանքների։ Ընդ որում՝ ոչ միայն կոնկրետ ռազմական գործողությունների լուսաբանման հարցում, այլև ընդհանուր հասարակական, քաղաքական և տնտեսական ոլորտներում։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *