Անվտանգության կանոններ՝ զինված բախումների գոտում աշխատող լրագրողների համար

BBC-ի արաբական ծառայության լիդ տնօրեն (Lead Director) Էդմոնդ Սաբելլան Media.am-ի խնդրանքով մի քանի խորհուրդներ է առանձնացրել ռազմական բախումների գոտում աշխատող լրագրողների համար: 

Ճամփորդության պատրաստվելիս՝

  • Նախապես ուսումնասիրեք այն տեղանքը, ուր ուղևորվում եք:
  • Ծանոթացեք ձեզ հետ ճամփորդելիք թիմի մյուս անդամների հետ, եթե ծանոթ չեք:
  • Տեղեկացեք տվյալ տարածքի քաղաքական, մշակութային, էթնիկ խնդիրներին:
  • Պարզեք, թե ձեր գտնվելու վայրին մոտ ինչ ենթակառուցվածքներ, բուժհիմնարկներ են տեղակայված:

Անհրաժեշտ փաստաթղթեր՝

  • անձնագիր և փաստաթղթերի համար լուսանկարներ,
  • նույնականացման քարտ (ID),
  • թղթե քարտեզներ,
  • առողջապահական ապահովագրության և վարորդական իրավունքի վկայականներ:

Գնահատեք վտանգները՝ նկատի ունենալով հետևյալ հանգամանքները.

  • Կա՞ արդյոք ռազմական ընդհարումների, քաղաքացիական բախումների, ահաբեկչության կամ այլ ոճրագործության սպառնալիք:
  • Առկա՞ են բնապահպանական կամ աշխարհագրական ռիսկեր:
  • Կա՞ն արտակարգ կամ ճգնաժամային իրավիճակի վտանգներ:
  • Կա՞ առևանգման կամ ձերբակալման սպառնալիք:
  • Կա՞ն կապի, տրանսպորտի, տեղեկատվական անվտանգության հետ կապված խնդիրներ:
  • Կա՞ն թիմում ձեր արյան խումբն ունեցող մարդիկ:
  • Ունե՞ք այնպիսի մարդկանց կոնտակտներ, որոնց կարող եք դիմել անհրաժեշտության դեպքում:

Անհրաժեշտ սարքավորումներ՝

  • առաջին անհրաժեշտության իրերով պայուսակ,
  • սեփական անվտանգությունն ապահովող իրեր (զրահաբաճկոն, սաղավարտ, ակնոց և դիմակ),
  • առօրյա հագուստ,
  • առաջին բուժօգնության պարագաների դեղարկղ,
  • կապի միջոցներ:

Առաջին անհրաժեշտության պարագաների մեջ պետք է լինեն՝

  • վնասվածքների համար նախատեսված վիրակապեր,
  • փաստաթղթերի՝ լամինացված պատճեններ,
  • կանխիկ գումար,
  • բժշկական կպչուն ժապավեն,
  • տեղանքի քարտեզ,
  • կողմնացույց,
  • լապտեր,
  • սուլիչ,
  • գլխաշոր,
  • սպիտակուցներով հարուստ սնունդ և շոկոլադ,
  • շվեյցարական բանակային դանակ,
  • պինդ պարան,
  • հասարակ բջջային հեռախոս և մեկ հավելյալ մարտկոց:

Անձնական անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է՝

  • Միշտ զգոն լինել և շուտ նկատել վտանգը:
  • Արագ գնահատել, թե որքանով է վտանգավոր այն դիրքը, որտեղ գտնվում եք:
  • Հնարավորության դեպքում լքել տարածքը ու պատսպարվել ավելի անվտանգ տեղում:
  • Անհրաժեշտության դեպքում դիմել տեղացիների օգնությանը, քանի որ նրանք ավելի լավ գիտեն տարածքը:
  • Կրել հարմարավետ հագուստ, չկրել զարդեր:
  • Ինքնավստահ գործել և չընդունել շփոթված տեսք:
  • Փորձել զերծ մնալ ավելորդ ուշադրությունից:

Մեքենայում անհրաժեշտ է՝

  • Նստել վարորդի հետևում:
  • Իմանալ, թե ուր եք գնում, ով է վարորդը:
  • Ստուգել մեքենայի անվադողերը, լույսերը:
  • Վճարման մասին պայմանավորվել մինչև ճանապարհ ընկնելը, բայց վճարել միայն տեղ հասնելուց հետո:
  • Կողպել մեքենայի դռները:
  • Առջևից ընթացող մեքենայից բավարար հեռավորություն պահպանել:
  • Կայանել մեքենան այնպես, որ հարկ եղած դեպքում հնարավոր լինի արագ հեռանալ:
  • Ճիշտ դասավորել սարքավորումները մեքենայում:
  • Կապել ամրագոտի:

Անցակետերում՝

  • Հաղորդակցվեք թիմի այլ անդամների հետ, կողպեք դռները, ցույց տվեք ձեր ձեռքերը և պատրաստ պահեք ձեր փաստաթղթերը:
  • Խնդրեք վարորդին թուլացնել մեքենայի լուսավորությունը:
  • Անցակետում զննման ժամանակ 1/3-ի չափով բացեք մեքենայի պատուհանը և շարժիչը միացրած պահեք:
  • Եթե լեզուն չեք հասկանում, ցույց տվեք ձեր փաստաթղթերը և քարտեզի վրա ցույց տվեք, թե որտեղից եք գալիս և ուր եք գնում:
  • Հանգիստ և քաղաքավարի եղեք:
  • Մի առաջարկեք ալկոհոլ որևէ մեկին:
  • Մի փորձեք առաջարկել որևէ երրորդ անձի տեղ հասցնել:

Զինված ընդհարումների գոտում անհրաժեշտ է ունենալ՝

  • զրահաբաճկոն, սաղավարտ և պաշտպանիչ ռետինե ակնոց,
  • վնասվածքները վիրակապելու համար նախատեսված տուփ, որի մեջ պետք է լինի անշարժացնող հենակ (տուրնիկետ), արյունը դադարեցնող որևէ միջոց, այլ վիրակապեր,
  • արբանյակային հեռախոս,
  • ճանապարհորդական ապահովագրության փաստաթուղթ:

Հրետակոծության ժամանակ, պետք է՝

  • Դարանակալել մեքենան: Եթե կրակում են մեքենայի վրա, ցած իջեցրեք ձեր գլուխը և փորձեք մեքենայով արագ հեռանալ: Եթե մեքենան վնասվաել է և կանգ է առել, դուրս եկեք մեքենայից, թաքնվեք շարժիչի մոտ, մեքենայի հետնամասում և պատրաստվեք փախչել մեքենայի մոտից:
  • Եթե փոքր տրամաչափի հրաձգային զենքից են կրակում, կռացեք կամ պառկեք և փորձեք պատսպարվել հաստաբուն ծառերի կամ պատերի հետևում կամ ստորգետնյա որևէ տեղում:
  • Նռնակներից պաշտպանվելու համար վարվեք նույն կերպ, ինչպես փոքր տրամաչափի զենքերի դեպքում:
  • Խոշոր տրամաչափի հրազենի կամ ծանր հրետանու դեպքում որքան հնարավոր է հեռվից նկարեք և օգտագործեք տեսախցիկի «zoom in» հնարավորությունը:

Եթե տեղանքում ականներ կամ պայթուցիկ նյութեր կան՝

  • Հնարավորինս տեղաշարժվեք միայն ասֆալտապատ տարածքով և ուշադրություն դարձրեք ականապատման վերաբերյալ նշաններին:
  • Ականապատ տարածքում գտնվելու դեպքում կանգ առեք, մյուսներին հրահանգեք նույնպես կանգ առնել, գնահատեք իրավիճակը, օգնություն կանչեք և սպասեք: Եթե օգնություն չկա, փորձեք հետ վերադառնալ նույն ճանապարհով, որով եկել եք (ձեր ոտնահետքերով):
  • Ձեռք մի տվեք պայթուցիկ նյութերի մնացորդներին, անգամ մոտ մի գնացեք դրանց:
  • Ինքնաշեն պայթուցիկ սարք տեսնելու դեպքում փոխեք ճանապարհը, փորձեք աչքի չընկնել, ուշադիր զննեք տարածքը, լարերը, փորված հողը: Միշտ մտածեք, որ երկրորդ հնարավոր հարձակումը կարող է լինել:

Առևանգման կամ ձերբակալման դեպքում՝

  • Օրինական ձերբակալման դեպքում քաղաքավարի և զիջող եղեք, ցույց տվեք ձեր փաստաթղթերը, թույլտվություն հարցրեք խոսելուց առաջ, իմացեք օրենքները:     
  • Առևանգման վտանգի ժամանակ փորձեք աչքի չընկնել ոչ մի     իրադրությունում, հաճախ փոխեք ճանապարհը, մի վստահեք որևէ մեկին, միշտ ունեցեք սարքին մեքենա և անվտանգ սենյակ:     
  • Գերության կամ պատանդ լինելու դեպքում՝ հաղորդակցվեք մյուս գերիների հետ, հոգեպես և ֆիզիկապես պատրաստ եղեք ամենավատ փորձություններին, ուշադիր զննեք առևանգողների վարքը, փորձեք հաղորդակցվել, ընդունեք նրանց տված ուտելիքն ու ջուրը, որպեսզի ուժեղ մնաք: Եթե փախուստի փորձ եք արել, փորձեք արագ պատսպարվել; Նկատվելու դեպքում՝ մի վազեք, կտրուկ շարժումներ մի արեք, նայեք հակառակորդի աչքերին, փորձեք խոսել, բանակցեք:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *