«Այստեղ՝ բանտում, ժամանակն այնքան դանդաղ է անցնում։ Իմ ժպիտի տակ ծանր սիրտ է թաքնված։ Մարդիկ միշտ մտածել են, թե ես երջանիկ եմ, բայց իրականում այդպես չէ»։
Գրել է ցմահ դատապարտված Նանի Դոսը, ում լուսանկարներն ամերիկյան թերթերի առաջին էջերում էին 1954 թվականին։ Այս տիկինը ապահովագրական գումարներ ստանալու համար 30 տարիների ընթացքում սպանել էր 11 մարդու՝ իր 4 ամուսիններին, 2 երեխաներին, 2 քույրերին, մորը, թոռնիկին եւ սկեսրոջը։
Թերթերը տպագրում էին նրա ժպտացող լուսանկարները, դրա համար էլ հասարակությունը շատ արագ Նանիին կնքեց «Սրտերի թագուհի» եւ «ժպտերես տատիկ» անուններով՝ ակամա հրապուրվելով նրա լուսանկարներով։
«փոքրիկ, զվարթ»
Ամերիկյան լրատվամիջոցներում ծանր հանցագործության համար կասկածվողների լուսանկարների հրապարակումից հետո քննությանը զուգահեռ հասարակությունը սկսում է քննարկել, թե ինչպես կարող էին «Փոքրիկ պճնամոլ Լիզին» կամ էլ «Զվարթ Սյուզանը» խեղդել երեխաներին, մեն-մենակ սպանել չորս տղամարդու, կրակ բացել տարրական դպրոցում եւ այլն։
Խմբագրությունները, առաջ ընկնելով հետաքննության պաշտոնական նյութերի հրապարակումից, ձեռք են բերում «իրենց» լուսանկարները եւ տեղեկությունները, որոնք արագ տարածվում են՝ հատկապես սոցիալական ցանցերում։ Հաճախ լուսանկարները հարուցում են համակրանք, խղճահարություն եւ, ավելի վատ, «պատիվ են բերում» կասկածյալին կամ հանցագործին։
Ամենավառ օրինակներից մեկը 2013 թվականի բոստոնյան մարաթոնի «մասնակից» Ջոխար Ցարնաեւի դեպքն է։ Ջոխարը կասկածվում է պայթյուններ իրականացնելու, 5 մարդ սպանելու համար։
Ողբերգությունից ընդամենը 3 ամիս անց հանրահայտ «Ռոլինգ Սթոնս» ամսագրի շապիկին հայտնվեց Ջոխարի մեծադիր լուսանկարը՝ խմբագրության մեկնաբանությամբ․ «Ջոխարը երիտասարդ է, մեր շատ ընթերցողների տարիքին, եւ շատ կարեւոր է հասկանալ այս հարցի բարդություններն ու ամբողջական գաղափար կազմել, թե ինչպես են նման կարգի ողբերգությունները տեղի ունենում»։
Իհարկե, խմբագրության այս քայլը միանշանակ չընդունվեց․ խոշոր առեւտրական ցանցերը՝ «Ուոլմարթ»-ը, «Ուոլգրինս»-ը, «ՍԻ ՎԻ ԷՍ»-ը հրաժարվեցին տարածել ամսագիրը։ Լրագրողներն ու փորձագետները քննադատեցին այն, զոհերի հարազատները հանդես եկան պատասխան հայտարարություններով։
Այնուամենայնիվ, այդ համարը 102 տոկոս վաճառքի ռեկորդ սահմանեց՝ հավասարվելով պատանեկան «սրտակեր» Ջասթին Բիբերի լուսանկարով նույն ամսագրի վաճառքի ծավալներին։ Սա այն դեպքում, երբ Ցարնաեւի դատավարությունը դեռ չի մեկնարկել եւ շատ զգայուն թեմա է ԱՄՆ-ում։ Այստեղ նույնիսկ Ցարնաեւի նկարներով շապիկներ կան, եւ մարդիկ՝ ովքեր հանգիստ կրում են դրանք։
«Ատլանտիկը» (The Atlantic) գրում է, որ այսպիսի քայլերը ծնում են ոգեւորված նմանակներ (copycats)։ Թերթն օրինակ է բերում Սենդի Հուք դպրոցի ողբերգությունը, երբ 20 երեխա եւ 6 չափահաս էին սպանվել։ Լրագրողը կապ է տեսնում սպանության մանրամասների հրապարակման եւ դրան հաջորդած այլ համանման դեպքերի միջեւ։ Մասնավորապես, որոշ լրատվամիջոցներ ներկայացրել էին սպանության զինատեսակները, դրանց տրամաչափերն ու առանձնահատկությունները։
Հետագայում այդպիսի զենքերով զանգվածային մի քանի այլ սպանություններ կատարվեցին երիտասարդների կողմից։ «Դենվեր Փոսթում» մեդիա փորձագետ Թերեզա Թոմեոն նշում է, որ ամերիկացիները մինչեւ 18 տարեկան դառնալը, լրատվամիջոցներից տեղեկանում են ավելի քան 16.000 սպանությունների մասին։ Մարդասպաններին համակրողներ, նրանց կրկնողներ միշտ գտնվում են, ընդ որում՝ հրապարակայնորեն արտահայտելով իրենց տեսակետը սոցիալական ցանցերում։
«խղճուկ, ծեծված, անմեղսունակ»
Զոհերի լուսանկարները, սպանության «տեխնիկան», վարկածներն ու մեկնաբանությունները ստեղծում են մի միջավայր, որը հաճախ խեղաթյուրում է իրականությունը եւ կարող է նույնիսկ վնասել արդարադատությանը։ Հատկապես այն դեպքում, երբ այդ ամենը նպատակային է արվում։
Գյումրիի սպանդի մեղադրանքը խոստովանած Պերմյակովի դրդապատճառների եւ հնարավորությունների քննարկման «ցանցն» անցած օրերին ընկան որոշ առցանց լրատվամիջոցներ։ Նրանք արտատպեցին անհայտ կամ կասկածելի ծագում ունեցող կայքերի «վարկածներն» ու «համոզմունքները»՝ «ծեծված», «ժպտացող», «խղճուկ», «անմեղսունակ» Պերմյակովի մասին։
Հատկանշական է, որ Ավետիսյանների հուղարկավորության փաստացի սգո օրերին Հայաստանում վերահեռարձակվող ռուսական Առաջին ալիքը ցուցադրում էր ազգությամբ հայ, ԽՍՀՄ քաղաքացի Վալերի Հասրաթյանի մասին պատմող ֆիլմը։ «Ռեժիսոր» մականունն ստացած Հասրաթյանը 1988-90 թվականներին սպանել էր 3 կանանց եւ մահապատժի դատապարտվել ԽՍՀՄ դատարանի կողմից (հետագայում պատիժը փոխարինվեց ցմահ բանտարկությամբ)։
Ռուս եւ սովետական սերիական մարդասպանների երկար ցանկից ընտրվել էր հենց հայազգի «ռեժիսորը» եւ ոչ թե առավել հայտնի մարդասպաններ «ռոստովցի մսագործը», «մոսկովյան գայլը» կամ էլ «Իրկուտսկի հրեշը»։
Նախաքննության հատուկենտ «արտահոսքերը», դրա խճճված հանգամանքները, պաշտոնական հաճախ իրարամերժ հայտարարությունները, պետական մարմինների չարդարացված լռությունը կարողացան հայկական լրատվական դաշտում ձեւավորել Գյումրիի սպանդի նոր լրատվական «բալաստը»՝ կրկնել այն ինչ կա եւ մի փոքր, շատ փոքր ավելացնել չիմացածը, չստուգվածը, չճշտվածը, որոնք ավանդաբար սկսվում են «մեր ունեցած տեղեկություններով» արտահայտությամբ։
Արմեն Սարգսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: