2016.03.14,

Նյուսրում

Սեքս տեսանյութը՝ Վրաստանում YouTube-ի արգելափակման պատճառ

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

Այսօր YouTube-ը մի քանի ժամ հասանելի չի եղել Վրաստանում: Երկրի խոշորագույն՝ «Silknet» և «Caucasus Online» ինտերնետային փրովայդերների բաժանորդները չեն կարողացել մուտք գործել կայք:

Վրաստանցի լրագրողների և ինտերնետ օգտատերերի համոզմամբ՝ YouTube-ը արգելափակել էին իշխանությունները: Ըստ նրանց՝ արգելափակման պատճառը կայքում հրապարակված` թաքնված տեսախցիկով նկարահանված տեսանյութերից մեկն է, որում պատկերված է եղել քաղաքական գործիչներից մեկի սեռական կյանքը: Արգելափակումն իրականացվել է մարդու անձնական կյանքի պաշտպանության նպատակով:

Մոտ երկու ժամ անհասանելի մնալուց հետո YouTube-ի հասանելիությունը «Silknet»-ի և «Caucasus Online»-ի բաժանորդների համար վերականգնվել է: Սեքս տեսանյութը հեռացվել է կայքից:

Հարևան Վրաստանում YouTube-ի արգելափակման պատճառ դարձած տեսանյութը ուղեկցվել է տեքստով, որում նշվել է, որ այն պատկերում է քաղաքական գործիչներից մեկի անձնական կյանքը: Տեքստում եղել է նաև անձնական կյանքը պատկերող այլ տեսանյութեր եւս հրապարակելու սպառնալիք: Տեսանյութի հեղինակը սպառնացել է նոր նյութեր հրապարակել, եթե «նրանք, ում դեմ տեսանյութեր կան», մինչև մարտի 31-ը չթողնեն իրենց պաշտոնները:

«Անձնական կյանքը պատկերող կադրերի հրապարակումը Վրաստանում, դժբախտաբար, սկսել է արշավային բնույթ կրել: Մարտի 11-ին հրապարակվել էր ընդդիմադիր կուսակցության մի ներկայացուցչի, իսկ այսօր՝ իշխանամետ կուսակցության անդամի անձնական կյանքը պատկերող տեսանյութեր: Հնչել է նաև սպառնալիք, որ կհրապարակվեն այլ տեսանյութեր, այդ թվում՝ լրագրողների վերաբերյալ»,- Media.am-ին հայտնեց Վրաստանի Մեդիայի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Թամար Խորբալաձեն:

Թամար Խորբալաձեի խոսքով՝ լրագրողական հանրությունը մտահոգություն է հայտնում, որ իշխանությունները նման տեսանյութեր տարածելու պատրվակով կարող են սահմանափակել ինֆորմացիայի հասանելիությունը, ինչը ավելի վտանգավոր հետևանք կարող է ունենալ Վրաստանում ժողովրդավարության զարգացման համար, քան տեսանյութերի հրապարակումը:

«Սա առաջին դեպքը չէ, երբ կայք է արգելափակվում Վրաստանում: Առաջին նման դեպքը տեղի է ունեցել 2011 թվականին, երբ «5 Days of August» (Օգոստոսյան 5 օրը) (2008 թվականի ռուս-վրացական պատերազմի մասին -խմբ.) ֆիլմի պրեմիերայից առաջ արգելափակվեցին տորենտ կայքերը: Վերջին նման դեպքը մի քանի ամիս առաջ էր. այն օրը, երբ լուրեր տարածվեցին Վրաստանում ԻԼԻՊ-ամետ (ISIS) բլոգի մասին, WordPress-ը դարձավ անհասանելի»,- Media.am-ի հետ զրույցում ասաց հաղորդակցության մասնագետ Միրիան Ջուղելին:

Միրիան Ջուղելիի խոսքով՝ ինտերնետը և ինֆորմացիայի հասանալիությունը մարդու հիմնարար իրավունք են, հետևաբար դրանք սահմանափակելը այս իրավունքների խախտում է:

«Եթե մարդիկ որևէ կերպ չարձագանքեն նման դեպքերին, ապագայում ցանկացած կայք ցանկացած պահի ցանկացած պատճառաբանությամբ կարող է դառնալ «անհասանելի»»,- ասում է Ջուղելին:

«Jumpstart Georgia» մեդիա կազմակերպության գործադիր տնօրեն Էրիկ Բարեթի խոսքով՝ դեռևս պարզ չէ, թե այս դեպքն ինչ հետագա հետևանքներ կարող է ունենալ, հայտնի չեն նաև YouTube-ի արգելափակման պատճառները:

«Բացատրություններ կան, թե սա ընդամենը սխալմունք էր, ինչը քիչ հավանական է: Եթե սա տեխնիկական սխալմունք չէր (քիչ հավանական է, որ լիներ), նշանակում է՝ իշխանությունները միտումնավոր են արգելափակել կայքը: Սա ամենահավանական սցենարն է այս պահին»,- Media.am-ին ասաց Էրիկ Բարեթը:

Բարեթի խոսքով՝ արգելեփակելով YouTube-ը՝ Վրաստանի իշխանությունները ցույց են տվել, որ կարող են դիմել ցանկացած քայլի՝ իրենց համար անընդունելի համարվող ինֆորմացիայի հասանելիությունը սահմանափակելու համար:

«Այս մոտեցումն անընդունելի է ժողովրդավարական հասարակությունում»,- ասում է Էրիկ Բարեթը:

Աննա Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *