2014.06.30,

Քննադատ

Վավերագրական կինո. ոչ թե շուկայական պահանջարկ, այլ պահանջ շուկային

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Վավերագրական կինոն ցուցադրությունների է արժանանում հիմնականում փառատոնների կամ հատուկ թեմատիկ քննարկումների շրջանակում: Ողջ աշխարհում էլ այն հազվադեպ է հայտնվում մեծ էկրանին եւ հեռուստացույցում: Վավերագրական ֆիլմերը դրամարկղային չեն կինոթատրոնների համար եւ գրեթե գովազդային հոսքեր չեն բերում հեռուստատեսություն: Իսկ շատ հայաստանյան ալիքներ անգամ կարող են մերժել մեծ փառատոններում մրցանակներ շահած ֆիլմերի ցուցադրությունը` պատճառաբանելով, որ դա ֆորմատից դուրս է:

Ֆորմատն այն խաբուսիկ տերմինն է, որը ներխուժել է կինո ու խաղի կանոններ է թելադրում: Ֆորմատը կարծես դարձել է պարզունակության հոմանիշը:

Մեր հեռուստատեսությունն, օրինակ, ավելի շատ հակված է վավերագրությունը փոխարինել պրոպագանդայով`գեղեցիկ, երջանիկ, ապահով իրականություն ցույց տալով մեզ: Հաճախ նման տուրիստական-օսլայված ֆորմատով էլ վավերագրական ֆիլմեր են պատրաստվում, ինչի արդյունքում ֆորմատավորվում է նաեւ լսարանը: Պարզ աշխարհի պրոյեկցիան պարզ մարդ է ձեւավորում, իսկ բարդ աշխարհի պրոեկցիան` բարդությունների պատրաստ լսարան:

Շատ երկներ զգում են այդ վտանգն ու փորձում նեղ սպառողական շրջանակները ընդլայնել կինոյի (եւ ընդհանրապես արվեստի) միջոցով:

Ժամանակակից աշխարհն իր բաց սահմաններով ու արագ տեղաշարժերով ճանաչելի է դառնում առաջին հերթին վիզուալ արվեստով եւ վավերագրական կինոյով: Անգամ խաղարկային կինոն է փորձում վավերագրական ձեւանալ` քրոնիկոնի նշաններ ստանալով:

Չբեմադրված իրականության վրա հիմնված ֆիլմերը սովորաբար ֆինանսավորվում, նկարահանվում ու ցուցադրվում են այն երկրներում, որոնք այն արտադրելու ու ցուցադրելու կամային որոշում են ընդունում: Դա ոչ թե շուկայի պահանջն է, այլ պահանջն է շուկային, որը ձեւավորելու համար նախ վճիռ է պետք կայացնել, իսկ հեո`աշխատանք կատարել:

Ուսումնասիրելով, օրինակ, այս տարվա «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի ընտրական ցանկը, կարելի է նկատել, որ ֆիլմերի մեծամասնությունն արտադրում են մի քանի եվրոպական երկներ (առաջին հերթին Շվեյցարիան ու Ֆրանսիան): Եվ հետաքրքիր է, որ ֆիլմերից շատերը բնավ էլ շվեյցարական կամ ֆրանսիական իրականության հետ որեւէ կապ չունեն: Դրանք կարող են պատմել չինական, ռուսական կամ Երկրագնդի այլ` թեկուզ շատ փոքր հատվածում, տեղի ունեցող շարժերի մասին: Բայց կարեւորն այն է, որ այդ երկները վավերագրական ֆիլմերի պատվեր են անում` իրենց հանդիսատեսին ցուցադրելու համար: Այսինքն` աշխարհն են բերում իրենց երկիր: Գումար են ծախսում, բերում են, պարտադրում ցուցադրելու, որպեսզի իրենց ներսում հանդիսատեսը քառակուսի իրականությունից ավելին տեսնի ու ամեն անգամ, երբ շփվի անծանոթ իրականության հետ, ներքին պաշար ունենա այն մեկնաբանելու:

Այն երկները, որոնք վճռել են «բացել» իրենց աշխարհի առջեւ, միշտ շահելու են: Իսկ Հայաստանի համար դա առավել արդիական է, քանի որ արտագաղթի մեծ ծավալներ ու անընդհատ համալրվող սփյուռք ունեցող մեր հանրապետությունը հաճախ մեծ աշխարհ է ուղարկում նորանոր սերունդներ` առանց բավարար ինֆորմացիոն ու էմոցիանալ պատրաստության:

Երբ հեռուստատեսությամբ կամ կինոթատրոններում շատանանում են այն վավերագրական ֆիլմերը, որոնք ոչ թե հրաշալի մարդկանց հրաշալի գործերի վեհ պատմություններն են, այլ իրական, մտահոգ, հուզական ու ցավոտ հարցերին անդրադարձեր,  լսարանն ավելի պաշտպանված է դառնում: Մանավանդ, պատանի լսարանը:

Եվ եթե ստացվել է այնպես, որ Հայաստանը համաշխարհային շուկայում աշխատուժ մատակարարող է դարձել, այդ ուժը առնվազն կարելի է պաշտպանել անտեղյակության տրավմաներից ու զարմանքով անծանոթը մերժելուց:

Արվեստը միշտ խոշորացնում է խնդիրը, իսկ վավերագրական կինոն խոշորացնում է նաեւ դիտողին:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *