2015.12.18,

Նյուսրում

Մեդիա փորձագետները քննադատում են թվային հեռարձակման նոր կանոնները

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

Ազգային ժողովն ընդունել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որը, կառավարության համոզմամբ, բարեփոխում է հեռարձակման ոլորտը:

Մեդիա փորձագետները, սակայն, գտնում են, որ այդ օրինագիծը թերի է և խնդրահարույց:

Օրինագիծը երկու հիմնական փոփոխություն է առաջարկում՝ թույլատրում է մասնավոր մուլտիպլեքսորի (կազմակերպություն, որը իրականացնելու է թվային հեռարձակումը) գոյությունը և իրավունք է տալիս թվային հեռարձակման լիցենզիա չունեցող հեռուստաընկերություններին շարունակել անալոգային հեռարձակում իրականացնել, մինչև մասնավոր մուլտիպլեքսորի մուտք գործելը:

Ներկայում գործում է հանրային մուլտիպլեքսորը, որը հեռարձակում է թվային լիցենզիա ունեցող հեռուստաընկերությունները

Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել, որով անընդունելի են համարել «հապճեպ պատրաստված» օրինագիծը:

«Դրանում ընդամենը փորձ է արվում լուծել գործող օրենքում առկա բազում լուրջ հիմնախնդիրներից միայն երկուսը, որոնք առնչվում են մասնավոր մուլտիպլեքսների լիցենզավորման և շահագործման կարգին ու պայմաններին, ինչպես նաև՝ թվային հեռարձակման լիցենզիա չստացած տեղական հեռուստակայանների գործունեությանը: Սակայն փոփոխված օրենքի մոտեցումներն անընդունելի են հեռարձակման ոլորտի ազատականացման, զարգացման, մրցակցության խրախուսման տեսանկյունից»,- նշված է հայտարարության մեջ։ 

 Սպասելով խոշոր ներդրումների

Փոփոխություններով սահմանվում է, որ մասնավոր մուլտիպլեքսորը պետք է իրականացնի հանրապետական սփռման հեռարձակում սեփական էլեկտրոնային հաղորդակցության ցանցի միջոցով և 100 միլիոն դրամ պետական տուրք վճարի պետբյուջե:

Խորհրդարանում քննարկումների ժամանակ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը ասաց, որ մասնավոր մուլտիպլեքսորը հեռարձակման ոլորտ մուտք գործելու համար պետք է 10 միլիարդ դրամից ավել ներդրում կատարի: Օրինագիծը պայմաններ է առաջարկում, որոնց կարող են բավարարել միայն խոշոր ներդրողները: Ընդ որում՝ սփռումը պետք է լինի ամբողջ հանրապետության տարածքում: Ավելի փոքր սփռման տարածք ունեցող մուլիտիպլեքսորների գոյությունը օրինագծի հեղինակները չեն դիտարկել:

Մեդիա փորձագետների կարծիքով՝ մուլտիպլեքսորի՝ հանրապետական սփռման պարտավորություն ունենալը բացառում է շուկայում միջին ու փոքր մուլտիպլեքսների առաջացումը, ինչը ոչ միայն չի նպաստում միջին և փոքր բիզնեսի զարգացմանը, այլև մենաշնորհ է մտցնում ոլորտում:

«Կառավարության օրինագծով՝ նախատեսվում է, որ կարող է լինել միայն համապետական սփռման մուլտիպլեքս: Այստեղ տուրք է տրված խոշոր բիզնեսին, և մանր ու միջին բիզնեսի առկայությունն այս ոլորտում բացառվում է, ինչը բացասաբար կարող է ազդել ոլորտի զարգացման վրա: Հարևան Վրաստանում ճիշտ հակառակն են արել, փոքր մուլտիպլեքսների հնարավորություն են տվել: Եվ դա ավելի բարենպաստ է ոլորտի զարգացման համար»,- ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը:

«Այս օրինագիծը չի լուծում թվայնացման հետ կապված առավել արդիական հարցերը, մասնավոր մուլտիպլեքս օպերատորների հնարավորությունը՝ մուտք գործելու շուկա և թույլ տալու, որպեսզի այն հեռուստընկերությունները, որոնք 2010 թվականին չեն ստացել լիցենզիա, կարողանան աշխատել նաև թվային ձևաչափով»,- ասում է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Անմրցունակ անալոգային եթեր

ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնող Արթուր Առաքելյանի խոսքով՝ այս օրենքը թույլ կտա թվային հեռարձակման արտոնագիր չունեցող հեռուստաընկերություններին շարունակել հեռարձակումը:

«Շատ են խոսում, որ կգա այդ ժամանակը, կանջատեն անալոգային ազդանշանը, և որոշ մարզերում գործող հեռուստաընկերություններ այլևս հնարավորություն չեն ունենա հեռարձակվել: Այս նախագծով մենք ասում ենք՝ ոչ, հանգիստ եղեք: Ով այս պահին դաշտում եղել է, այն հեռուստաընկերությունները, որոնք հեռարձակվել են, նրանց հնարավորություն կընձեռվի շարունակել հեռարձակվել մինչև այն պահը, երբ կհայտնվի թվային ցանցով հեռարձակվելու ևս մեկ հնարավորություն: Մենք անցավ փորձում ենք անցնել այս ռեֆորմը, և կարծում եմ, որ բոլորն, ըստ էության, բավարարված կլինեն»,- հայտարարեց Արթուր Առաքելյանը:

Մեդիա փորձագետները համոզված են, որ թվային հեռարձակման լիցենզիա չստացած հեռուստաընկերությունների՝ մինչև մասնավոր մուլտիպլեքսորի ի հայտ գալը անալոգային ազդանշանով հեռարձակվելը տնտեսական խնդիրներ է ստեղծելու հեռուստաընկերությունների համար, քանի որ նրանք կդադարեն մրցունակ լինել այլ հեռուստաընկերությունների համեմատ: Անալոգային հեռարձակվող հեռուստաընկերությունների պատկերի որակը կզիջի թվային հեռարձակվողների HD պատկերին:

Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքով՝ ևս մեկ անգամ երկարաձգելով մարզային հեռուստաընկերությունների՝ անալոգային ազդանշանով հեռարձակման հնարավորությունը հակասում է Հայաստանի միջազգային պարտավորություններին:

ԵՄԱ նախագահի համոզմամբ՝ Հայաստանում հեռարձակման ինդուստրիան լուրջ մարտահրավերների առաջ է կանգնում, և այդ ամենի պատճառը Հայաստանի իշխանությունների ցանկության բացակայությունն է՝ ոլորտը ժամանակակից պահանջներին համապատասխան զարգացնելու:

Առանց մեդիա կազմակերպությունների մասնակցության

Մեդիա փորձագետների համոզմամբ՝ օրինագծում չկան նաև մի շարք այլ կարևոր դրույթներ, որոնք ազատականացնում են դաշտը ու լուծում են խնդիրները. նախագծում պահպանվում են մենաշնորհացման և վերահսկողության միտումները ամբողջ հեռարձակվող դաշտի նկատմամբ, չկա առաջընթաց կարգավորող մարմինների անկախության և հանրային հեռուստառադիոընկերության հաշվետվողականության հետ կապված:

Դեռևս 2014 թվականին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբն ու Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Ազգային ժողով էին ներկայացրել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծ, որտեղ նշել էին անալոգայինից թվային հեռարձակման անցնելու վերաբերյալ հիմնախնդիրներն ու դրանց լուծման առաջարկությունները, որոնք, փորձագետների կարծիքով, կարող են բարեփոխել ոլորտը:

Լրագրողական կազմակերպություններն ընդգծել էին, որ գործող օրենսդրական դաշտը սպառնալիքներ է պարունակում հեռարձակման ոլորտի ազատականացման համար և շատ դրույթներով չի համապատասխանում միջազգային չափանիշներին և առաջարկել էին իրենց լուծումները: Սակայն կառավարության կողմից ներկայացված և ԱԺ-ի ընդունած փաստաթղթում հաշվի չեն առնվել լրագրողական կազմակերպությունների առաջարկներն ու նկատառումները:

«2011 թվականից աշխատել ենք «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի փոփոխության վրա և առաջարկությունների համալիր փաթեթ ենք ներկայացրել, որտեղ առաջ ենք քաշել հեռուստաընկերությունների պարզեցված լիցենզավորման, (ինչը թվային ժամանակաշրջանում շատ կարևոր է), հանձնաժողովի անկախության, ինչպես նաև մարզային հեռարձակման մուլտիպլեքսորների գաղափարը, քանի որ հաշվի էինք առնում, որ դա հնարավոր է միջին բիզնեսի սուբյեկտ դառնա: Դա ամբողջական պատրաստի փաստաթուղթ էր, որն իմաստ ուներ օգտագործել՝ դաշտն ավելի լավ կարգավորելու համար»,-ասում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը:

ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով՝ կառավարությունը՝ առանց մասնագիտացված կազմակերպությունների հետ քննարկման, օրինագիծ է մշակել և հապճեպ կարգով ընդունել է:

«Այս օրենքի հեղինակները հաճախ ասում են, որ այն մշակված է հիմնականում լրագրողական կազմակերպությունների առաջարկությունների վրա: Դա որևէ աղերս չունի իրականության հետ: Մեր առաջարկներն այլ էին, և այն, ինչ մշակել է կառավարությունը, որևէ կապ չունի մեր նախագծի հետ, մենք որևէ կերպ չենք մասնակցել այդ փաստաթղթի մշակմանը»,- ասում է Աշոտ Մելիքյանը:

Նրա խոսքով՝ լրագրողական կազմակերպությունների ներկայացրածը ոլորտը բարեփոխելու ծավալուն փաստաթուղթ է եղել, մինչդեռ կառավարության օրինագիծը ընդամենը 2 հարցի է անդրադառնում, այն էլ վիճելի և վտանգավոր մոտեցմամբ:

«Կարծում եմ՝ 2010 թվականից մինչև այսօր՝ այս 5 տարվա ենթադրյալ աշխատանքից հետո այսպիսի փաստաթուղթ ունենալն ուղղակի ամոթ է և՛ նրանց համար, ովքեր մշակել են, և՛ նրանց՝ ովքեր քվեարկել են, քանի որ այս տարիների ընթացքում կարելի էր շատ ավելի հիմնավոր և լուրջ աշխատանք կատարել և ունենալ այնպիսի օրենք, որ կհամապատասխաներ ժամանակակից պահանջներին, այն դեպքում, որ մենք ընդունելու պահից ստանում ենք մի իրավական փաստաթուղթը, որն արդեն իսկ հնացած է և չի համապատասխանում այսօրվա պահանջներին»,- ասում է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

«Այս օրենքն իրականում մասնակի է հարցը լուծում, եթե ընդհանրապես լուծում է»,- ասում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը:

Աննա Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *