2015.07.17,

vox populi

Սյունե Սեւադա. «Ես եմ մեդիան»

«Ժուռնալիստիկան կյանքի հայելին է»,- հաշվել, թե թվով որերորդ սերնդի համար է այս նախադասությունը կրկնում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Գագիկ Հովհաննիսյանը, թերեւս, անհնար է:

Մտավախություն ունեմ, որ երեխաներս էլ համալսարան ոտք դնելուն պես կբախվեն այս նախադասությանն ու տետրահամակարգչային իմ կոնսպեկտները նույնպես ոչնչով չեն տարբերվի իրենց նշումներից. ստուգել եմ՝ իմ ու մորս նշումները համարյա համապատասխանում են իրար:

Միայն թե նա տետրի վերջում ծաղիկներ էր նկարում, ես՝ շրջանակներ:

Ձեւակերպումը նույնն է, Գագիկ Հովհաննիսյանն անփոխարինելի է, բայց պատկերացումն է ուրիշ: Ու ես պատկերացնում եմ մեր բոլոր հայտնի լրատվադեմքերին հայելապատ արեւային ակնոցով, որոնց վրա ես ածուխով գրում եմ «կյանք»: Թե կան դասեր, կա նաեւ…երեւակայությանը զոռ տալու սեր: Հովհաննես Թումանյան, մեր օրեր, Չարենցի լսարանի թիվ տասնյոթ շարք՝ արտագրությունների համար լավագույն ընտրություն:

Ցավոք, չեմ կարող ենթատեքստով գլուխ գովել ու աթոռին կանգնած պաթետիկ առոգանությամբ հայտարարել, թե ծնվել եմ, որ ժուռնալիստ լինեմ: Չեմ կարող ստել, թե ծնվելուցս տասնչորս րոպե անց ես հետաքրքրվել եմ՝ ինչ տնտեսական իրավիճակ է տիրում աշխարհում, ինչքան է կազմում մեր պետական բյուջեն:

Երեք տարեկանում ինձ ամենեւին չէին հետաքրքրում մեր քաղաքական խաղերը: Մեր մեջ ասած, իմ մանկական խաղերը շատ ավելի իմաստալից ու պատճառաբանված էին: Հրապարակավ հայտարարում եմ՝ չկա ավելի քաղաքական խաղ, քան «գործնագործը». սկզբից դու ես գնդակով խփում, հետո քեզ են գնդակոծում, եթե բավարար ճարպիկ չես:

Եթե կարողանում ես համառել ու ստելով համոզել, թե գնդակը կողքովդ է անցել ու ուսիդ չի դիպչել, շնորհավորում եմ, «օյինի մեջ ես», եւ այդպես եւս հինգ տա…էհ, ինչ եմ խոսում, եւս հինգ րոպե: Ու հիմա էլ, երբ ես ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող եմ, չեմ կարող գերազանցիկությամբ հպարտանալ:

Ճիշտն ասած՝ դասախոսությունների ընթացքում գեղարվեստական կամ մասնագիտական նորագույն գրականություն եմ կարդում ու մտածում՝ ինչ գույն կարելի է ներկել հերթական պատմվածքիս հերոսի հոնքերը: Համալսարանը վատը չէ, ես էլ՝ հետը: Ուղղակի «խմբակային» կրթություն չեմ սիրում, ներող եղեք: Լրագրության համար՝ հատկապես:

Լրատվադեմքերի ակնոցներին ածուխով գրելուն ու համալսարանում գիրք կարդալուն վերջ եկավ այն օրը, երբ աշխատանքի ընդունվեցի ու սկսեցի տառապել բոլորիս սիրելի հարցով՝ մի քիչ նման հավերժ տանտիկիններին. «Ի՞նչ եփել/գրել այսօր»:

Բոլոր սկսնակների սիրած «գժանոց-անտուն շներ-բանտ» թեմատիկ եռամիասնությունից ուզում էի հեռու մնալ: Պետք էր գրել այն, ինչ ես իրոք ուզում եմ: Զինվեցի ձայնագրիչով, նոթատետր-գրիչով, արթնացրի մեջիս ննջող ժուռնալիստին ու, մինչ քնաթաթախ կտրորեր աչքերը, ձեռքից բռնած դուրս եկա փողոց՝ թեմա փնտրելու: Ու ես տեսա այն, ինչ երբեւէ չէի տեսել:

Սոցիալական խնդիրների մասին լավագույնս պատմում են ոչ թե սոցիոլոգիական հաշվարկները, այլ մարդկանց կոշիկները: Ուզում ես հասկանալ՝ ինչպես են ապրում մարդիկ, ավտոբուսում հայացքդ ներքեւ ուղղիր: Հենց այնտեղ են կենտրոնացած մեր սոցիումի կրողները: Կոշիկները տնտեսության դեմքն են: Ես հասկացա, որ հետագայում ուզում եմ տնտեսական լրագրող լինել, չոր ու ցամաք թվերի արդյունքներն իբրեւ աքսեսուար համադրել հագուստի հետ ու միգուցե ստացվի մարդկանց կոշիկներն ավելի նորը դարձնել:

Ավտոբուսից իջնելուց հետո ինձ համար մշակութային ժամ եմ հայտարարում: Ու պարզում եմ, որ մշակույթը բարձր ամբիոններից մատուցված աղաղակող գլամուրը չէ, այլ կույր երաժիշտն է՝ մետրոյի գետնանցումում: Կամ երիտասարդներն են, որոնք Հյուսիսային պողոտայում պարում են հայտնի կիթառահարի հնչյունների տակ:

Մուտքս մոտակա սուպերմարկետ մտովի վերնագրում եմ «Վերք բյուջեի». ում համար՝ վերք, ում համար՝ բերք: Ինձ համար էլ՝ մեդիա սնունդ:

Ինձնից առաջ իր պես պարարտ գրպանով՝ դրամարկղին մոտեցած տղամարդու տոպրակաշատ սայլակը շտապում են մոտեցնել իր ամենագնացին, մինչդեռ մտքերիս ծանր տոպրակները ես ինքնուրույն եմ դուրս հանում խանութից ու սկսում դասավորել մեդիա դարակներում. թոշակառու տատիկը էժանագին թխվածքաբլիթ գնեց՝ հարյուր գրամ:

Երիտասարդ զույգն իրեն ճոխություններ թույլ տվեց աշխատավարձի առթիվ: Ամեն մեկը՝ մի խավ, ամեն մեկը՝ մի հոդվածի ճրագ: Համակարգչին հասնեմ՝ ամփոփեմ:

Փողոցում զրուցեցի մի քանի մարդկանց հետ ու հասկացա, որ նրանցից ամեն մեկը յուրօրինակ հետաքրքիր է, ինչպե՞ս են կուրսընկերներս ու լրագրող ընկերներս պնդում, թե գրելու բան չկա: Տեսադաշտս լայնացավ, ու հիմա ես պատրաստ էի ածուխը ձեռքիս բացարձակապես ամեն մարդու, իրի, բնության կտոր հայելի համարել:

Առատ նշումներով, թեմաներով վերադարձա տուն: Ես հասցրի սիրել ինձ իմ մասնագիտության մեջ: Ներսիս լրագրողն այդպես էլ մինչ օրս չքնեց. տեսածը շատ էր, շտապում էր օր առաջ ներկայացնել ընթերցողին:

Նայեցի հայելու մեջ: Տեսա գզգզված մազերս, փոշոտ կեդերս, հոգնած աչքերս ու հասկացա, որ ես էլ եմ գրելու նյութ: Եթե ինձ հենց հիմա «չըխկացնեն», կլինեմ լուսանկար: Եթե տեսախցիկի առաջ բլբլացնեն՝ կլինեմ ռեպորտաժ, հարցերին գրավոր պատասխանեմ՝ ամսագրային հարցազրույց:

Ածուխը վերցրի ու, հիշելով դասախոսիս հայտնի խոսքը, ճակատիս «կյանք» գրեցի: Որովհետեւ համոզվեցի՝ ես եմ մեդիան, որովհետեւ կրողն ու փոխանցողն եմ միաժամանակ:

Սյունե Սեւադա
Երեւանի պետական համալսարանի
ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող

Սյունե Սեւադայի այս աշխատանքը գրավել է «Ես եմ մեդիան» ուսանողական մրցույթի 1-ին տեղը: 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *