2016.02.01,

Քննադատ

Լրագրողը պետք է մի քիչ էլ «արխիվարիուս» լինի

Երիտասարդ լրագրողներին կարող է բավական հնացած թվալ այն խորհուրդը, որը մեզ՝ «Գարուն» ամսագրին կից «Պատուհան» երիտասարդական խմբագրության անդամներիս, շատ տարիներ առաջ տվեց ՀԽՍՀ վաստակավոր ժուռնալիստ, հրապարակախոս Մարգո Ղուկասյանը:

Բնականաբար, բառացի չեմ փոխանցում ասածը, բայց իմաստն այս էր՝ հորդորեց նյութին առնչվող թվական և այլ տվյալներից բացի՝ նոթատետրում անպայման գրառել իրադարձությանն առնչվող այլ մանրամասներ՝ այսպես ասած՝ մթնոլորտը նկարագրող:

Եվ հետո՝ պատվիրեց անպայման պահպանել սեփական նոթատետրերը ու բացահայտեց, որ դրանցում պարունակվող նյութերը հենք են ծառայել իր բազմաթիվ գրքերի համար: Ի գիտություն՝wikipedia.org-ից. Մարգո Ղուկասյանը հեղինակել է 13 գիրք, տասնյակ ակնարկներ, հուշագրություններ և շուրջ 400 հրապարակախոսական հոդվածներ։

Կասեք՝ հիմա էլ ո՞ր մի լրագրողն է գրում նոթատետրում. միջոցառումների մենք գնում ենք համակարգիչներով, և առանձին լրագրողներ անգամ դեպքի վայրից միանգամից կայք են ներբեռնում իրենց նյութերը: Եվ կասեք՝ ի՞նչ իմաստ ունի իրադարձությանն առնչվող մանրամասները պահպանել, երբ կա ամենազոր համացանցը, ու ստեղնաշարին մի քանի կտտոցով կգտնես հարկավոր ողջ տեղեկատվությունը:

Բայց դեռ ուսանող ժամանակ ստացածս այս խորհուրդը հիշեցի վերջերս, երբ ուզում էի ճշգրիտ մեջբերում անել, թե ինչ էր ասել ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, երբ տեսել էր «Ա1+»-ի եթերում վերջին կադրերը՝ սիրտը տրոփող «Մենք դեռ եթերում ենք» մակագրությամբ, ու… չգտա: Հավատացնում եմ՝ օգտագործել եմ որոնման համար անհրաժեշտ բոլոր չափորոշիչները՝ ըստ ժամանակաշրջանի որոնում, ըստ անվանումների… ապարդյուն: Օբյեկտիվ բացատրությունը գուցե այն է, որ 2002 թվականին լրատվական կայքերն այդքան շատ չէին ու գրագետ չէին գործում՝ հաշվի առնելով Google-ի որոնման առանձնահատկությունները:

Ու մի խիստ սուբյեկտիվ բացատրություն էլ, որն անելու ոչ մի հիմք չունեմ՝ բացի սեփական դիտարկումներից, այն է, որ համացանցի հիշողությունը «կարճ» է, եւ ինչ-որ իքս ժամանակից հետո որոնման արդյունքում այլևս չես տեսնում պետքական լուսանկարները կամ նյութերը:

Եվ այստեղ էլի սկսում ես հիշել հին ու բարի նոթատետրերի մասին:

Թեև շարքը շարունակեմ՝ իմ դեպքում դա նաեւ թերթերից կտրած հոդվածներ են, կարևոր փաստաթղթեր և այլն: Իմ լրագրողական անձնական արխիվում պահպանված են 1994-1995 թվականներին դաշնակցականներին առաջադրված մեղադրանքներով երկու քրեական գործերի, «Հոկտեմբերի 27»-ի և բազմաթիվ այլ հնչեղ դատավարությունների, որոնք լուսաբանել եմ, մեղադրական եզրակացությունները, ցուցմունքները:

Պահպանել եմ անցած ընտրարշավների փոքրիշատե նշանակալի թեկնածուների նախընտրական ծրագրերը, բուկլետները: Ահա, օրինակ, դրանցից մեկը՝ Աղասի Արշակյանի բուկլետը, որի վրա ընտրողներին մակագրել էր. «Ձեր ուշադրությունն եմ խնդրում, նոր միայն՝ ձայնը»:

Սակայն դրանք գուցե թե գտնեի համացանցում, բայց այնտեղ հաստատ չեն լինի այսպիսի նյութերը, որոնց մասին. Մարգո Ղուկասյանի խորհրդին հետևելով, երևի թե, պետք է գրառեի նոթատետրում: Նման մի քանի օրինակ էլ մեջբերեմ իմ արխիվից:

Ես պահպանել եմ այն ստացականը, որն ընտրողներին տրամադրում էր ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արշակ Սադոյանը, երբ հնարավորություն չուներ հոգալու գրավի համար անհրաժեշտ գումարը:

Պահպանել եմ ՀՀՇ շենքում ժամանակին գործող «Խանջյան 27» սրճարանի տիպային կենացների տիպական ցուցակը: Եթե չեմ սխալվում, այն Վանո Սիրադեղյանի և Տիգրան Հակոբյանի համատեղ «ստեղծագործությունն» է:

Այ, ոչ մի կերպ չեմ կարողանում մտաբերել, թե ինչ «շանտաժով» էի հարկադրել Վահան Հովհաննիսյանին նման պարտավորագիր գրել, ու երկուսս էլ ստորագրել էինք: Բայց հաստատ լուրջ բան չի եղել՝ հերթական կատակներից էր:

Մի խոսքով՝ չէր սխալվում «Առավոտ»-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, երբ ինձ կեսկատակ կոչում էր «արխիվարիուս»: Լրագրողական աշխատանքի ընթացքում շատ էի սիրում նման նյութեր ոչ միայն կուտակել, այլ նաև առիթի դեպքում համադրել նախկինում ասվածը տվյալ պահի գործունեությանն ու հայտարարություններին:

Եվ հիմա արդեն իմ երիտասարդ գործընկերներին ինքս էլ խորհուրդ կտայի մի քիչ «արխիվարիուս» լինել: Վստահ եղեք, արխիվային այդ նյութերը հաստատ մի օր պետք են գալու եթե ոչ լրագրողական աշխատանքում, ապա, ինչպես և Մարգո Ղուկասյանին, գրքերի, կամ իմ դեպքում՝ այս հոդվածը գրելու համար:

Աննա Ւսրայելյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

3 Responses to “Լրագրողը պետք է մի քիչ էլ «արխիվարիուս» լինի”
  1. Anna says:

    Robert Kocharyan
    Robert Kocharyan

    1. Gegham says:

      լավ արխիվը հարստություն է
      լավ արխիվը հարստություն է

      1. Suren says:

        ayo ayo
        Hamadzain em

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *