2015.11.13,

Նյուսրում

Սահմանադրական նախագծի լուսաբանումը րոպեներով

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) մշտադիտարկում է անցկացրել, պարզելու համար, թե հանրաքվեի երկամսյա քարոզարշավի առաջին 17 օրերին ինչն է եթերում գերակշիռ համարվել՝ «Այո՞»-ի, թե՞ «Ոչ»-ի քարոզը: Այսինքն որքան համաչափ են հայաստանյան հեռուստաալիքները ներկայացրել առաջադրված սահմանադրական փոփոխությունների առավելություններն ու թերությունները:

Ըստ ՀՌԱՀ-ի մոնիտորինգի՝ լուսաբանումը ընթանում է նորմալ հունով: 4 հազար 364 րոպե տրամադրվել է սահմանադրական փոփոխությունների կողմ, իսկ 4 հազար 392 րոպեն՝ դեմ արտահայտվողներին: Հետազոտվել են 40 հեռուստաընկերություն եւ 20 ռադիոընկերություն:

ՀՌԱՀ-ի դիտարկմամբ՝ քարոզչության լուսաբանման կարգի խախտում չի գրանցվել: Եթե անգամ լուսաբանման որոշակի անհավասարակշռություն է նկատվել, դա չի համարվում խախտում, քանի որ քարոզարշավը դեռ չի ավարտվել: Այս միջանկյալ արդյունքները պետք է օգնեն ալիքներին շտկել իրավիճակը ու «Այո» եւ «Ոչ» կողմերին հավասար եթերաժամանակ ու պայմաններ տրամադրել:

const1

Առաջարկվող փոփոխությունները շատ բան են փոխելու Հայաստանի քաղաքացիների կյանքում. ոչ միայն կառավարման մոդելը (որի մասին ամենից հաճախ է խոսվում), այլեւ յուրաքանչյուր քաղաքցու սոցիալական, իրավաբանական դիրքավորումը:

Հանրաքվեի լուսաբանման մոնիտորինգի միջանկյալ արդյունքները ներկայացրեց նաեւ Երեւանի մամուլի ակումբը (ԵՄԱ), որը հետազոտել է ոչ թե ողջ հեռարձակող դաշտի, այլ ամենախոշոր հեռարձակողների՝ Հանրային հեռուստաընկերության, «Արմենիա»-ի, «Երկիր Մեդիա»-ի, «Կենտրոն»-ի, Հ2-ի, «Շանթ»-ի լրատվական ու բանավիճային հաղորդումները:

Հանրաքվեի քարոզարշավը դիտարկվել է հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 5-ը ընկած ժամանակատվածում:  Հաշվի է առնվել կարծիքների բազմազանությունը, տարբեր դիրքորոշումներին ծանոթանալու հնարավորությունը:

const2

Նշված ժամանակահատվածում սահմանադրական փոփոխությունների 333 անդրադարձ է եղել, 68-ը դրական, 84-ը բացասական, իսկ 181-ը չեզոք վերաբերմունքով:

ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ թեեւ վաղ է եզրակացություններ անել, սակայն ուրվագծվում են հեռուստալուսաբանման մտահոգիչ միտումներ: Քանի որ քաղաքացիներին առաջարկվում է քվեարկել Սահմանադրական ամբողջական տեքստի համար, այլ ոչ թե առանձին դրույթների, չի բացառվում, որ նման դեպքում ՀՀ քաղաքացիները տարբերակված վերաբերմունք կցուցաբերեին տարբեր դրույթների նկատմամբ:

Մեկ այլ խնդիրն այն է, որ եթերում լսելի է հիմնականում խորհրդարանական խմբակցությունների ու կուսակցությունների ձայնը, մինչդեռ կան բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, փորձագետներ, ի վերջո, քաղաքացիական հասարակություն, որոնք հստակ կարծիք ունեն, բայց այն հասանելի չէ լսարանի համար: Իսկ մի քանի հեռուսատեսությունների եթերում այդպես էլ չեն երեւացել անկախ պատգամավորները եւ ոչ խորհրդարանական կուսակցությունները:

«Այս փուլում ավելի շատ խոսվում է իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների մասին ավելի շատ, քան սահմանադրության բովանդակության»,- ասում է Բորիս Նավասարդյանը։

Սահմանադրությունը մի փաստաթուղթ է, որը ոչ միայն ծավալուն է ու գրված խրթին իրավանաբանական լեզվով, այլեւ բազմաթիվ դրույթների ու կետերի վերծանում է պահանջում:

Սահմանադրության փոփոխություններն ու դրանց հետեւանքները զանգվածային ու ընկալելի դարձնելու համար շատ բան կարող են անել օրենքների ու լուսավոր ու ստվերային կողմերի մասին պատկերացում ունեցողն փորձագետները:

Եվ այս քարոզարշավի ընթացքում, որը շատ քիչ ժամանակ է տալիս քվերակողներին հասկանալ փոփոխությունների խորությունը, լրագրողները միջնորդ են դառնում: Հիմա թերեւս այդ դերը գերակշռող է:

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *