2015թ.-ի ապրիլի 1-2-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը մարզային լրագրողներին հրավիրում է երկօրյա աշխատանքային հանդիպման՝ քննարկելու «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում համագործակցության հնարավորությունները:
Հանդիպմանը կարող են մասնակցել մասնագիտական փորձ ունեցող լրագրողներ, ովքեր հետաքրքրված են թափանցիկության, հաշվետվողականության, ապակենտրոնացման եւ սոցիալական ոլորտին առնչվող թեմաների լուսաբանմամբ:
Հանդիպումը նպատակ ունի կազմավորել մարզային լրագրողների ցանց, որի մասնակիցներն ակտիվորեն ներգրավված կլինեն Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործունեության մեջ, այն է՝ մասնագիտական ուսուցում, քննարկումներ, մեդիա շրջայցեր, համատեղ լրագրողական նախագծեր։
Մասնակիցներն ընտրվելու են մրցութային կարգով: Առաջնահերթությունը տրվելու է այն մարզային լրագրողներին, որոնք ունեն առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ եւ հրապարակված հեղինակային նյութեր։ Խմբում ընդգրկվելու համար անհրաժեշտ է մինչեւ 2015թ.-ի մարտի 27-ը [email protected] էլ. հասցեին ուղարկել համառոտ ինքնակենսագրական (CV), հրապարակված 3 նյութի հղում եւ նամակ-հիմնավորում՝ ծրագրի հետ համագործակցությունից ակնկալիքների մասին:
Հանդիպման վայրի մասին մասնակիցները կտեղեկացվեն լրացուցիչ։ Այլ մանրամասների համար կարող եք զանգահարել Մեդիա նախաձեռնությունների կենտրոն՝ Նարինե Սաֆարյանին (Հեռ.՝ 010 583620, 055895700):
«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների մասին անկախ եւ վստահելի տեղեկատվական աղբյուրները:
Որակյալ լրագրության եւ մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ որպես քաղաքացիների մասնակցության եւ ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ:
Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը եւ Ինտերնյուսը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: