2016.03.12,

Քննադատ

Հեռուստաշոու՝ լայն քմծիծաղով

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Եռանկյունի» շոուն ներկայացվում է որպես լրատվական-վերլուծական հաղորդաշար: Եվ ամեն հաղորդման սկզբում ասվում է, որ քննարկվող թեմաները սահմաններ չունեն, ու երեք մասնակիցները բանավիճելու են հանրության համար կարևոր հարցերի շուրջ:

Այս հաղորդաշարը բավականին հաճախ է դառնում քննարկման առիթ, թեև այն դիտելը բարդ է, քանի որ հավասարակշռության ու վստահության չափաբաժինը զգալիորեն խախտված է: 

«Եռանկյունու» հմայքն ու հիմնասյունը վարող Արմեն Աշոտյանն է (ՀՀԿ փոխնախագահ, ԿԳՆ նախկին նախարար), ով անկասկած տարբեր թեմաներ աճպարարելու (խոշորացնելու, մարելու, մանրացնելու ու ուռճացնելու) վարպետ է: Եվ, թերևս, հենց նրա աճպարարության շնորհն էլ հետաքրքրում է լսարանին:

Մարտի 11-ին հեռարձակված «Եռանկյունի» շոուի հերթական թողարկումը նվիրված էր մամուլի ազատությանն ու, ինչպես ասաց վարողը, մամուլի «պատասխանատվությանը, մասնագիտական էթիկային և սկանդալներին»:

Իհարկե, հիմա մամուլն ու լրագրողներին չի քննադատում միայն ծույլը, մանավանդ, որ լրագրողի սահմանումը բավականին ընդարձակվել ու լղոզվել է, և, շատ դեպքերում, լրագրողները հայտնվում են տարբեր գերատեսչությունների թիրախում` որպես պետական կայունությունը սասանող ու անցանկալի տեղեկություն հրապարակող միավորներ: Բայց Արմեն Աշոտյանը ծույլ մարդ չէ և այս թեմային անդրադարձել է բազմակողմանի մանիպուլյատիվ հնարքներով:

Փորձենք մի քանի հնարքներ նշել՝ բնավ նպատակ չունենալով նսեմացնել մանիպուլյացիայի դերը արդի քաղաքականության մեջ: Երբ իշխող կուսակցության ամենահանրային դեմքերից մեկը բանավիճային ձևաչափի շոու է վարում, ուրեմն դա քաղաքականություն է, հո չի՞ կարող լրագրություն կամ դերասանություն լինել (իր նախաստեղծ ու հակասական իմաստով՝ մտնել ուրիշի մաշկի մեջ ու մոռանալ սեփական մաշկը): 

Մի քանի հրավիրված հյուր ունեցող շոուները  հաջողությամբ ուղղորդելու համար կարևոր է.

1)  Հյուրերի ընտրությունը: Մանիպուլյացիան հիմնվում է հենց տեսակետների (մարդկանց) հարաբերակցության վրա: Պատրանք է ստեղծվում, թե որքան մարդ, այնքան կարծիք: 

Բայց իրականում կարծիքների հարաբերակցությունը միշտ թեքված է դեպի իշխանություններին հաճո կողմը: «Եռանկյունի»-ն երեք հյուր ունի, և միշտ պաշտոնական տեսակետին հակադարձողը մեկն է, իսկ երկուսը (գումարած վարողը) կարող են մանր հարցերում կամ երանգներում տարբերվել, բայց մեծ հաշվով՝ կուռ ու միակարծիք են գլխավոր գծի հետ:  

Եվ երբ, օրինակ, վերջին թողարկման ընթացքում խոսում ու դժգոհում էին ոչ անաչառ մամուլից ու մեդիա դաշտը կարգավորելու կարիքից, երեք մարդ (որպես ՀՀԿ կուսակցության համակիր ընկալվող «Արարատ» հեռուստաընկերության ներկայացուցիչը, տարբեր կուսակցությունների անդամ եղած պատգամավորն ու ինքը` Արմեն Աշոտյանը) նշում էր, որ մամուլը կարգավորված չէ և, պետական շահերից ելնելով, պետք է որոշակի վերահսկողություն սահմանել: Հակառակ կարծիքի էր միայն մի մարդ (առցանց «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը): 

Ստացվում է, որ 1 գումարած 1 ու էլի գումարած 1, չի դառնում 3:

Այսինքն` տեսախցիկները աշխատում են, զրույցը ընթանում է, թվում է, թե թեժ բանավեճ է: Բայց դա միշտ արվում է վերահսկվող ծավալով, թեմայով ու մարդկանցով:

2) Մանիպուլյատիվ հնարքներից է անընդհատ խոսելը ընդհանուրից, վեհից ու անանունից ու անտեսել կոնկրետը: Իհարկե, դա արվում է հանուն հայրենիքի բարօրության:

Երբ, օրինակ, խոսվեց ինտերնետային լրատվամիջոցների ազատությունը կանոնակարգելու մասին, հնչեց կարծիք, որ դա գրաքննություն է: «Արարատ» ալիքի ներկայացուցիչն ասաց, որ պատերազմող երկրի համար անթույլատրելի է, օրինակ, առանց սահմանին զոհվածի անունը ճշտելու զոհի մասին լուրը հաղորդելը: Փորձ արվեց հիշեցնել, որ պաշտոնապես Հայաստանի Հանրապետությունը պատերազմ չի վարում, ու արտակարգ իրավիճակ հայտարարված չէ: Բայց արդեն ուժերի հարաբերակցությունը խախտվել էր, ու հաղորդման երեք մասնակիցները խոսում էին բանակի ու անվտանգության շահերից: 

Էմոցիոնալ ստացվեց, իսկ գրաքննությունը արդարացվեց (համենայնդեպս, որոշ ժամանակով), քանի որ լրագրողները ներկայացվեցին հակապետական քողի ներքո:

3) Երբ բանավեճը անցանկալի կողմ է թեքվում, գործի է դրվում հարցը մասնատելու և հետաձգելու պրակտիկան: 

Արմեն Աշոտյանը պրոտագոնիստ է (թատրոնի լեզվով ասած՝ պրիմա դերասան, որը նաև կառավարում է կարծիքների երգչախումբը): Նա լավ տիրապետում է իրավիճակին. կարողանում է թեման մանրացնել, հետաձգել ու ի վերջո, փոշիացնել: Ընդ որում՝ բավարար չէ միայն ասել «Մենք այդ մասին կխոսենք: Հետո: Անպայման», այլև պետք է փաստարկներ բերել, թե ինչու հետո: 

Այդ փաստարկները միշտ գտնվում են: Պատահականություն չէ, որ երեք հյուրերից առնվազն երկուսը միշտ պատրաստ են բերել այդ փաստարկները:

4) Համեմատվում է անհամեմատելին: Օրինակ` կանաչն ու քառակուսին:

Երբ հերթը հասավ հեռարձակումից զրկված «Ա1+» հեռուստաընկերությանը (այդ դեպքը լուրջ վնասել է ՀՀ հեղինակությունն ու համարվել խոսքի ազատության սահմանափակման լուրջ նախադեպ), Արմեն Աշոտյանը վստահությամբ ասաց, որ ոչ մի արտառոց բան չի տեսնում, քանի որ «Ա1+»-ը հիմա էլ եթերում է: Եվ, ուրեմն, խաղի մեջ է, ու ամեն ինչ լավ է:

Իհարկե, ամեն ինչ լավ չէ, քանի որ օրական 15 րոպե եթեր ունեցող անկախ ալիքը չունի ո՛չ հեռարձակման արտոնագիր, ո՛չ էլ երբեմնի հեղինակությունը:

Ոչ միայն վարողը, այլև երկու հյուրերը միակարծիք էին, որ ինտերնետային հեռարձակումը հավասարազոր է վերգետնյա հեռարձակմանը:

5) Հույզերի խտացումը: Ավելի խիզախ տարբերակում՝ պոպուլիստական ոճը:

Մամուլի շուրջ քննարկման ժամանակ այսպես ստացվեց: Արմեն Աշոտյանն ասաց, որ «մամուլը կորցրել է հասարակական վստահության զգալի քվեն» և նաև հերյուրանքներ տարածելով է զբաղվում: Հյուրերից մեկը (կռահեք առաջին անգամից, թե ով) փորձեց հակադարձել, որ վստահության պակաս կա բոլոր ոլորտներում, և այն հաստատ լրագրողների մեղքով չէ: Օրինակ բերվեց պատգամավորների ոչ վայելուչ պահվածքը լրագրողների հանդեպ՝ կոնկրետ անուններով:

Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ պատգամավորներն այլևս չեն վախենում (լավ իմաստով) լրագրողներից: Եվ, ուրեմն, լրագրողները հեղինակություն չեն: «Նախկինում ես էլ շատ էի վախենում լրագրողներից, իսկ հիմա՝ ոչ»:

Հյուրերից մեկն էլ ավելացրեց, որ մամուլում չարություն ու թույն կա:

6)  Հեգնանքի, քմծիծաղի, երբեմն նաև անթաքույց ծաղրի օգտագործումը:

Քմծիծաղը ամենաազդեցիկ մանիպուլյատիվ գործիքն է: Կարծես ասվում է՝ ես քեզ լսեցի, բայց դե շատ բաների մասին լռում ենք ու իրար հասկանում: «Եռանկյունի» շոուի դեպքում դա ոչ միայն համեմունք է, այլև գլխավոր ճաշատեսակ:

Քմծիծաղը խորհրդանշում է և՛ դիստանցիա, և՛ իմաստ: Թեման վարողին իրապես չի մտահոգում: Մեծ հաշվով՝ արդեն քիչ են այն լրատվամիջոցները, որոնք ունակ են անկախ գործել ու թեմաների օրակարգ թելադրել: Արմեն Աշոտյանը դա շատ լավ օգտագործում է՝ թուլացած մեդիային կշտամբելով (քմծիծաղով, իհարկե) իր իսկ թուլության ու վստահության պակասի համար:

Դա նույնն է, ինչ ասել, որ խեղդվողների փրկության գործը հենց խեղդվողների ձեռքում է:

Առցանց «Առավոտ»-ի խմբագիրն ասաց, որ հեռուստատեսությունը ղեկավարվում է մեկ կենտրոնից: Այդ իրավիճակը նա համեմատեց խամաճիկների թատրոնի հետ, որտեղ տիկնիկների թելերը ձգում են կամ մի քիչ թուլացնում: 

Արմեն Աշոտյանը հարցը արագ ուղղեց (քմծիծաղով, իհարկե) «Արարատ» ալիքի ներկայացուցչին՝ համաձա՞յն եք, որ կան խամաճիկային դրսևորումներ: Ու հենց այդ քմծիծաղի հիպնոսի տակ գտնվող բանախոսն ասեց, որ «Արարատ» ալիքում արգելված թեմաներ չկան, և ընդհանրապես հեռուստադաշտում ամեն ինչ լավ է:

Սա այն դեպքերից է, երբ քմծիծաղն արդեն իսկ բացառում է լուրջ (կամ էլ առնվազն մի քիչ նյարդային) պատասխանը: Քմծիծաղով տրված հարցին հասնում է միայն քմծիծաղով պատասխանը:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *