2015.12.24,

Նյուսրում

Անալոգի հույսին մնացող հեռուստաընկերություններն իրենց ապագայի հարցում վստահ չեն

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

Թվային հեռարձակման լիցենզիա չունեցող մարզային հեռուստաընկերությունների ղեկավարները վստահ չեն, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունները կօգնեն իրենց շարունակել բնականոն աշխատանքը:

Նրանք մարզային սփռման փոքր մուլտիպլեքսորներ ունենալու հնարավորություն են  պահանջում. հանրապետական սփռման խոշոր մուլտիպլեքսորի ո՛չ հայտնվելու, ո՛չ էլ գների նկատմամբ նրանք վստահություն չունեն:

Ազգային ժողովում ընդունված «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծի համաձայն` թույլատրվում է մասնավոր մուլտիպլեքսորի (կազմակերպություն, որը իրականացնելու է թվային հեռարձակումը) գոյությունը, իսկ թվային հեռարձակման լիցենզիա չունեցող հեռուստաընկերություններին իրավունք է տրվում շարունակել անալոգային հեռարձակում իրականացնել, մինչև մասնավոր մուլտիպլեքսորի մուտք գործելը:

Օրինագիծը սահմանում է, որ մասնավոր մուլտիպլեքսորը պետք է հանրապետական սփռման հեռարձակում իրականացնի և 100 միլիոն դրամ պետական տուրք վճարի պետբյուջե: Բացի պետական տուրքից՝ այն նաև պետք է 10 միլիարդ դրամից ավել ներդրում կատարի՝ հեռարձակման ոլորտ մուտք գործելու համար:

Թվային հեռարձակման լիցենզիա չունեցող մարզային հեռուստաընկերությունների ղեկավարները մտավախություն ունեն, որ պահանջվող խոշոր ներդրումների պատճառով մասնավոր մուլտիպլեքսորը, հնարավոր է, այդպես էլ չհայտնվի, իսկ հայտնվելիս էլ հասանելի չլինի փոքր հեռուստաընկերությունների գրպանին:

«Անորոշ է, թե երբ կլինի մասնավոր մուլտիպլեքսորը: Բացի այդ՝ մուլտեպլեքսորի համար այնպիսի պայմաններ են դրված, որ, հնարավոր է, իր մեծ ներդրումներից ելնելով, այն շատ բարձր վարձավճարներ սահմանի: Արդյոք մենք հնարավորություն կունենա՞նք այդ դեպքում օգտվել մասնավոր մուլտիպլեքսորի ծառայությունից, անհայտ է»,- ասում է Արմավիրի «Ալտ» հեռուստաընկերության տնօրեն Խաչիկ Դանիելյանը:

Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերության տնօրեն Սոս Սիրադեղյանի կարծիքով` մասնավոր մուլտիպլեքսորի ի հայտ չգալու պարագայում փոքր հեռուստաընկերությունները ստիպված կլինեն փակվել, քանի որ չեն կարողանա անալոգային հեռարձակմամբ մրցակցել թվային հեռարձակում ունեցող հեռուստաընկերությունների հետ:

«Որակի առումով անալոգայինը զիջելու է: Իսկ մեր հեռուստադիտողը բարձր որակի պատկեր է պահանջելու ու մեզ չի նայելու: Մենք վստահ լսարան ու գովազդատուներ կկորցնենք: Եթե մասնավոր մուլտիպլեքսորը հայտնվի, մենք կուզենանք թվային հեռարձակվել, բայց դա էլ է կախված գներից: Եթե մեզ համար էլ նույն գինը լինի, ինչ խոշոր հեռուստաընկերությունների համար, մենք ի վիճակի չենք լինի հեռարձակվել»,- ասում է Սոս Սիրադեղյանը:

Մարզային հեռուստաընկերությունների ղեկավարները վկայակոչում են Վրաստանի փորձը, որտեղ անալոգայինից թվային հեռարձակման անցնելիս ռեգիոնալ հեռուստաընկերությունները խնդիրների առաջ չեն կանգնել և հնարավորություն են ստացել հեռարձակվելու ռեգիոնալ փոքր մուլտիպլեքսներով:

«Մենք ակնկալում էինք, որ ինչպես Վրաստանում, այնպես էլ այստեղ կկարողանանք մարզային սփռման փոքր մուլտիպլեքսներ ունենալ, միանալ հեռուստաընկերություններով և հեռարձակվել: Սակայն օրենքը դրա հնարավորությունը չի տալիս: Թվում է՝ լավ է, որ կարող ենք շարունակել անալոգային հեռարձակումը, բայց բնակչությունը շատ արագ կանցնի դեպի թվային հեռարձկման, և մենք օրեցօր կկորցնենք մեր լսարանը: Իսկ խոշոր մուլտիպլեքսորն էլ, հնարավոր է, այդպես էլ ի հայտ չգա»,- ասում է «Լոռի» հեռուստաընկերության տնօրեն Նարինե Ավետիսյանը:

Մարզային հեռուստաընկերությունները պայքարելու են օրենքում փոփոխություններ մտցնելու և փոքր մուլտիպլեքսորների գոյության հնարավորության համար:

«Մենք պայքարելու ենք, որպեսզի մարզում մեր մուլտիպլեքսորը ունենանք, որպեսզի այն հեռուստաընկերությունները, որոնք չեն կարողացել թվային հեռարձակման լիցենզիա ստանալ, համախմբվեն, փոքր ներդրումներով ստեղծեն մարզային մուտլիպլեքս և թվային հեռարձակում իրականանցնեն, ինչպես Վրաստանում»,- ասում է «Ալտ» հեռուստաընկերության տնօրեն Խաչիկ Դանիելյանը:

«Մենք շարունակելու ենք պայքարել, որպեսզի օրենքում ժողովրդավարական փոփոխություններ լինեն, որոնք իսկապես կազատականացնեն մեդիա դաշտը, և ամենակարևորը` որ մարզային հեռուստաընկերությունները հնարավորություն ստանան շարունակելու գործել իրական մրցակցային պայմաններում»,- ասում է «Լոռի» հեռուստաընկերության տնօրեն Նարինե Ավետիսյանը:

Աննա Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *