2016.02.09,

vox populi

«Գրականության մասին գրել չի նշանակում լավություն անել հրատարակիչներին կամ գրողներին»

Իմ`գուցե մի քիչ իդեալիստական, ռոմանտիկ պատկերացումներով՝ աշխարհը կարող է փոխվել լավ գրականությամբ:

Իրականությունը կարող է ավելի լավը դառնալ, իսկ մենք՝ ավելի մարդկային, եթե գրականությունն ավելի մեծ տեղ զբաղեցնի մեր կյանքում:

Գրականությունը հանրահռչակելու համար, իմ կարծիքով, կարևոր դեր ունեն հատկապես լրատվամիջոցները: Սակայն տեսնում եմ, որ նրանք մեծ ցանկություն չունեն դրանով զբաղվելու:

Պետք է շատ հնչեղ մի բան լինի, քաղաքական, սոցիալական հարցերի հետ կապ ունենա, համապատասխանի այդ լրատվամիջոցի ուղղվածությանն ու պահանջներին (կամ էլ անձնական ծանոթություններ լինեն), որպեսզի հատկապես ժամանակակից հեղինակները ներկայացվեն մեդիայում:

Լրատվամիջոցները, լրագրողները դաշտը չիմանալու պատճառով համարում են, թե մենք այսօր գրողներ չունենք, ինչը չափազանց զարմանալի է, եթե հաշվի առնենք, թե ժամանակակից հեղինակների ինչ ծավալի գրքեր են հրատարակվում հիմա: Ինչպե՞ս է ստացվել, որ մենք ճանաչում ենք ժամանակակից երգիչներին, բայց չգիտենք մեր գրողներին:

Իհարկե ունենք մշակութային ուղղվածության հեռուստաընկերություն («Շողակաթ») և հաղորդումներ («Առաջին ալիք», «Երկիր մեդիա»), որոնք մեծ ուշադրություն են դարձնում գիր ու գրականությանը, միշտ պատշաճ կերպով լուսաբանում են:

Կան նաև կայքեր («Արմենպրես», «Մեդիամաքս»), որոնք անդրադառնում են գրքերին ու հեղինակներին, ներկայացնում են շաբաթվա բեսթսելերները, սակայն ցանկալի կլիներ, որ գրականությունը հայտնվեր լրահոսում, լրատվական թողարկումներում` քաղաքական, սոցիալական թեմաների կողքին, որպեսզի ավելի հասանելի լիներ մարդկանց:

Մարդու աչքը պետք է սովորեցնել գրքին, գրականությանը, ոչ թե ավտովթարներին, աղետներին ու հանցագործություններին:

Մենք ունենք մասնագիտացած լրագրողներ, որոնք շատ լավ են ներկայացնում գրականությունն ու մշակույթը թե’ հեռուստատեսությունում, թե’ օնլայն մեդիայում, սակայն նրանց թիվը շատ փոքր է: Մենք ավելի շատ պատրաստված և մշակութային իրադարձություններ լուսաբանող լրագրողների կարիք ունենք, որոնք գրական իրադարձությանը չեն վերաբերվի որպես հերթական ասուլիսի` հաճախ սխալներով լուսաբանելով, գրողներին գրականագետներից չտարբերելով:

Իմ խորին համոզմամբ` գրական իրադարձությունը հերթական լուր չպետք է լինի, որովհետև դա հոգևոր արժեք է ստեղծում, մարդկանց է դաստիարակում, մթնոլորտ է առողջացնում:

Լրագրողներն իրենք էլ պետք է շատ կարդան, որպեսզի ճաշակ, խոսք ձևակերպելու և վերնագիր ընտրելու կարողություն ունենան, լավ նյութեր գրեն ու վերլուծություններ անեն, մենք դրա կարիքը ունենք: Մեզ մոտ մշակութային վերլուծությունն ընդամենը մշակույթի նախարարի կամ փոխնախարարի դեմ գրված հոդվածն է`բամբասանքների վրա հիմնված, առանց խնդիրն ուսումնասիրելու:

Լրատվամիջոցի քաղաքականություն որոշողները պետք է հստակ մոտեցում ունենան ոչ միայն ներկայացնելու այն, ինչ հասարակության լան շերտերն են պահանջում` սենսացիաներն ու անիմաստ նորությունները, այլև ինտելեկտուալ մարդ դաստիարակելու, արժեքներ տարածելու: Հասարակությունը միշտ չէ, որ գիտի, թե իրեն ինչ է պետք:

Մարդու աչքը պետք է սովորեցնել գրքին, գրականությանը, ոչ թե ավտովթարներին, աղետներին ու հանցագործություններին:

Լավ կլինի խմբագիրներները գիտակցեն, որ գրականության մասին գրել չի նշանակում լավություն անել հրատարակիչներին կամ գրողներին: Նշանակում է լավություն անել մարդուն ու հասարակությանը, որովհետև այդ գրքերն արժեքներ են ստեղծում ու տարածում, նպաստում բարոյականության, հոգևոր ու մտավոր արժեհամակարգերի կայացմանը, այսինքն նպաստում առողջ ու ինտելեկտուալ հասարակության զարգացմանը:

Հայկ Համբարձումյան
գրականագետ

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *