Վիճակագրական տվյալները, բարդ, ծավալուն թվերն ու տոկոսներն առաջին հայացքից դժվար է պատկերացնել արվեստի որևէ ստեղծագործության հետ զուգակցված։ Ավելի դժվար է հավատալ, որ հանրային կարծիքի ուսումնասիրման ծավալուն հետազոտությունը կարելի է ներկայացնել բոլորին հասկանալի ու հասանելի լեզվով։
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը, (CRRC) նախաձեռնելով «Անցումներ» տվյալների ցուցահանդեսը, փորձել էր իր՝ «Կովկասյան բարոմետր» հետազոտության տվյալների ու ժամանակակից արվեստի միջև կամուրջ ստեղծել։ Եվ օգնել մարդկանց այդ կամրջի միջոցով ծանոթանալ տվյալների վրա հիմնված իրականությանը։
CRRC հետազոտությունների գծով փոխտնօրեն, «Անցումներ» ծրագրի ղեկավար Հայկ Սմբատյանի կարծիքով հետազոտողները հաճախ են մոռանում, որ տվյալները ոչ միայն հանրության մասին են, այլ նաև հանրության համար են։
Հայաստանում տվյալների ցուցահանդես առաջին անգամ էր կազմակերպվում։ Ինչպե՞ս որոշեցիք ու ինչո՞ւ այն կոչվեց «Անցումներ»։
2024 թվականին իրականացված «Կովկասյան բարոմետր» հետազոտության տվյալների ուսումնասիրման և նախնական վերլուծության ժամանակ նկատեցինք, որ մեր հասարակությունը շատ տարբեր թեմաների ու հարցերի վերաբերյալ կարծիք արտահայտելիս ինչ-որ անցումային փուլերում է գտնվում։ Նախորդ տարիներին կատարված հետազոտության տվյալների հետ համեմատելով՝ տեսնում էինք, որ տարբեր սոցիալ-քաղաքական կամ տնտեսական հարցադրումների պարագայում հասարակության ծայրահեղական դիրքորոշումները փոխարինվել էին ավելի չեզոք կամ ավելի միջանկյալ մոտոցումներով։ Որոշ դեպքերում սա կարող է խոսել մերժման կամ ինչ-որ առումով ընտրության բացակայության մասին․ մեկնաբանության խնդիր է։ Կարող ենք այս պատկերը մեկնաբանել նաև վերաիմաստավորումների դաշտում։
Վերջին տարիներին այնքան տարբեր իրադարձություններ են եղել, որ երևի ինչ-որ առումով նաև զարմանալի էլ չէ, որ մեր հասարակությունը դժվարանում է կողմնորոշվել արժեքային, քաղաքական, նույնիսկ այլ մարդկանց հետ հարաբերություններին վերաբերող հարցերում։

«Անցումներ» ցուցահանդեսի ստեղծագործական թիմը։ Լուսանկարը՝ CRRC-ի ֆեյսբուքյան էջից։
Մենք որոշեցինք տվյալներից ստացված այս պատկերը ստանդարտ հետազոտական գծապակերներով ներկայացնելուց բացի, ավելի պատկերավոր ու հանրամատչելի եղանակով ցույց տալ հասարակության ավելի լայն խմբերին։
Վիճակագրական տվյալները միահյուսեցինք ժամանակակից արվեստին ու իրականացրեցինք «Անցումներ» տվյալների ցուցահանդեսը։
Դժվար է պատկերացնել թվերը, տոկոսները, բարդ գծապատկերներն ու արվեստը միասին մեկ տեղում։ Ինպե՞ս եք կարողացել համադրել ու համատեղել առաջին հայացքից անհամադրելին ու անհամատեղելին։
Ե՛վ հետազոտական տվյալները, և՛ արվեստի գործերը բավականին բազմաժանր ներկայացվածություն ունեին մեր ցուցահանդեսի շրջանակներում։ Հետազոտական տվյալները հիմնականում ներկայացված էին ինֆոգրաֆիկաների և՛ անիմացիոն վիզուալների տեսքով։ Այս անիմացիաներն արդեն ինչ-որ առումով նարատիվ էին իրենցից ներկայացնում, այսինքն պատմություն էին պատմում և ընդգծում էին արդեն տվյալներից ծաղկաքաղ արված, աչքի զարնող, յուրահատուկ տվյալներ։

«Անցումներ» ցուցահանդես։ Լուսանկարը՝ CRRC-ի ֆեյսբուքյան էջից։
Արվեստի ստեղծագործությունները՝ օրինակ լուսանկարները, քանդակները, ձայնային և տեսողական ինստալյացիաները գալիս էին լրացնելու, շարունակելու այն խոսակցությունը, որի մասին բարձրաձայնում էին տվյալները։
Ցուցահանդեսը բաժանված էր 7 թեմատիկ անկյունների, որոնք ևս բխել էին հենց տվյալներից։ Այսինքն՝ տվյալներն էին հուշել, թե ո՞ր թեմաներն են, որ ամենաշատն են հասարակության ուշադրության կենտրոնում։ Օրինակ ունեինք անավարտ կոնֆլիկտ թեմատիկ անկյունը, որտեղ քննարկվում էր շչակներով ապրելուց մինչև այս պահով ապրելու խնդիրը։ Սա այն մոտեցումն է, որ մարդկանց շրջանում զգոնությունը շարունակվում է, պլանավորումը՝ կրճատվում։ Ունեինք հարևաններ և սահմաններ թեմտիկ անկյունը։ Ինչպես գիտեք վերջերս բավականին ակտիվ հանրային խոսույթ սկսվեց և քննարկումներ ու դեբատներ եղան կրոն պետություն ու եկեղեցի պետություն հարաբերությունների համատեքստում և հավատքի թեմային վերաբերող անկյուն ևս մեզ մոտ կար։
Թեմատիկ անկյունների շրջանակներում մենք համադրել էինք Կովկասյան բարոմետրի տվյալները և տվյալ թեման շարունակող փորձարարական և ժամանակակից արվեստի նմուշները։ Օրինակ, անավարտ կոնֆլիկտի թեմատիկ անկյունում մենք ունեինք լուսանկարների շարք, որտեղ հեղինակը ներկայացրել էր լուսանկարներ 3 ժամանակային միջակայքերով՝ պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո։ Նույն թեման քննարկվում էր նաև տվյալների միջոցով։ Օրինակ՝ հարցումների ժամանակ մարդիկ չէին կարողանում ապագան պլանավորելիս երկար մտահորիզոն նշել, այսինքն կամ նշում էին մինչև մեկ տարի ժամանակահատված, կամ նշում՝ որ չեն պլանավորում ապագան, որովհետև չեն ուզում և չեն կարողանում։ Այսպես էին իրար հետ զրուցում տվյալներն ու արվեստի գործերը։

Հայկ Սմբատյանը «Անցումներ» ցուցահանդեսի ժամանակ։ Լուսանկարը՝ CRRC-ի ֆեյսբուքյան էջից։
Ինչո՞ւ էր կարևոր հնարավոր բոլոր միջոցներով՝ գծապատկերներից մինչև թատերական ներկայացում, ցուցահանդեսին մասնակցող յուրաքանչյուր այցելուի բացատրել այս տվյալների ասելիքն ու դրանց հետևում թաքնված օրինաչափություններն ու միտումները։
Մեր նպատակը մեկն է եղել՝ մարդկանց հաղորդակից դարձնել հետազոտական տվյալներին։ Հետազոտողներս հաճախ մոռանում ենք, որ տվյալները ոչ միայն հանրության մասին են, այլ նաև հանրության համար են։ Այս առումով ընտրված ձևաչափը կարողացավ բավականին մասնակցային դաշտ ստեղծել հանրության տարբեր խմբերի համար։ Իրականում հանրային կարծիքի ուսումնասիրությունները, հայելու էֆեկտ ունեն, թույլ են տալիս, որ իրականությունը ընկալվի ոչ միայն անձի սուբյեկտիվ տեսանկյունից, այլ նաև այդ տեսանկյան հակառակ կողմն են ցույց տալիս՝ թույլ տալով, որ մարդը իր կարծիքը ստուգի՝ համեմատելով այլոց կարծիքի հետ։

«Անցումներ» ցուցահանդես։ Լուսանկարը՝ CRRC-ի ֆեյսբուքյան էջից։
Հասկանալի է, որ այն քաղաքացիները, որոնք աշխատանքի բերում չեն առնչվում այս տվյալների հետ, բնականաբար չեն բացելու հետազոտությունը, համակարգված չեն ուսումնասիրելու և վերլուծելու դրանք։ Հաճախ մարդիկ իրականությունը հասկանալու, ըմբռնելու համար ավելի շատ միջնորդավորված ինֆորմացիա են նախընտրում։ Բոլորս էլ ուզում ենք բարդ իրականությունը հնարավորինս պարզեցնել, հասկանալի դարձնել, բաժանել մանր մարսելի բաղադրիչների, որպեսզի հնարավոր լինի դրա հետ հարաբերվել։
Այս առումով շատ կարևոր է, որ հետազոտողները հնարավորություն տան մարդիկանց իրենց հասկանալի լեզվով ծանոթանալ տվյալներին։ Օգնեն, որ հասարակությունը իր իսկ իրականության մասին պատկերացում կազմի նաև տվյալների միջոցով, այլ ոչ թե միայն առօրյա խոսակցությունների կամ փորձագիտական համայնքի վերլուծությունների միջոցով։ Պետք է խրախուսել, որ մարդիկ ինֆորմացիա ստանալու համար օգտվեն նաև այլընտրանքային աղբյուրներից, ինչպիսին օրինակ հետազոտություններն են։

«Անցումներ» ցուցահանդես։ Լուսանկարը՝ CRRC-ի ֆեյսբուքյան էջից։
Փորձարարական արվեստի միջոցով բարոմետրի տվյալները ներկայացնելուց բացի, դուք կազմակերպել էիք նաև կլոր սեղան քննարկումեր։ Ո՞ր թեմաներն էին ընտրվել այդ քննարկումների համար և ինչո՞ւ։
Թեմաների ընտրությունը մի կողմից տվյալների բարձրացրած խնդիրներով էր պայմանավորված, մյուս կողմից՝ հանրային դիսկուրսում դրանց առկայությամբ։ Առաջին կլոր սեղան քննարկման համար ընտրել էինք մեդիա-հասարակություն թեման։ Երկրորդը վերաբերում էր կրթությանը, աշխատաշուկայի հետ կապի հիմնախնդիրներին։ Երրորդը եկեղեցի հասարակություն կամ հավատք հասարակություն թեման էր։
Երեք թեմաներն էլ հասարակության և մի քիչ ավելի լայն ինստիտուտների կամ ոլորտների միջև հարաբերությունների մասին էին։

Կլոր սեղան-քննարկում, «Անցումներ» ցուցահանդես։ Լուսանկարը՝ CRRC-ի ֆեյսբուքյան էջից։
Կովկասյան բարոմետրը սովորաբար առանձին բաժնով անդրադառնում է մեդիային։ Այս անգամ ի՞նչ խնդիրներ էին բացահայտել տվյալները, որոնք էլ կլոր սեղան-քննարկման հիմք դարձան։
Մեդիային նվիրված բաժնում շատ տարատեսակ հարցերի ենք անդրադառնում։ Մեդիային վստահելու կամ չվստահելու խնդրի մասին ենք խոսում, ինֆորմացիան ստանալու ցանկալի ձևն ենք ճշտում, այսինք փորձում ենք հասկանալ, թե որ մեդիա խողովակով են մարդիկ փորձում հետևել լրատվությանը։ Կամ օրինակ ժամանակակից տեխնոլոգիաների՝ օրինակ համացանցի օգտագործումը որքանով է ազդում նրանց ինֆորմացիա սպառելու վարքագծի փոփոխության վրա և շատ այլ հարցեր։
Վերջին հետազոտությունները ցույց տվեցին, որ բավականին լուրջ խնդիրներ կան մեդիայի վստահության առումով։ Քաղաքականության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու տեսանկյունից բնակչության շատ քիչ տոկոսն է վստահում լրատվամիջոցներին։ Կասկածամտության աճ է նկատվում հասարակության շրջանում։

«Անցումներ» ցուցահանդես։ Լուսանկարը՝ CRRC-ի ֆեյսբուքյան էջից։
Տվյալները ցույց են տալիս, որ վերջին տարիներին դասական լրատվամիջոցների սպառումը աստիճանաբար նվազում է։ Օրինակ հեռուստատեսության փոխարեն մարդիկ ավելի շատ ընտրում են համացանցի, սոցիալական ցանցերի միջոցով հետևել իրադարձությունների զարգացմանը։ Բնականաբար այս միտումը նոր երևույթ չէ։
Իհարկե, տոկոսային առումով հեռուստատեսությունը դեռևս պահպանում է առաջատարի իր դիրքը, բայց երբ համեմատում ենք այդ ցուցանիշը նախորդ տարիների ցուցանիշների հետ, տեսնում ենք, որ այն գնալով նվազում է։
Այս տվյալների ու այս իրականության հետ մեդիան պետք է հաշվի նստի։ Այլ տարբերակ, քան գնալ լսարանի հետևից, չկա։ Կարևոր է հասկանալ, թե լսարանը, որ ճանապարհներով է ցանկանում այդ լրատվությունը ստանալ։ Կարծում եմ դեռևս դաշտում այս խնդիրը կա, որ լրատվամիջոցները ոչ թե գնում են լսարանի նախընտրած ճանապարհներով, այլ ակնկալում են, որ լսարանը կգա իրենց ուզած հարթակներ։ Այս խնդիրներն էին, որ հուշեցին կլոր սեղան քննարկման անհրաժեշտությունը։

«Անցումներ» ցուցահանդես։ Լուսանկարը՝ CRRC-ի ֆեյսբուքյան էջից։
Մենք կլոր սեղան-քննարկումների ժամանակ հնչած կարծիքների, դիտարկումների արդյունքում մշակելու ենք տվյալ ոլորտներին վերաբերող քաղաքականության առաջարկներ։ Դրանք լայն մտորումներ են լինելու, որոնք պատմելու են տվյալների և ոլորտի ներկայացուցիչների կողմից դրանց մեկնաբանությունների մասին։ Մեր համոզմունքն է, որ տվյալներից դեպի քաղաքականության մշակում, պետք է տեղի ունենա որոշակի քննարկում։ Տվյալները պետք է մեկնաբանվեն, այդ մեկնաբանություններից պետք է դուրս բերվեն գաղափարներ, որոնցից էլ հնարավոր կլինի առաջարկություններ կազմել տվյալ ոլորտի քաղաքականության մշակման վերաբերյալ։ Մենք այդ երեք փաստաթղթերն էլ հրապարակելու ենք մեր կայքում և հնարավոր բոլոր խողովակներով տարածելու ենք։