Երբ գալիս է պատերազմը, մարդը պատրաստ չի լինում։ Ամենակարևորը, մի կողմից` նա տվյալ պահին մի բան անելու մղում է ունենում։ Մյուս կողմից` դառնում է ավելի էմոցիոնալ։ Այս ամենը դառնում է շատ վտանգավոր, երբ մարդու ձեռքին հայտնվում են սոցիալական ցանցերը։ Քանի որ նա հայտնվում է միանգամից ծանր վիճակում․ մի կողմից` պետք է իմանալ, թե ինչ է կատարվում, մյուս կողմից՝ կիսվել մնացածի հետ։ Տվյալ պարագայում պետք է կարողանալ տարբերել աղբյուրները, որոնք, ընդհանուր հաշվով, կարելի է բաժանել մի քանի խմբի` ամեն մեկը իր խնդիրներով․
Ա․ Սեփական երկրի պաշտոնական տվյալները։ Այստեղ կան մի շարք խնդիրներ․ պաշտոնական տեղեկատվությունը հաճախ ուշանում է։ Ինչ֊որ տեղեկատվություն թաքցվում է` ելնելով գաղտնիության սկզբունքներից։ Ինչ֊որ տեղեկատվություն կարող է թաքցվել նաև կամայական սկզբունքով կամ խուճապից խուսափելու համար։ Բացի դրանից` ինչ֊որ տեղեկատվություն կարող է միտումնավոր խեղաթյուրված լինել` հակառակորդին թյուրիմացության մեջ գցելու, քարոզչական, հոգեբանական ազդեցություն ունենալու կամ այլ դրդապատճառներից ելնելով։
Բ․ Հակառակորդի տեղեկատվություն։ Այս կարգի տեղեկատվությունը ինքնին հաճախ կառուցված է լինում այնպես, որ հոգեբանական ազդեցություն ունենա հենց հակառակորդի հասարակության, այսինքն` ձեզ վրա։ Բացի այդ` սրան ավելանում են բոլոր խնդիրները՝ կապված Ա կետի հետ:
Գ․ Լրատվամիջոցների կողմից տարածվող տեղեկատվություն։ Այստեղ սկսվում է ամենաբարդը, քանի որ լրատվամիջոցները շատ տարբեր են և հաղորդում են սխալ տեղեկություններ, քանի որ.
- Իրականում լրատվամիջոց չեն, այլ տնազ:
- Ոչ պրոֆեսիոնալ են կամ կիսապրոֆեսիոնալ, ինչը լրագրության դեպքում նույն բանն է:
- Դիտավորյալ ապատեղեկատվություն են տարածում:
- Համարում են, որ մասնակցում են տեղեկատվական պատերազմին և ապատեղեկատվություն են տարածում` բարի մտադրություններից ելնելով:
- Լրատվամիջոցները սխալ տեղեկատվություն են ստանում իրենց աղբյուրներից:
Դ․ Սոցիալական ցանցերը։ Այստեղ սկսվում է իսկական մղձավանջ, քանի որ․
- Սոցցանցերը շատ են և տարբեր կարգի տեղեկատվություն են տարածում։ Բոլորի հետևից դժվար է ընկնել։ Բայց ցանկություն կա։ Եվ, որպես հետևանք, մարդու գիտակցությունը շատ արագ գերծանրաբեռնվում է մեծաքանակ տեղեկատվությամբ, ինչը սկսում է բթացնել, հոգնեցնել, ճնշել։
- Սոցցանցերում բոլորը տրված են հուզականին, ինչը նույն հուզականի մեջ ընկած մարդու համար լուրջ փորձություն է դառնում։ Մի բան է, որ դու ես էմոցիանալ, բայց ուրիշ բան, երբ դիմացինդ․ դա դժվար տանելի է հաճախ։
- Սոցցանցերում բոլորը փորձագետ են, այդ թվում` դուք։ Հասարակությունը, որտեղ բոլորը փորձագետ են, ապագա չունի։
- Պատերազմական իրավիճակում բոլորը գրում են մի քանի անգամ ավելի շատ, քան խաղաղ օրերին։ Բացի դրանից` այս օրերին սկսում են գրել նաև նրանք, ովքեր սովորաբար միայն կարդում էին։ Որպես հետևանք` գրառումների թիվը դառնում է այնքան մեծ, որ մարդ չի հասցնում եղածը ընկալել։
- Սոցցանցերը վխտում են թշնամու գործակալներով։ Որքան էլ զավեշտալի կարող է հնչել այս արտահայտությունը, այն բացարձակ իրականություն է։
Նմանատիպ աղբյուրների բազմազանությունը, տեղեկատվության քանակը և որակը լուրջ խնդիր են առաջացնում ոչ միայն հասարակ մարդկանց, այլ նաև լրագրողների համար։ Բնականաբար, տեղեկատվությունը ստուգելու համար գոյություն ունեն պրոֆեսիոնալ գործիքներ և միջոցներ։ Սակայն կան տեղեկատվական հիգիենայի մի քանի միջոցներ․
- Փորձել հնարավորինս շատ մտածել, քիչ տրվել զգացմունքներին։ Կարող է շատ վերացական թվալ, բայց սա միակ միջոցն է թացը չորից տարբերելու։ Զգացմունքների մեջ իրեն կորցրած մարդն սկսում է որպես ճշմարիտ ընկալել միայն իրեն դուրեկան տեղեկատվությունը։
- Գիտակցել, որ ճշմարիտ տեղեկատվությունը կարող է լինել նաև ոչ դուրեկան, պատերազմական վիճակում միայն մի կողմին գոհացնող դեպքեր չեն լինում:
- Ցանկացած տեղեկատվություն ի սկզբանե ընկալել որպես հնարավոր, ոչ թե իրական փաստ, փորձել ստուգել մի քանի աղբյուրից:
- Չօգտվել անծանոթ, առաջին անգամ տեսած աղբյուրներից։
- Չօգտվել աղբյուրներից, որոնք սենսացիոն վերնագրեր են հրապարակում:
- Հակառակորդի պաշտոնական հայտարարություններին, լրատվամիջոցների տվյալներին ծանոթանալ, բայց ստի կանխավարկածով, մինչև այլ` ավելի վստահելի աղբյուրներից տեղեկատվություն չստացվի:
- Ընտրել մի քանի վստահելի աղբյուր` այն լրատվամիջոցները և փորձագետներին, որոնք ժամանակի ընթացքում հասցրել են ապացուցել, որ տարածում են միայն ստուգված տեղեկատվություն, իսկ սխալվելու դեպքում հետագայում իրազեկում են դրա մասին ընթերցողներին:
Եվ վերջինն ու կարևորը. եթե միանշանակ համոզված չեք տեղեկատվության ճշմարիտ լինելու մեջ, մի շտապեք դրանով կիսվել սոցցանցերում։ Հիշեք, որ սոցցանցերում այսպիսի պահերին յուրաքանչյուրը դառնում է լրատվամիջոց մնացածների համար։ Իսկ դա նշանակում է նաև պատասխանատվություն։
Սամվել Մարտիրոսյան
Լուսանկարը՝ Էրիկ Գրիգորյանի, «Հետք»
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Բացի այս նյութից լրագրողների
Բացի այս նյութից լրագրողների համար զինտեխնիկայի, տերմինաբանության վերաբերյալ նյութ արեք: Դա էլ է կարևոր: