Եթե մարզիկ ես, ապա անգրագետ ես, եթե մատուցողուհի ես, ուրեմն անբարո ես, եթե երիտասարդ ես, ուրեմն անփորձ ես, եթե հայ պատգամավոր ես, ապա «օլիգարխ» ես ու շահամոլ, իսկ եթե լրագրող ես…
Կարծրատիպեր, որոնք տասնամյակներ շարունակ արմատացել են մեր հասարակության մեջ, ու դեռ շատերը, ցավոք, շարունակում են առաջնորդվել նման միանշանակ ու թյուր կարծիքներով: Եթե լրագրող ես, ուրեմն սուտասան ես, ուրեմն «գագիկշամշյան» ես, «չամուռ» ես. այս շարքն, իհարկե, դեռ մի քանի տողով կարող ենք լրացնել:
Պարզ է` մի երկու «լրագրող» իր գործը լավ չի արել, ու այսօր դա ազդել է մնացած ավելի հմուտ լրագրողների համբավի վրա, Գագիկ Շամշյանը մի քանի անգամ հայհոյել է եթերում, անգրագետ խոսել, եւ մարդիկ սկսել են մտածել, որ լրագրողներն իրականում այսպիսին են ու բանի պետք չեն…
Կարծրատիպեր լրագրողական աշխարհի մասին` ինչքա՜ն սիրտդ ուզի: Օրինակ՝ եթե լրագրողն աշխատում է հեռուստընկերությունում ու հարցազրույցն անում է օպերատորի հետ միասին` օրվա հերոսին պարզելով «միկրոֆոնը», ուրեմն սա լու՜րջ գործ է: Իսկ եթե պարզապես միացնում ես ձայնագրիչդ, քեզ այնպիսի հայացքով են նայում, ասես դու այդ մարդուց պարտքով գումար ես վերցրել ու հենց այդ պահին, ձայնագրիչը միացնելով, ասում ես. «Այսօր էլ փողդ չեմ տալու»:
Իմ արած հարցազրույցների գրեթե կեսը հենց այս հայացքների ներքո էին իրականանում, մինչ այն օրը երբ սկսեցի տեսախցիկովս ֆոտոներ անել, բայց դա էլ բավարար չէր, ամեն դեպքում ձայնագրիչն իր գործն անում էր. մեծ ու գունավոր միկրոֆոնին չէր հասնի:
Իսկ ասուլիսներն (ա՜խ, այդ միանման ու ձանձրալի ասուլիսները) այսօր ուղեկցվում են հիմնականում ձայնագրիչներով. միկրոֆոնները բանախոսի դիմաց քիչ կհայտնվեն, հատկապես մի փոքր ավելի լուրջ ու քննարկվող թեմաների ժամանակ անգամ մի միկրոֆոն չես տեսնի սեղանին, բայց փոխարենը կտեսնես բանախոսի հուսահատ դեմքը, երբ նա նկատի սեղանը դատարկ`լի ձայնագրիչներով, բայց ոչ միկրոֆոնով: Ու երբ պատահաբար դուռը բացվի, եւ հեռուստատեսությունից մի լրագրող ուշացած ներս մտնի`ընդհատելով զրույցը, բանախոսի դեմքին մի լայն ժպիտ կհայտնվի, եւ ավելի եռանդուն, տեսախցիկին ժպտալով`օրվա հերոսը կշարունակի իր ճառը:
Հիշում եմ`մի օր էլ սոցիալապես անապահով ընտանիքներից մեկի մասին հերթական նյութս էի գրել, ու արձագանքել էին այդ հոդվածիս. մի բարերար էր հայտնվել եւ որոշել էր գումար տրամադրել, ցանկանում էր` այդ ընտանիքի ամիսներով անջատված հոսանքը միացնեին, էլեկտրացանցի աշխատողը հրաժարվել էր գալ, ու բարերարն ինձ էր զանգահարել:
Հեռախոսով ինձ ասաց. «Զանգի՛ր, ներկայացի՛ր, որ «Հ1»-ից ես, թող քեզ լուրջ ընդունեն, որ վախենան, գան միացնեն»: Կնոջը պատասխանում եմ. «Բայց Դուք ինքներդ իմ նյութը կարդացել եք «168 Ժամ» թերթում ու գիտեք, որ ես թերթի համար եմ աշխատում, ինչու՞ պետք է հեռուստատեսությունից ներկայանամ»: Մի խոսքով` հեռախոսս անջատեցի ու, «թերթի լրագրող» լինելով հանդերձ, կարգավորիցի հարցը:
Ինչպես նշեցի`լրագրողական կարծրատիպեր` ինչքա՜ն ուզես… Ահա եւ մյուս «ամենակարծրատիպը». եթե լրագրող ես, ուրեմն պետք է լինես միջին տարիքի, շատ հասարակ ու անշուք հագուստով մեկը, ու անպայման գլխիդ էլ պետք է մի երկու սպիտակ մազ ունենաս, որ քեզ որպես լուրջ լրագրող ընդունեն, այլապես….
Այլապես կհանդիպեք այն «սիրելի» դեմքի արտահայտությանը, որին ես ստիպված ամեն անգամ` առանց բացառությունների, հանդիպում եմ նյութեր պատրաստելիս: Եկեք պատկերացնենք, ուրեմն այսպես` ձեր կողքին քայլում է մոտ 12 տարեկան մի տղա ու ծխում է մեծահասակի նման: Պատկերացրի՞ք այդ սարսափելի տեսարանը, հիմա պատկերացրեք ձեր դեմքի արտահայտությունը, ահա եւ այդ նույն հայացքին հանդիպում եմ ես գրեթե ամեն օր:
Իսկապես, երբ երիտասարդ ես եւ նաեւ հագնվում ես «թինեյջերական» ոճով, ապա զրուցակիցդ այդ պահին քեզ շատ անլուրջ է վերաբերվում, նույնիսկ շատ հնարավոր է` մերժի եւ այդպես էլ քեզ հարցազրույց չտա: Մի՞թե երիտասարդների շրջանում չեն գտնվի բավականին խելացի ու փորձառու լրագրողներ, որոնք շատ ավելին կարող են անել, քան տարիքն առածները:
Երբեք չեմ մոռանա այն օրը, երբ ինձ «զայչիկ» անվանեցին. այո, այո, հենց ինքը` «նապաստակիկը»: Մի քանի օր էր` թերթում էի սկսել աշխատել, երբ ինձ մի նկարչուհու ցուցահանդեսի փակումը լուսաբանելու ուղարկեցին, գտա օրվա հերոսուհուն ու շատ լուրջ դեմքի արտահայտությամբ, վստահ արտասանեցի լրագրողական հայտնի տեքստը. «Բարեւ Ձեզ, ես «168 Ժամ» թերթի լրագրող եմ, հնարավո՞ր է Ձեզ հետ հարցազրույց անել»:
Խոսքս դեռ չէի ավարտել, երբ տեսա` ինչպես այդ կինը բարի հայացքով նայեց իր ընկերներից մեկին ու ասաց. «Հլը նայի` ինչ «զայչիկ» ա»: Չգիտեի` ծիծաղե՞լ նրանց հետ միասին, թե՞ վիրավորվել, որ ինձ շատ անլուրջ են վերաբերվում: Իհարկե, հետո արեցի իմ հարցազրույցները, օրեր հետո նաեւ հանդիպեցի այդ կնոջն իր տանը, երեք ժամից ավելի զրուցեցինք, վերջում էլ ինձ ասաց` թե ինչքան հասուն աղջնակ եմ, բայց այս ամենից հետո ես ամենավառը կհիշեմ միայն «զայչիկը»:
Երբ երիտասարդ ես, դա դեռ ոչինչ, բայց եթե դեռ ուսանող ես, ուրեմն անկասկած կարժանանաս այն վերոնշյալ ծխախոտով տղային զննելու հայացքին. իհարկե, այստեղ արդեն պատկերացնենք ոչ թե 12, այլ 8 տարեկան տղայի:
Անցած ամռանն իմ ամենալավ դասախոսներից մեկը` Սուրեն Դեհերյանը, որոշեց իր ուսանողներին տարբեր խմբագրություններ էքսկուրսիաների տանել (մենք դրան «ամառային ճամբար» էինք կոչում): Այդ օրերին այցելեցինք նաեւ «Կապույտ մզկիթ»` ֆոտոցուցահանդես դիտելու, մզկիթն ինձ շատ դուր եկավ, ու խմբագրիս առաջարկեցի մի մեծ նյութ պատրաստել դրա մասին: Մի քանի օր հետո եկա հարցազրույցս արեցի մզկիթի էքսկուրսավարի հետ եւ զրույցի վերջում պատահաբար նշեցի, որ օրեր առաջ այցելել էինք այդտեղ դասախոսիս հետ միասին:
«Ի՞նչ, դու դեռ ուսանո՞ղ ես». անմիջապես հետեւեց այս նախադասությունը, բայց սա դեռ սկիզբն էր. կինն արագորեն փոխեց դեմքի արտահայտությունն ու շատ լուրջ ձայնով ասաց. «Կտա՛ս թող ՄԵԾԵՐԻՑ մեկը մի հատ ստուգի, նոր կհրապարակեք այս նյութը, եղա՞վ»: Վերջում էլ ինձ կարգադրեց` 3 օրինակ թերթ տանեմ իր համար, երբ նյութը հրապարակվի (իսկ ես այդ ժամանակ բոլորին թերթ էի տանում նյութը հրակապարակվելուց հետո, իհարկե, այս կինը բացառություն եղավ):
Կարծրատիպեր, որոնք պատել են հասարակությանն ու խեղաթյուրել շատ երեւույթներ: Այսօր մարդիկ բողոքում են, որ լրագրողները սուտասան են ու անգրագետ, բայց չեն մտածում, որ առանց լրագրողի պետությունում չեն բարձրացվի այնպիսի լուրջ հարցեր, որոնք շատ պաշտոնյաներ փորձում են քողարկել: Իհարկե, առանց լրագրողների անգամ օրվա կարեւոր լուրերը չեն հեռարձակվի, ու մարդ տանը նստած չի հասկանա, որ մի քանի րոպեից հնարավոր է` դրսում երկրաշարժ լինի:
Լավ, ընդունեցինք` լրագրողները կարեւոր անձինք են հասարակության համար, ապա ո՞վ կբացատրի, թե ի՞նչ կարեւոր է լրագրողը «միկրոֆոնո՞վ լրագրող» է, թե՞ «ձայնագրիչով». ի՞նչ է` միկրոֆոնով ավելի՞ լուրջ հարցեր են բարձրացվում:
Կարծում եմ` լինել լրագրող նշանակում է մեծ պատասխանատվության զգացում ունենալ ու հասկանալ գործի լրջությունը, իսկ այս ամենի համար իսկապես չեմ հասկանում` ինչ կարեւոր է տարիքը կամ արտաքինը, փորձառու եւ անփորձ լինելը, եթե մարդ ցանկանում է որեւէ կարեւոր խնդիր լուծել հասարակության համար: Ի դեպ, կառաջարկեի նոր կարգախոս որոշել այս կապակցությամբ, ասենք, օրինակ, «լրագրությունը տարիք չի հարցնում»:
Իհարկե, կարծրատիպերը միայն լրագրողական աշխարհում չեն պատահում. չէ՞ որ կան շատ մարզիկներ, որոնք խելացի են ու մի քանի բուհ ավարտած: Մատուցողուհիներ կհանդիպենք, որոնք ավելի բարոյական կարող են լինել, քան սեղանի շուրջը նստած հաճախորդները, իսկ հայ պատգամավորների մեջ էլ մի երկուսը հաստատ կգտնվեն, որոնք տարատեսակ բիզնեսներ չեն ունենա ու մի փոքր էլ «ժողովրդի մասին կմտածեն»:
Ցավոք, սակայն, այսօր դեռ երիտասարդ, բայց խելացի ու փորձառու բժշկին էլ շատերը հիվանդի կյանքը չեն վստահի ու կնախընտրեն գնալ տարեց մի բժիշկի մոտ, որը վերջին տարիներին հազիվ իրեն է միայն կարողանում բուժել: Կարծում եմ` նման կարծրատիպերը հասարակության սրտից երբեք չես կարող հանել, պարզապես պետք է շատ ինքնավստահ լինել ու կարեւորություն չտալ նման երեւույթներին:
Ավարտեմ միտքս լավատեսական նոտայով` կարծատիպերը չեն փոխի աշխարհը, եթե ինքդ չուզենաս փոխել այն:
Ամալի Խաչատրյան
Ամալի Խաչատրյանի այս աշխատանքը գրավել է «Ես եմ մեդիան» ուսանողական մրցույթի 3-րդ տեղը:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: