«Ա1+»-ի «Այբ-Ֆե» հաղորդաշարը ցուցադրվում է երկուշաբթիից ուրբաթ «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերով ժամը 21.00-ին, կրկնվում է հաջորդ օրը՝ առավոտյան 9-ին։ Խնդիրն այն է, որ ճիշտ հաղորդման ժամին գովազդային մեծ թողարկում է հեռարձակվում։ Այսինքն՝ ցուցադրվում է հաղորդման գլխադիրը, եւ անմիջապես, իսկույն սկսվում է գովազդը (շուրջ 5 րոպե)։
Ինքս երբեք չեմ հասկացել լուրերը գովազդով նույնիսկ ընդմիջելը, որ բավական տարածված է Հայաստանում, ուր մնաց՝ սկսելը։ Ուրեմն, հեռուստադիտողը միացրել է քո ալիքը, որ տեղեկանա, թե ինչ է կատարվում աշխարհում, դու իրեն ասում ես՝ էսքանը լսեցի՞ր, դե, հիմա գովազդ նայիր, հետո ես քեզ մնացածն էլ կպատմեմ։
Իսկ «Ա1+»-ի պարագայում նույն ժամին սկսվում են Հանրայինի եւ մի շարք այլ ալիքների լուրերը։ Կարծում եմ՝ միայն հազվադեպ մազոխիստներ մինչեւ վերջ կնայեն գովազդը, մյուսներն ուրիշ բան կնայեն ու հազիվ թե նորից հետ փոխեն ալիքը, այն էլ ճիշտ գովազդի ավարտի ժամին։
Ես անհամբեր սպասում էի «Ա1+»-ի վերադարձին ու սկզբում հաճախ էի նայում։ Թեեւ նախկին «աստղային» կազմից համարյա ոչ ոք չէր մնացել (տասը տարուց ավելի է անցել, հասկանալի է), բացի Արամ Աբրահամյանից, որն ալիքի «դեմքն» էր, բայց արհեստավարժությունը պատշաճ մակարդակի էր, եւ ավելացել է արխիվային նյութերի էջը, որը նախկինում չէր կարող լինել, քանի որ այդ անցյալը դեռ ներկա էր։ Էջը ներկայացնում է Մհեր Արշակյանը՝ հ/ը արխիվից բացառիկ նրբությամբ ընտրելով այսօրվա հետ «խոսող» ռեպորտաժներ։
Հետագայում սկսեցի դեպքից դեպք նայել մի քանի պատճառով, որից առաջինը «ապառիկ» գովազդն էր։
Երկրորդ պատճառն այն է, որ Արամ Աբրահամյանը՝ «Ա1+»-ի «դեմքը», լրատվական հաղորդումներ է վարում նաեւ «Շանթ»-ում (Հանրայինի եթերում էլ՝ «Արտ-կանոն» հաղորդաշարը, բայց այն զուտ մշակութային է)։
Երրորդը բուն «Ա1+»-ի հեռուստաեթեր վերադառնալու առեղծվածն է։
Իհարկե, նախ պետք է նշել, որ «Ա1+» հեռուստաընկերությունը չի վերադարձել. այն առանձին ալիքով չի հեռարձակվում, այլ հյուր է «ուրիշի տանը»՝ «Արմնյուզ»-ում, միայն մեկ հաղորդաշարով։
Մյուս կողմից, վերադարձել է իր «բրենդային» հաղորդաշարով՝ «Այբ-Ֆե»-ով, որը պատկանում է լրատվության՝ հայկական հեռուստաեթերի ամենախիստ գրաքննվող ժանրերի թվին։
Ըստ իս՝ 2002 թվականին Ռոբերտ Քոչարյանի հրահանգով «Ա1+» հեռուստաընկերությունը եթերազրկելուց հետո Հայաստանում էական բարեփոխումներ չեն կատարվել, եւ դաշտը չի ազատվել իշխանության լիակատար վերահսկողությունից։
Վերջին տարիներին որոշ հեռուստաընկերությունների սեփականատերեր փոխվել են, ինչպես, ասենք, «Արմենիա» հ/ը դեպքում, բայց իշխանության հլու կամակատարներին ընդամենը փոխարինել են մերձավոր ազգականները (լուրերից դատելով. ոլորտը թափանցիկ չէ, եւ դժվար է որոշել, ովքեր են դրածո բաժնետերերի թիկունքում, կարեւորն այն է, որ եթերի որակը, խոսքի ազատության մակարդակը չեն փոխվել)։
Ուրեմն, «Ա1+»-ի «Այբ-Ֆե»-ի վերադարձի իրողությունը պետք է վերագրել մեդիայի հանդեպ իշխանության ճկունությանը. սիրված, բայց արգելված հաղորդաշարի վերահեռարձակումը օրինակարգություն է հաղորդում գործող իշխանությանը (ընդհանուր վիճակի վրա չազդելով հանդերձ) եւ Սերժ Սարգսյանին ավելի հանդուրժող ներկայացնում Ռ. Քոչարյանի համեմատ։
Կամ էլ զուգահեռաբար նաեւ բովանդակային ինչ-ինչ սահմանափակումների պայմաններ են դրվել հ/ը առաջ։ Դիցուք. դուք ազատ եք քննադատելու ամեն ինչ ու բոլորին՝ բացի մեկ հոգուց։ Նրա մասին՝ կա՛մ լավ, կա՛մ ոչինչ… Քիչ թե շատ երկարատեւ դիտարկումը կարող է ի հայտ բերել, թե որ հեռուստատեսությունում ով է կամ ովքեր են «անձեռնմխելիները»։
Այս մտորումները՝ մի կողմ. կարծում եմ՝ եթե «Այբ-Ֆե»-ն «չկանխվեր» գովազդով, հաղորդումը կարող էր ունենալ ավելի մեծ լսարան, որը ավելի մեծ ազատության երաշխիք է ապահովում, եթե ազատության ձգտումը կա։
Վահրամ Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: