2015.12.22,

Նյուսրում

Արխիվային լուրի շուրջ առաջին դատական վեճը Հայաստանում

«Թռչող առագաստ» ընկերությունը պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության պահանջով դատական պատասխանատվության է կանչել «Ա1+» -ին և mamul.am լրատվական կայքին: Խնդիրն առնչվում է 2001 թվականին Երևանի կենտրոնական սրճարաններից մեկում  Պողոս Պողոսյանի մահվան (սպանության) մասին տեղեկության վերահրապարակմանը:

Հեռուստաընկերությունը դատի է գնում համոզմամբ, որ ինքը ո’չ 14 տարի առաջ է  կեղծ տեղեկություն տարածել, ո’չ էլ հիմա, երբ հրապարակել է արխիվային նյութը, ուստի հերքման պատճառ չունի: Իսկ հայցվոր կողմը դատի է գնում համոզմամբ, որ եղել է կեղծ տեղեկություն, որով վնաս է հասցվել իր պատվին ու բարի համբավին: Որպես փոխհատուցում «Թռչող առագաստ»-ը մեկ միլիոն դրամ է պահանջում: 

Երկու կողմն էլ փոխադարձաբար դիտավորություն են տեսնում մյուսի գործողություններում, և երկու կողմն էլ ժխտում են իրենց մասով դիտավորությունը:

Ի՞նչ է եղել. մանրամասներ

«Ա1+»-ն «Օրացույց» խորագրով ամենօրյա հաղորդաշար ունի, որում ըստ իր արխիվային նյութերի պատմում է, թե նախորդ տարիներին նույն օրն ինչ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել: Վիճարկվող տեղեկությունն այս շարքի նյութերից մեկում է, որը կայքում տեղադրվել է 2015թ. սեպտեմբերի 24-ին:

Հայցվոր կողմը՝ «Թռչող առագաստ»-ը, կեղծ է որակում այս նյութում տեղ գտած այն տեղեկությունը, որ 2001 թվականի սեպտեմբերի 24-ին իրեն պատկանող «Առագաստ» սրճարանում կատարվել է մարդասպանություն, և ծանուցում է, որ դեպքը տեղի է ունեցել «Առագաստ»-ին կից «Պոպլավոկ» սրճարանում, որը պատկանում է «Կարմիր առագաստներ» ՍՊԸ-ին: 

«Թռչող առագաստ»-ը պնդում է, որ այս լուրը վնաս է հասցրել իր պատվին ու բարի համբավին: Նրա շահերի ներկայացուցիչ Հասմիկ Փախանյանի փոխանցմամբ, իրենք տեղեկությունը հերքելու պահանջով նախ դիմել են թե՛ «Ա1+»-ին, թե՛ mamul.am-ին, որն «Ա1+»-ին հղումով վերարտադրել էր նույն տեղեկությունը: Նույն աղբյուրի պնդամբ՝ առաջինը մերժել է հերքումը, երկրորդն ավելացրել՝ կարող եք դիմել դատարան:

«Մելտեքս»-ի, ինչպես նաև «Ա1+»-ի ղեկավար Մեսրոպ Մովսեսյանն ասում է, որ կեղծ տեղեկության, ուրեմն և հերքելու որևէ առիթ չկա, քանի որ դեպքի պահին՝ 2001-ի սեպտեմբերին, ամբողջ համալիրը կոչվել է «Առագաստ»: Նրա ասելով՝ բաժանումը տեղի է ունեցել 2001թ. նոյեմբերին: Հիշեցմանը, որ մյուս կողմն այդ բաժանման տարեթիվ է նշում 1997-ը, Մովսեսյանը պատասխանեց, որ դատարան ներկայացրած նրանց փաստաթղթերում է բաժանման թվական նշված 2001-ի նոյեմբերը: 

«Ա1+»-ի տնօրենի պարզաբանմամբ, եթե բաժանման թվականից էլ վերանանք, դեպքը տեղի է ունեցել զուգարանում, որն այն ժամանակ ընդհանուր է եղել. «Ունենք նաև գլխավոր դատախազի ասուլիսի արխիվային տեսագրությունը, որում նա ևս նույն դեպքի մասին խոսում է որպես «Առագաստ» սրճարանում տեղի ունեցածի: Վիքիպեդիայում սրճարանի նույն անունն է նշված: Ինչու՞ Վիքիպեդիայում չեն ուզում փոխել, մեզ մոտ են ուզում փոխել: Ինձ կոնկրետ դա էլ է հետաքրքիր»:

Տեղեկության շուրջ այս վեճը նոր չէ

Հասմիկ Փախանյանի ասելով. «Այս տեղեկությունն «Ա1+» -ն առաջին անգամ չի, որ տարածում է, և ամեն անգամ ինչ-֊որ բան գրելիս նորից նշում է՝ «Առագաստ»: Սա ցույց է տալիս, որ այստեղ արդեն կարծես թե դիտավորություն կա»: 

Կա՞ն արդյոք ինչ-ինչ անձնական հակասություններ «Թռչող առագաստ»-ի սեփականատերերի հետ: Մեսրոպ Մովսեսյանը մեր զրույցում ժխտեց՝ նշելով, որ չգիտի, թե ովքեր են սեփականատերերը: 

«Թռչող առագաստ»-ի ներկայիս սեփականատեր Նժդեհ Գեղագուլյանը որդին է Վազգեն Սարգսյանի թիկնապահ Մովսես Գեղագուլյանի, որին կենդանության օրոք պատկանել է այս օբյեկտը: Արդյո՞ք ինչ-որ հին վեճ չկա:

«Բայց ես որտեղի՞ց իմանամ, թե ովքեր են սեփականատերերը, կամ ի՞նչ խնդիր կարող էի ունենալ Վազգեն Սարգսյանի թիկնապահի հետ: Եվ տեղեկություններ էլ չեմ հավաքել հայցվորի մասին, որովհետև ես դատական այս պահանջը համարում եմ անհեթեթություն»,- ասաց Մեսրոպ Մովսեսյանը:

Վաղեմության ժամկետի հարց չկա՞

Քաղաքացիական օրենսգրքի այս հոդվածով հայց կարող է ներկայացվել դատարան՝ զրպարտության մասին անձին հայտնի դառնալուց հետո մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան զրպարտության պահից վեց ամսվա ընթացքում: Արդյո՞ք զրպարտության պահը 14 տարի առաջվա հրապարակումը չէ:

Փաստաբան Հասմիկ Փախանյանի գնահատմամբ՝ ոչ, հին վեճը դատական կարգով լուծելու հիմք ստեղծվեց, երբ այս տարվա սեպտեմբերի 24-ին «Ա1+» հեռուստաընկերությունը վերարտադրեց 2001 թվականի սեպտեմբերի 24-ի իրադարձությունը՝ «նույն սխալ տեղեկությամբ»:

«Ա1+»-ը  վաղեմության ժամկետի հարցի շուրջ չի վիճում: Նրա ելակետն է՝  կեղծ տեղեկություն չի հրապարակվել:

Ամեն դեպքում, արդյո՞ք այս վեճը չի դառնա նախադեպ Հայաստանում, որպեսզի արխիվային նյութերի առցանց հրապարակումները դատական բազում նման վեճերի առիթ տան: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի փորձագետ Արա Ղազարյանի կարծիքով՝ սա իրոք առաջին նման դեպքն է Հայաստանում և, իհարկե, կդառնա նախադեպ:

«Ըստ Ինտերնետի հրապարակման կանոնի (Internet Publication Rule), որն ամրագրել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանն՝ իր նախադեպերով, և ԵԱՀԿ-ն՝ իր ուղեցույցային փաստաթղթով, արխիվի վերահրապարակումը նոր հրապարակում է՝ դրան ուղղված բոլոր պահանջներով հանդերձ»:

Ղազարյանը բացատրում է, որ Internet Publication Rule-ով լրագրողը համեմատաբար ավելի քիչ է պաշտպանված արխիվային նյութեր հրապարակելիս, քան՝ հրատապ լուրեր. «Պատճառն այն է, որ հրատապ լուրի դեպքում ինչ-որ տեղ հասկանալի է, որ շտապ պատրաստելիս լրագրողը կարող է բարեխիղճ մոլորության մեջ ընկնել, շտապել, սխալվել… Հրատապ լուրն արագ փչացող ապրանք է, իսկ արխիվի պարագայում արդեն շտապողականության գործոնն այդքան մեծ դեր չունի, ուստի լրագրողի պաշտպանվածությունն այս դեպքում համեմատաբար նվազ է»:

Փորձագետը Media.am-ի հետ զրույցում նշեց նաև, որ արխիվային վերահրապարակումների համար կա նաև հակադիր մոտեցումը, որը կոչվում է Single Publication Rule, և որը գործում է, օրինակ, Միացյալ Նահանգներում: Ըստ այս կանոնի, հրապարակողը վիրավորական կամ զրպարտող արտահայտության համար պատասխանատվության է ենթակա միայն մեկ անգամ. «Այսինքն՝ եթե նյութը կամ արխիվները վերահրապարակվում են տարիներ հետո, հրապարակողը պատասխանատվության ենթակա չէ: Սա ամերիկյան մոտեցում է, որը չի ընդունվում Եվրոպայում»:

Ի դեպ, պարզվում է, որ արխիվների հրապարակմանն առնչվող այս խնդիրը որպես երևույթ շատ հին է և մոտ 160 տարվա պատմություն ունի: Արա Ղազարյանի պատմելով, Անգլիայում է սկսվել. «Բայց եթե նախկինում գրքերի վերահրատարակումն էր առիթը, ապա հիմա Ինտերնետն այդ երևույթը դարձրել է շատ ավելի հեշտ և հաճախակի»:

«Թռչող առագաստ»-ն ընդդեմ «Մելտեքս»-ի («Ա1+» հեռուստաընկերության) դատական առաջին նիստը Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է 2016թ. փետրվարի երկուսին:

Ռուզան Խաչատրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *