Փետրվարի 22-25-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվում է պատերազմի և խաղաղության Դիալոգոս չփառատոնը: Այս հարթակը առաջին փորձն է կինոյի լեզվով ներկայացնելու հակամարտող կողմերի անցյալն ու ներկան, խնդիրներն ու հույսերը, կորուստներն ու ձեռքբերումները։
Չփառատոնը տոն չէ, այլ փորձարկումների, լուծումներ և հնարավորություններ փնտրելու ինտերակտիվ դաշտ։ Ընտրված ֆիլմերը չեն մրցում, մրցանակներ չեն հանձնվում, իսկ ժյուրին հենց հանդիսատեսն է։
Դիալոգոսում ներկայացվող ֆիլմերը տարբեր ձևաչափերի, տևողության ու ժանրերի են, կարող են չհամապատասխանել փառատոնային պահանջներին: Դրանք հաճախ փորձարարական են, ոչ միշտ ստեղծված պրոֆեսիոնալների կողմից։ Ֆիլմերի հիմքում ցավն ու մտահոգությունն է, կյանքի ու մահվան սահմանագծին հայտնված մարդկանց ճակատագրերը:
Այս տարի չփառատոնը հարթակ է Ղարաբաղյան և վրաց-օսական հակամարտությունների մասին վրացական, հայկական և հայ-ադրբեջանական համատեղ 18 վավերագրական ու 4 անիմացիոն ֆիլմերի համար, որոնք ստեղծվել են վերջին տասը տարվա ընթացքում: Որոշ դեպքերում հանդիսատեսը հնարավորություն կունենա հանդիպելու ֆիլմերի հեղինակների, ռեժիսորների, հերոսների հետ, քննարկելու դիտածը:
Դիալոգոսի շրջանակում կկայանա նաև ֆիլմի պրեմիերա: Փետրվարի 25-ին, ժամը 19:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում «Դիալոգոս» չփառատոնի շրջանակում առաջին անգամ կցուցադրվի վրացի լրագրող, կինովավերագրող Թոմա Չագելիշվիլիի «Ես չեմ հատել սահմանը, սահմանն է հատել ինձ» ֆիլմը:
Այն պատկերում է 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի հետևանքները: Ֆիլմի հերոսը վրացական մի սովորական ընտանիք է, որի տունը հայտնվում է հակամարտության գոտում, իսկ մի օր հանկարծ հատվում փշալարով:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայանալու է մարտի 11-ին, Պրահայի «One World» կինոփառատոնի ընթացքում:
Ֆիլմի ավարտին հանդիսատեսը հնարավորություն կունենա հանդիպելու Թոմա Չագելիշվիլիի հետ:
Dialogos՝ հին հունարենից թարգմանաբար նշանակում է զրույցի և իմաստության համադրություն, ճշմարտության և լուծումների փնտրտուք, անվերջ գործողություն, շփման և հաղորդակցության միջոց։
«Մոսկվա» կինոթատրոնում անցկացվող Դիալոգոս չփառատոնը կազմակերպել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ: Առաջին անգամ անցկացվող այս չփառատոնը հավակնում է դառնալ ամենամյա:
Չփառատոնի մասին մանրամասն տեղեկություններին կարող եք ծանոթանալ Դիալոգոսի ֆեյսբուքյան էջում:
Աննա Բարսեղյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: