Տպավորություն է, որ մենք շարունակում ենք ապրել գլոբալացող աշխարհում, որտեղ ավելի ու ավելի կարեւոր են դառնում տեղային՝ լոկալ հարցերը:
Մենք անընդհատ ստիպված ենք ինքներս մեզ տեղայնացնել այս մեծ աշխարհում եւ հաճախ դա անում ենք սոցիալական մեդիայի միջոցով: Նկատի ունեմ Ֆեյսբուքը, Թվիթերը եւ նման կայքերը:
Այդ ցանցային տեղայնացումը ես անվանում եմ «փուչիկացում»: Ցանցում միմյանց հետ շփվելով՝ մենք ամեն վայրկյան ստեղծում ենք փոքր փուչիկներ, որտեղ մեզ զգում ենք ապահով ու պաշտպանված: Եվ մեզ թվում է, թե մեր ստեղծած փուչիկը եւ կա աշխարհի իրական պատկերը: Անընդհատ մեկնաբանում, գրում, շփվում ենք ցանցում ու կարծում, որ հենց դա է կյանքը:
Այդպես մտածելով՝ մենք նեղացնում ենք մեր հեռանկարներն ու գնալով ավելի ու ավելի քիչ վստահում կյանքի կազմակերպման այլ ձեւերին:
Իսկ դա շատ վախենալի է, քանի որ առաջանում է պատրանք, թե շրջապատված ես միայն համախոհներով: Անգամ ձեռք ես բերում սովորություն, որ երբ որեւէ մեկի հետ համաձայն չես, հեշտ ու հանգիստ հեռացնում ես նրան ընկերներիդ ցուցակից ու թողնում միայն նրանց, որոնք համակարծիք են քեզ հետ: Իսկ դա շատ վտանգավոր է հատկապես երկարատեւ նախագծերի ստեղծման դեպքում:
Վավերագրական կինոն շատ լավ աղբյուր է տարբեր տեսակետների, կյանքի տարբեր դրսեւորումների մասին մտորելու համար: Շատ բարդ է վավերագրական ֆիլմերը տեղադրել մեկ փուչիկի մեջ: Ավելի ճիշտ՝ դրանք օգնում են դուրս գալ ապահով փուչիկ-պատրանքներից ու տեսնել իրական կյանքը:
5-10 տարի առաջ վավերագրական ֆիլմերը միշտ փառատոնների ու կինոթատրոնների անկյունում էին հայտնվում ու չէին առաջացնում մեծ հետաքրքրություն, բայց հիմա իրավիճակը փոխվել է: Շատ ռեժիսորներ եւ ֆիլմարտադրողներ տեսնում են, որ վավերագրական կինոն ունի մեծ ուժ: Եվ բացի այդ՝ դա էժան արտադրություն է (շնորհիվ թվանշայնացման):
Վավերագրական ֆիլմերը խաղարկային ֆիլմերից պակաս ազդեցիկ չեն, անգամ ավելի ազդեցիկ ու ազատ են: Հաշվի առեք, որ պրոդյուսերները սովորաբար այնպես չեն ճնշում վավերագրողներին, որքան գեղարվեստական ֆիլմերի հեղինակներին՝ ստիպելով բծախնդրորեն հետեւել նկարահանման գրաֆիկին ու հարմարվել լսարանի ցանկություններին:
Վավերագրական ֆիլմերը, որպես կանոն, արտացոլում են հանրային մտահոգությունները: Իսկ դրանք չեն կարող գոյություն ունենալ առանց քաղաքականության:
Ցանկացած թեմա քաղաքական է: Իհարկե, դա չի նշանակում, որ ֆիլմն անպայման պիտի հեղափոխական լինի, բայց միշտ պիտի կրի իրական կյանքի ազդակները:
Կարծում եմ՝ անգամ Փելեշյանի պոետիկ ու ամբողջական ֆիլմերում կարող ենք քաղաքական ուղերձներ գտնել: Բայց, իհարկե, դա ավելի վերացական ու փխրուն կերպով է արվում, քանի որ այն ժամանակ, երբ Փելեշյանը ստեղծում էր իր ֆիլմերը, չէր կարելի բաց եւ ուղղակիորեն ցուցադրել քաղաքական հայացքներ: Եվ նաեւ այդ պատճառով նա ստեղծեց իր սեփական պոետիկ կինոլեզուն:
Յուրաքանչյուր կինոլեզու միշտ հարաբերվում է այն ժամանակի հետ, որի ընթացքում ստեղծվում է: Կարծում եմ՝ հիմա հարկ չկա վախենալ հարցեր տալուց: Ֆիլմերը պետք է ուժ ունենան ուղիղ հարցեր ձեւակերպելու եւ օգտագործելու կինոլեզուն որպես հարցեր բարձրացնելու գործիք:
Իսկ այն ֆիլմերը, որոնք հավակնում են պատասխաններ առաջարկել, անձամբ իմ կարծիքով` վտանգ են ներկայացնում:
Տարօրինակ զգացում ունեմ, թե հիմա մեր կյանքից կորչում է ձգտումը, կիրքը կինոյի նկատմամբ: Դժվար է պատկերացնել, որ այսօր կարող ես մի քանի ֆիլմ գտնել ու ասել, որ անհամբեր (քաղցի զգացումով համակված) ուզում ես դիտել դրանք:
Եվ ոչ միայն կինոթատրոնում, ամենուրեք էլ այդպես է. մենք ամեն ինչը փորձում ենք հետաձգել, ասել` ոչինչ, վաղը կհասցնենք դիտել, կարդալ, հանդիպել: Կամ էլ՝ ավելի ուշ:
Բայց այդ «ավելի ուշը» երբեք չի գալիս: Եվ դա պարադոքս է:
Կարծում եմ՝ կինոյի դաշտում դա տեղի է ունենում նաեւ ֆիլմարտադրողների մեղքով, որոնք շատ մեծ ուշադրություն են դարձնում խաղարկային ֆիլմերի` մեդիայում լուսաբանմանն ու գովազդին, ինչի արդյունքում կորցնում են կապը իրականության հետ:
Ահա եւս մեկ տարբերություն ու առավելություն, որն ունեն վավերագրական ֆիլմերը: Դրանք այդ կապը երբեք չեն կորցնում:
Եվ հաճախ խոշոր կինոհամալիրներում կամ կինոթատրոններում ցուցադրվող վավերագրական ֆիլմերը կարող են ահռելի ներգործություն ունենալ ու հուզել հանդիսատեսին: Մանավանդ այն մարդուն, որն առաջին անգամ է դիտում վավերագրական ֆիլմը մեծ էկրանին ու տեսնում, թե որքան բազմազան է իրականությունը, եւ որքան է այն տարբերվում իր ստեղծած փոքր փուչիկից:
Մարեկ Հովորկա
վավերագրող
Յիհլավայի վավերագրական կինոյի միջազգային փառատոնի տնօրեն
Չեխիա
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: