Ըստ հրապարակումների` հունվարի 21-ին խմբագիրը լրագրող Լիլիթ Լալայանին տեղեկացրել է, որ ազատում է աշխատանքից՝ Henaran.am-ում: Լալայանը նաև Past.am-ի լրագրող է:
Դրա նախորդ օրն Ազգային Ժողովի էթիկայի հանձնաժողովը վարույթ էր ընդունել այս լրագրողի դիմումը՝ քննելու ուրիշի փոխարեն քվեարկած յոթ պատգամավորների հարցը (նրանցից վեցն՝ իշխող Հանրապետական կուսակցությունից): Լալայանը դիմումը հիմնավորել է Past.am-ում իր հրապարակած տեսանյութերով: (Խորհրդարանի էթիկայի հանձնաժողով կարող է դիմել յուրաքանչյուր ոք):
Henaran.am-ի խմբագիր Լիլիթ Դավթյանը, որն Ազգային Ժողովի Հանրապետական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կինն է, խնդրով հետաքրքրված այլ լրատվամիջոցների թղթակիցներին մերժել է բացատրել, թե կոնկրետ ինչու է աշխատանքից հեռացրել լրագրողին: Մինչդեռ Լիլիթ Լալայանը պատմել է, որ իր դիմումը խորհրդարանի հանձնաժողովում վարույթ ընդունվելուց հետո խմբագիր Լիլիթ Դավթյանը Ֆեյսբուքով իրեն պատվիրել է Henaran.am-ում աշխատել մինչև փետրվար կամ մարտ, այդ ընթացքում այլ աշխատանք գտնել:
«Լրագրողների միավորում» հասարակական կազմակերպությունը փետրվարի 6-ին այս առիթով հայտարարություն տարածեց, որում հետևությունն է փոխանցում, որ «լրագրողը հեռացվել է աշխատանքից՝ խմբագրի քաղաքական հայացքներին չենթարկվելու համար»:
«Դաշնամուր նվագելը», Սահմանադրությունը և օրենքը
Խորհրդարանական լրագրողների ներքին բառապաշարով՝ «դաշնամուր նվագելն» ուրիշի փոխարեն քվեարկելն է: Իր աջ ու ձախ կողքերի մի քանի բացակա գործընկերների փոխարեն քվեարկելիս նման պատգամավորն, իրոք, դաշնամուր նվագողի է հիշեցնում:
Բայց որքան էլ հումորային է այս «տերմինը», ուրիշի փոխարեն քվեարկելը շատ լուրջ խախտում է, և ոչ թե էթիկայի, այլ Սահմանադրության և օրենքի, որը կոչվում է Ազգային Ժողովի կանոնակարգ օրենք ( հիմա նաև՝ սահմանադրական օրենք ):
Այս հարցով էթիկայի հանձնաժողով դիմելն այնքան էլ արմատացած լրագրողական ավանդույթ չէ, բայց այն, ինչ արել է լրագրող Լիլիթ Լալայանը, տեղավորվում է ոչ միայն օրենքների, այլև թե քաղաքացու, թե լրագրողի մասնագիտական բարձր որակների տրամաբանության մեջ:
Շատ է խոսվում, որ այստեղ շահերի բախում կա, քանի որ Լիլիթ Լալայանն աշխատել է երկու լրատվամիջոցում, և նրանցից մեկի ղեկավարին չի տեղեկացրել մյուսում իր աշխատանքով պայմանավորված քայլի մասին: Դա, թերևս, վիճելի է. ունեցե՞լ են հենց սկզբից այդպիսի պայմանավորվածություն: Աշխատանքային պայմանագրում կա՞ նման կետ: Չկա՞: Կասկածում եմ, որ պարտավոր էր տեղեկացնել իր այդ քայլի մասին:
Շահերի բախում այստեղ կա, բայց այլ տեղում: Մինչ այդտեղ հասնելը՝ մեջբերում Hraparak.am-ի հեղինակի և Լիլիթ Լալայանի զրույցից.
– Իսկ ինքը ( խմբագիրը) տեղյակ եղե՞լ է, որ դուք նաև Past.am-ում եք աշխատում:
– Իհարկե, հենց այդ օրը, որ ես ընդունվել եմ աշխատանքի, իրեն ասել եմ:
Շահերի բախման հարցն, այսինքն, ի սկզբանե վերացված է, որովհետև գործատուն համաձայնել է իր մոտ աշխատանքի վերցնել լրագրողի, որի մյուս աշխատավայրը ևս առցանց լրատվամիջոց է: Համաձայնե՞լ է աշխատանքի վերցնել բացարձակապես նույն՝ այսինքն, մրցակցային դաշտում աշխատողին, ուրեմն հարցը փակված է: (Հարցն ինչ-որ տեղ փակված չէր լինի, եթե նրա այդ քայլը խափանած լիներ Henaran.am-ում իր պարտականությունների կատարումը):
Չեմ կարծում, որ գործատուն Լիլիթ Լալայանին աշխատանքից հեռացրել է՝ մրցակցային իր շահերը տուժած տեսնելով: Պարզ ասած, գործատուն պիտի պատվախնդիր լիներ, թե ինչու է իր աշխատակիցն այդ պրոֆեսիոնալ «յուղոտ կտորը» զիջել մրցակցին և ոչ թե հենց իրենց: Այսինքն, ինչու՞ է հետաքրքիր տեսանյութերն արել մրցակից Past.am-ի համար և հանձնաժողովին դիմել մրցակցի անունից:
Բայց ինչի՞ մասին ենք խոսում: Սա Հայաստանն է, որտեղ լրագրողին պատժել են, ինչպես հայտարարության մեջ է ասվում՝ լրագրողի « քաղաքական հայացքների» պատճառով: Կարծում եմ, այնքան էլ ճշգրիտ գնահատական չէ: Լրագրող Լիլիթ Լալայանն այստեղ որևէ քաղաքական դիրքորոշմամբ հանդես չի եկել. պարզապես գործել է Հայաստանի Սահմանադրության և օրենքի տրամաբանությանը համահունչ:
Փաստորեն ստացվում է, որ խմբագիրը նրան աշխատանքից ազատել է օրինախախտների դեմ բողոքելու համար: Սա շատ ավելի վատ է, քան քաղաքական հայացքների համար հեռացումը: Գործատուի համար է շատ ավելի վատ:
Ռուզան Խաչատրյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: