Արդեն 3 տարի է՝ հրաժարվել եմ TV նայելուց, իսկ հեռուստացույցը դարձել է տան կահույքի մի մասը՝ բուտաֆորիա: Դրա հիմնական պատճառը մատուցված հաղորդումների, սերիալների եւ նույնիսկ գովազդների ոչ ինքնատիպ, ցածրաճաշակ, անդեմ, աննյութ, զայրացնող, հոգնեցնող «տրեխային» վիճակն է: Շատ քիչ են հեղինակային հաղորդումները, ողջ եթերը լցված է նմանակումներով՝ անհաջող, ռամիկավարի ընդօրինակած այս կամ այն արտասահմանյան հաղորդումից: Իբրեւ հետաքրքիր, աշխույժ եւ սուր զգացողություններ տալու համար դիմում են ամենազազրելի քայլին. վարձում են մի քանի դերասան էլ չէ «դՌասան» եւ ողջ հաղորդումը դարձնում «Քռչի բազառի այլանդակ, գեղջկական տուրուդմբոց»:
Գրեթե բոլոր հեռուստաալիքներում բացակայում է հեռուստատեսային կուլտուրան, էթիկա ասվածը: Չկան երեխաների, դեռահասների համար նախատեսված հաղորդումներ, ինչը մեծ բացթողում է: Ինձ զայրացնում է այն, որ բոլոր հեռուստաընկերություններն աշխատում են ինչ-որ զանգվածների համար, իսկ ովքեր չեն կարողանում ընդունել եւ մարսել այդ զանգվածներին մատուցած կերակուրը, այլնտրանք չունենալով կա՛մ հրաժարվում են հեռուստացույցից, կա՛մ էլ ապավինում են ռուսական ալիքներին՝ ինչ-որ հետաքրքիր բան տեսնելու կամ լսելու ակնկալիքով:
Ահավոր ցավոտ եւ սարսափելի թեմա է սերիալը. բոլոր ալիքներով հայկական «ԱՆՄԱԿԱՌՌՌ՜դակ» սերիալները դեգրեդացման, դեգեներատներ սնող, մտածելակերպն ու հոգեւոր աշխարհը խեղաթյուրող թունավոր «սնկեր» են (խոսքը, անգրագետ երկխոսությունները, միշտ հանցագործ աշխարհի առկայությունը, քարոզն ու գողերի բարոյական նկարագիրը՝ որպես «ՃԻՇԴ», «ՃՇԴՈՎ» աԲրող մարդու բացառիկ կերպար):
Գրեթե բոլոր հաղորդումները կառուցվում են մի սկզբունքով՝ տաղավար են հրավիրում հայ «աստղեր»-ին, պրիմիտիվ, ծամծմված հարցադրումներով եւ անիմաստ ու գռեհիկ փորձություններ ստեղծելով լրացնում են հատկացված ժամանակը… եւ ինչքա՜ն հովանավորներ: Ունես հովանավոր, ունես եթերաժամանակ, ունես հաղորդում, «ռեյտինգն» էլ կսարքենք, որ չտխրես, եւ գնաց անգրագիտությունն ու անճաշակությունը համազգային:
Հաղորդման ողջ ընթացքում տեսնում/լսում ենք նողկալի, անգրագետ հայերեն, իբր թե ազատ հաղորդավարի՝ անտարբերության հասնող կեցվածք եւ տափակ հումորների մի շարան, որն իր ավարտին է հասնում անճաշակ ու «մուղամազգիներին» պատկանող մի «տեսաձայնահոլովակով» կամ «մենք ձեզ սիրում ենք» արտահայտությամբ:
Իսկ ինտերնետային լրատվական կայքերում չկան խոսքի, մտքի ազատություն, անկողմնակալություն, չեզոքություն հասկացությունները: Նրանք, ովքեր իրենց ազատ լրագրողներ են համարում, հիմնականում զբաղվում են դեմագոգիայով եւ ցեխ շպրտելով, մրելով, սեւացնելով: Իրենց թվում է՝ միայն վատը բացահայտելը եւ վառ ու չափազանցված ձեւով ներկայացնելը խոսում է լրագրողի ազատության, անկախության եւ «դուխով» լինելու մասին:
Մառազմ է, երբ հրապարակված լուրի տակ, որտեղ ընթերցողները կարծիքներ են գրում, քննարկում կամ քննադատում են, հանկարծ հայտնվում է տվյալ կայքից որեւէ մեկը կամ տվյալ նյութի հեղինակն ու սկսում է ատամներով պահել-պաշտպանել, արդարացնել եւ նույնիսկ վիրավորական խոսքերով վիճել ընթերցողների հետ, որից հետո այդ ընթերցողներին ու նրանց մեկնաբանությունները հեռացնում է կայքից:
Սա նորմա՞լ է, սա մտնու՞մ է այն չափորոշիչների մեջ, որտեղ խոսվում է մարդու խոսքի, մտքի, ազատության մասին: Եթե նման ձեւով լրագրողն է վարվում իր ընթերցողի հետ, ապա ի՞նչ խոսքի ազատության մասին են խոսում լրագրողները:
Չորրոդ իշխանությունը բացահայտ վերացական հասկացություն է Հայաստանում, ավելի ճիշտ՝ առաջին, երկրորդ, երրորդ իշխանությունների մանկլավիկ, ծաղրածու կամ էլ հարճ:
Տաթեւ Բիլբուլյան
Ինժեներ- տնտեսագետ
Դպրոցը՝ ք. Մեծամորի 3-րդ միջնակարգ դպրոց
Համալսարանը՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան
Սիրելի երաժշտությունը՝ դասական, ջազ, բլյուզ, ռոք
Սիրելի գիրքը՝ Աստվածաշունչ
Սիրելի սպորտաձեւը՝ սուսերամարտ, լող
Սիրելի արտահայտությունը՝ «Մի դաբաղեք ձեր ճշմարտությունը այնքան, որ հագեցնել չլինի»
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: