Հոկտեմբերի 31-ին` ժամը 14:00-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է «Լրադադար» ակումբ քննարկման: Խոսելու ենք այն մասին, թե ինչպես կփոխվի հայաստանյան հեռուստադաշտը 2015թ-ի հուլիսից հետո, երբ անցնենք թվային հեռարձակման։
- Որքանո՞վ են պատրաստ հայաստանյան հեռուստաընկերությունները թվային հեռարձակման:
- Ի՞նչ են արդեն փոխել նրանք իրենց աշխատանքում, ի՞նչ ներդրումներ են կատարել և ի՞նչ են ձեռնարկել իրենց լսարանին նախապատրաստելու համար:
- Ի՞նչ է սպասվում թվային հեռարձակման արտոնագիր չստացած մարզային հեռուստաընկերություններին:
Այս հարցի շուրջ մտահոգությունները վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ են բարձրաձայնվում։ Օրենքով նախատեսված ժամկետին մնացել է կես տարուց մի փոքր ավելի ժամանակ, բայց հիմնական խնդիրները, որոնք դժվարացնում են Հայաստանում թվայնացման ընթացքն ու հետևանքները, դեռ լուծում չեն ստացել։
Լրադադարի այս քննարկումը թվային հեռարձակման անցնելու մոտալուտ հեռանկարի, առկա դժվարությունների ու հնարավոր լուծումների մասին է:
Այն կտևի 2 ժամ և բաց է թեմայով հետաքրքրված մարդկանց համար։ Քննարկումը լուսաբանելու համար անհրաժեշտ է ստանալ ներկաների համաձայնությունը (Որոշումը կայացվում է տեղում՝ քվեարկությամբ):
Սպասում ենք բոլորիդ հոկտեմբերի 31-ին, ժամը՝ 14։00-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում: Հասցեն՝ Արշակունյաց 3, վերջին հարկ:
Այլ մանրամասների համար կարող եք զանգահարել Նարինե Սաֆարյանին, հեռ՝ 010 58 36 20; 055 89 57 00, էլ. փոստ՝ [email protected]:
Լրադադար ակումբը մասնագիտական քննարկումների ոչ պաշտոնական ձևաչափ է՝ լրագրողների, մեդիա դաշտում աշխատող մարդկանց համար: Ակումբում քննարկումներ են ծավալվում տարբեր թեմաների շուրջ՝ մեդիայում ընթացող զարգացումներ, ստեղծվող բովանդակություն, գործող հարաբերություններ, հասունացող հակասություններ…
Քննարկումների մասնակիցները ոլորտի մարդիկ են՝ լրագրողներ, խմբագիրներ, կառավարիչներ, քննադատներ, վերլուծողներ: Լինելով քննարկումներից մեկին՝ նրանք այնուհետև հրավեր են ստանում մասնակցելու նաև հետագա «Լրադադար»-ներին: Այսպիսով՝ հանդիպումից հանդիպում ակումբը համալրվում է նոր անդամներով:
Լրադադար ակումբի քննարկումները կազմակերպվում են «Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամի» աջակցությամբ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: