Արվեստի որոշակի տեսակներ հանգեցին այն եզրակացության, որ ինֆորմացիան նույնպես կարող է լինել արվեստ:
Տեղեկատվական հասարակության դարաշրջանում (որտեղ մենք ենք ապրում) արվեստ է ոչ թե ինֆորմացիան, այլ դրա ստեղծումն ու փոխանակումը: Իսկ երբ ի հայտ է գալիս ինֆորմացիայի արտադրության պրոցեսը, ի հայտ են գալիս նաեւ արտադրողները, հեղինակները եւ սպառողները:
Երբ սպառողը օգտվում է առավել տարածված ու գործող տեղեկատվական միջոցներից (օրինակ սոցիալական ցանցերից), նա դադարում է սովորական լինել կամ էլ` բոլորն են սովորական դառնում:
Սա այն պահն է, երբ ցանցում դու ոչ միայն արվեստասեր ես, այլեւ արվեստագետ: Ոչ միայն ընթերցող ես, այլեւ գրող: Այսինքն` օգտատերի ու արտադրողի սահմանները վերանում են:
Նույնիսկ նրանք, ովքեր մտածում են, որ ընդամենը սպառող են, նույնպես արտադրող են դառնում, քանի որ մտածելու գործողությունը իրականացնելիս` նրանք տեղեկատվական հասարակության փոխանակման մասնակիցն են դառնում: Այս պրոցեսն իր մեջ ե՛ւ ֆորմայի, ե՛ւ տեղեկույթի գաղափար է պարունակում:
Եվ բոլորովին նշանակություն չունի թե այն մասնակցությունը ինչպիսին է` ինտերակտի՞վ թե՞ ինտերպասիվ: Տեղեկատվական միջավայրոով անցնելով, նրանք դրա մասն են դառնում, միջավայրն (այդ թվում արվեստի) իրենց մեջ ինստալյացիա է արվում:
Ինֆորմացիայի հետ գործ ունեցողը ինքն էլ է գործիք (գիտակից կամ անգիտակից): Գիտակից գործիքը պրովոկատորն է, իսկ անգիտակից գործիքը` ինֆորմացիայի զուտ տրանսպորտյորը:
Արվեստի խնդիրը բացահայտելն է: Արվեստագետը ներկայացնելով` բացահայտում է, zoom է անում խնդիրը, բյուրեղացնում է եւ դարձնում տեսանելի: Հիմա եթե բոլորը արվեստագետ են, դա դեռ չի նշանակում, որ լավ կամ վատ արվեստագետներ չկան: Իսկ այն պայմաններում, երբ բոլորը արվեստագետ են, լավը նրանք են, որոնք խնդիր տեսնելով` այն տեսանելի են դարձնում:
Համընդհանուր տեսողության մեջ (երբ ամեն ինչը վիզուալ է) լավ արվեստագետները տեսանելի են դարձնում անտեսանելի բաները, որոնք երբեմն ընդհանրապես պատկերի հետ կապ չեն ունենում: Օրինակ, կարող են կապ ունենալ շարժումների հետ` քաղաքական, ազգային, գիտական:
Այսինքն խոշորացվում է այն խնդիրը, որն այսօր դիցուք խանգարում է հասարակությանը զարգանալ` քաղաքակրթկան իմաստով:
Եվ այս միջավայրում կարեւոր է դառնում ինֆորմացիայի պահեստավորումը, դասակարգումը, գնահատումը: Իսկ գնահատումը պատահականորեն արված լինել չի կարող: Դա նաեւ կամային գործողություն է:
Նազարեթ Կարոյան
արվեստաբան
Ժամանակակից արվեստի ինստիտուտի (ICA) տնօրեն
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: