2016.01.14,

Նյուսրում

Բովանդակություն սպառելու նոր մշակույթ Նեթֆլիքսից

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

Նեթֆլիքսը նոր մշակույթ է ներդնում Հայաստանում: Ամերիկյան «on demand»* ինտերնետային խոշորագույն ցանցը մեր երկրում տարբեր ֆիլմեր և հեռուստահաղորդումներ դիտելու հնարավորությունից բացի՝ բովանդակության դիմաց գումար վճարելու նոր մշակույթ է խոստանում:

Ամբողջ աշխարհում 70 միլիոն բաժանորդ ունեցող (2015 թվականի տվյալներով) ընկերությունը հայաստանցիներին առաջարկում է օրինականորեն դիտել մրցանակակիր և ոչ մրցանակակիր գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր ու հեռուստահաղորդումներ՝ թորենթներից ներբեռնելու և «պիրատական» կայքերից օգտվելու փոխարեն:

Ճիշտ է՝ այստեղ չեք կարող գտնել կուլտային «Գահերի խաղը» (Game of Thrones) հեռուստասերիալը կամ ամենաթարմ «Փրկվածը» (The Revenant, 2015) և «Անտանելի ութնյակը» (Hateful Eight, 2015) ֆիլմերը, սակայն կարող եք (վերա)նայել համեմատաբար նոր «Մեծն Գեթսբին» (The Great Gatsby, 2013), «Գրավիտացիա»-ն (Gravity, 2013) կամ «Մատանիների տիրակալը» (The Lord of the Rings) սիրելի տրիլոգիան:

Ամսական որոշակի գումար վճարելով՝ կարելի է անսահմանափակ հասանելիություն ունենալ առաջարկվող բոլոր ֆիլմերին և հաղորդումներին՝ ի տարբերություն բովանդակություն մատուցող այլ ցանցերի, ինչպես, օրինակ, iTunes-ը, որը ամսական բաժանորդագրության փոխարեն առաջարկում է գնել կամ վարձել առանձին ֆիլմը կամ հաղորդումը:

Բաժանորդագրվելուց առաջ Նեթֆլիքսն առաջարկում է 1 ամիս անվճար դիտել իր բովանդակությունը ցանկացած սարքով` համակարգչով, թաբլեթով, սմարթֆոնով: Անվճար ժամկետը լրանալուց հետո կարող եք բաժանորդագրվել՝ ամսական 8 եվրոյին համարժեք (մոտ 4000 դրամ) դրամ վճարելով: Բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է կայքի համապատասխան բաժնում մուտքագրել բանկային քարտի տվյալները:

Ցանկացած պահի ֆիլմ կամ հաղորդում դիտելուց բացի՝ Նեթֆլիքսը նաև հնարավորություն է տալիս բովանդակությունը սպառելու առանց գովազդային ընդհատումների: Դիտելու ընթացքում էլ՝ դադար տալու (pause) կամ վերանայելու մի քանի անգամ:

Բաժանորդագրման սակագնային պլանից կախված՝ Նեթֆլիքսը հնարավոր է դիտել միաժամանակ մի քանի սարքերով: Ընդ որում՝ ոչ միայն համակարգչի կամ ձեր սարքերի դիտարկիչով (browser), այլև iOS-ի և Android-ի համար նախատեսված բջջային հավելվածներով: Նեթֆլիքս կարելի է դիտել նաև հեռուստացույցով՝ Nintendo Wii, XBox 360 և Playstation 3-ի միջոցով:

Ցանցը տարբեր բովանդակություն է առաջարկում տարբեր երկրներում: Եվ Հայաստանում հասանելի տեսականին այս պահին այնքան էլ գայթակղիչ չէ: Բանն այն է, որ ֆիլմերի և հեռուստահաղորդումների արտոնագրերի համաձայն՝ միևնույն բովանդակությունը տարբեր երկրներում հասանելի է դառնում տարբեր ժամանակներում (կամ չի դառնում ընդհանրապես՝ կախված արտադրողի՝ տվյալ երկրի շուկայով հետաքրքրված լինելուց): Եվ կախված ֆիլմերի ստուդիաների հետ Նեթֆլիքսի պայմանավորվածությունից՝ դրանք հնարավոր է դիտել որոշակի երկրներում միայն: Օրինակ՝ «Մեծ պայթյունի տեսությունը» (The Big Bang Theory) հեռուստասերիալը դեռևս հասանելի չէ Հայաստանում, սակայն այն կարելի է դիտել Գերմանիայում, Ֆրանսիայում, Ճապոնիայում:

Հայաստանցի օգտատերերի համար խնդիր կարող է լինել բովանդակության լեզուն. Նեթֆլիքսում ֆիլմերն ու հաղորդումները հիմնականում անգլերենով են՝ հայաստանցի հեռուստադիտողների համար ոչ ամենամատչելի լեզվով, ինչը ավելի հրապուրիչ և հանրամատչելի է դարձնում (անվճար լինելուց բացի) ռուսերեն կրկնօրինակմամբ ֆիլմերով հարուստ «պիրատական» կայքերը:

Մյուս կողմից՝ սա կարող է խթան դառնալ ֆիլմերի միջոցով կատարելագործելու լեզվական հմտությունները:

Սակայն «պիրատական» կայքերի համեմատ՝ ցանցի ամենակարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ այն հնարավորություն է տալիս ծնողական վերահսկողություն սահմանելու երեխաների համար նախատեսված ֆիլմերի և հաղորդումների նկատմամբ՝ արգելափակելով անհամապատասխան բովանդակությունը:

On demand* վիդեոն համակարգ է, որը օգտատերերին թույլ է տալիս ինքնուրույն ընտրել և դիտել/լսել բովանդակությունը՝ ըստ ցանկության, ֆիքսված ժամերին հեռարձակվող բովանդակություն դիտելու փոխարեն:

Աննա Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *