Ապրիլի 10-ի ՀՀԿ Գործադիր մարմնի նիստի ավարտին տասնյակ լրագրողներ էին սպասում: Հայտարարված չէր, բայց համընդհանուր վստահություն կար, որ նիստից հետո հայտնի կդառնա ՀՀ 13-րդ վարչապետի անունը:
Նոր վարչապետի մասին լուրն առաջինը հաղորդելու ցանկություն ունեցող մի քանի կայք շտապեցին նորություններ թողարկել, որոնցում հայտնում էին, թե Հայաստանի նոր վարչապետը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է:
Երբ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին տեղեկացրեց, որ վարչապետի անունը կհայտարարեն երկուշաբթի օրը՝ ապրիլի 14-ին, Հովիկ Աբրահամյանի նշանակման մասին լուրերն արագորեն հեռացվեցին կայքերից:
Սակայն Google-ը կայքերում հրապարակված գրառումներն այդքան արագ չի մոռանում: Google cache-ի օգնությամբ կարելի է վերականգնել Հովիկ Աբրահամյանի վարչապետության մասին հրապարակումները:
Ահա 168.am-ի լուրի պահպանված կամ cached տարբերակը՝ «Հովիկ Աբրահամյանը՝ ՀՀ 13-րդ վարչապետ»: Հրապարակումը կարճ ժամանակում Facebook-ում 75 like էր ստացել:
Այստեղ «Իրավունքի» cached (պահպանված) լուրն է՝ «Հովիկ Աբրահամյանը ՀՀ վարչապետ»: Իսկ asekose.am-ն ուղղակի ավետում էր՝ «ՀՀ 13-րդ վարչապետ կլինի Հովիկ Աբրահամյանը: ՀՀԿ պաշտոնապես հայտարարեց»:
Հովիկ Աբրահամյանի մասին իրականությանը չհամապատասխանող լուրը հրապարակողներից միայն «Հետք»-ն էր (ես այլ օրինակի չհանդիպեցի, եթե կան այդպիսիք, խնդրում եմ ինձ ուղղել՝ օգտագործելով մեկնաբանությունների դաշտը), որը ոչ թե հեռացրեց լուրը կայքից, այլ փոփոխեց այն եւ ընթերցողներից ներողություն խնդրեց:
Առաջին անգամը չէ, որ լրատվամիջոցները շտապում են լուրն առաջինը հաղորդել եւ սխալվում են (օրինակ Մարկ Սաղաթելյանի դեպքը): Բայց, կեղծ լուրերը կայքերից հեռացնելով, այս խնդիրը չես լուծի: Երբ լսարանիդ սխալ տեղեկատվություն ես փոխանցում, բարի եղիր նաեւ այդ քայլդ բացատրել ընթերցողիդ: Չէ՞ որ լսարանն է մեդիայի գլխավոր պատվիրատուն: Գոնե տեսականորեն:
Գեղամ Վարդանյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: