2014.04.10,

Նյուսրում

Նորացված Circle.am-ը դեռ լիովին հասկանալի չէ լրատվական կայքերի համար

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

Լրատվական կայքերի վերաբերմունքը հայկական վեբ կայքերի Circle.am ռեյթինգի համակարգի ռազմավարության փոփոխությանը միանշանակ չէր: Մի քանի առաջատար կայքեր պարզապես լքեցին Circle.am-ը:

«Circle.am–ը դառնալու է հայկական կայքերի որակի ռեյթինգ։ Այն կառուցվելու է մոդերատորների, ինչպես նաեւ հենց կայքերի տերերի կողմից»,- ասել էր Circle.am համակարգի հիմնադիր եւ ղեկավար Ավետիս Ավագյանը itel.am-ին:

2014թ.-ի փետրվարի 24-ից Circle.am-ը ներկայացավ ոչ թե որպես քանակական, այլ որակական ռեյթինգ ներկայացնող համակարգ: Նախկինում համակարգը չափում եւ ներկայացնում էր այնտեղ գրանցված կայքերի այցելությունները: Հիմա համակարգում կայքերի ռեյթինգը ձեւավորվում է մոդերատորների եւ վեբմասթերների տրված միավորներով:

Circle.am-ում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ մոդերատորները ճանաչված պրոֆեսիոնալներ են հայկական լրատվական եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներից, նրանք գործում են անանուն՝ անկողմնակալությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով:

Մոդերատորներն ու վեբմասթերները կայքերը գնահատում են հետեւյալ չափանիշներով՝

  • Հայերենով բովանդակության առկայություն, լեզվի որակը
  • Բովանդակության/գաղափարների թարմությունը եւ բացառիկությունը
  • Վեբկայքի ձեւավորումը եւ տեխնոլոգիական առաջադիմությունը
  • Կիրառելիությունը եւ հասանելիությունը

Circle.am-ում իրականացված փոփոխությունները մինչեւ վերջ հասկանալի չեղան համակարգում նախկինում գրանցված մեդիա կայքերի մի մասի համար: Այդ պատճառով նրանցից շատերը լքեցին այն:

News.am գործակալությունը Circle.am-ից դուրս եկած կայքերից մեկն է: Գործակալության համակարգող Արտակ Եղիազարյանի խոսքով՝ պատճառը չափորոշիչների անհստակությունն է:

«News.am-ն իր ստեղծման օրվանից մասնակցել է Circle.am հաշվիչ համակարգին, երբ այն նոր-նոր էր զարգանում: Ի սկզբանե մենք օգտագործել եւ այժմ էլ օգտագործում ենք չափումների միջազգային գործիքները, սակայն համարել ենք, որ ինտերնետի հայկական սեգմենտի զարգացման համար արժե անդամակցել նաեւ հայկական համակարգին: Վերջին փոփոխություններից հետո գործակալությունը կասեցրել է իր մասնակցությունը Circle.am-ին, քանի որ մեզ համար անհասկանալի է, թե կոնկրետ ինչն են չափում եւ ովքեր են չափում»,- ասում է Եղիազարյանը:

Մարքեթինգային գործունեությունում News.am-ն առաջնորդվում է Google Analytics համակարգով, սակայն Արտակ Եղիազարյանի խոսքով՝ եթե ստեղծվի հայկական չափիչ այլ համակարգ՝ այլ տրամաբանությամբ եւ ձեւաչափով, գործակալությունը կանդամակցի դրան:

Circle.am-ի գնահատման նոր չափորոշիչները հստակ չեն նաեւ Tert.am-ի խմբագրության համար, այդ պատճառով կայքը դադարեցրել է համագործակցությունը:

«Անհասկանալի է, թե ինչ սկզբունքներով են առաջնորդվում, առավելեւս, հասկանալի չէ, թե ովքեր են գնահատողները, եւ արդյո՞ք չկա սուբյեկտիվության էլեմենտ»,- media.am-ի հետ զրույցում ասում է Tert.am-ի գլխավոր խմբագիր Սասուն Խաչատրյանը:

Կայքը, ինչպես նախկինում, այժմ էլ օգտվում է Google Analytics համակարգից:

Սասուն Խաչատրյանի խոսքով՝ Circle.am-ի ձեւաչափի փոփոխությունը դրականորեն է անդրադարձել մեդիայի վրա:

«Իհարկե, լարվածություն դեռ կա, քանի որ լուրի հետ գործ ունենք, սակայն նախկին արհեստական մրցավազքը չկա: Եվ ամենալավն այն է, որ լրատվության որակը մի քիչ բարձրացել է, քլիքներ հավաքելու նպատակով նախկին էժանագին հնարքներն այլեւս չեն արվում, թեեւ դեռ մեկ–մեկ կարելի է հանդիպել նման նյութերի»,- ասում է Tert.am-ի խմբագիրը:

Առցանց «Առավոտ»-ը եւս գրանցվելու նոր հայտ չի ներկայացրել Circle.am-ի վերափոխված համակարգում հայտնվելու համար, սակայն կայքը Circle.am-ում, այնուամենայնիվ, կա եւ Արմնեթի լավագույն 10 կայքերի շարքում զբաղեցնում է 2-րդ տեղը:

«Circle.am-ում առաջնակարգ տեղ գրավելը երբեք նպատակ չի եղել մեզ համար՝ հատկապես հաշվի առնելով այն, որ «Հետք»-ի նման կայքը վերջին տեղերում էր, իսկ անբովանդակ կայքերը թոփերում: Մենք դրա տվյալներն ընդամենը ընդունել ենք ի գիտություն: Իսկ հիմա ընդհանրապես չենք հետեւում, որովհետեւ եթե այն ժամանակ ինչ-որ բացատրություն կար՝ այցելությունները, հիմա գնահատման չափանիշներն անհասկանալի են, վարկանիշ կազմող փորձագետներն էլ՝ անհայտ»,- media.am-ին ասում է առցանց «Առավոտ»-ի խմբագիր Աննա Իսրայելյանը:

Նրա խոսքով՝ գովազդատուները նույնպես Circle.am-ի տվյալներով չեն կողմնորոշվել:

«Մեզնից պահանջում էին տվյալներ Google Analytics-ից: Եվ եթե նույնիսկ Circle.am-ի դեպքում ենթադրվում էր, որ այցելությունների հսկա թվերը կազդեն գովազդատուների վրա, կարող եմ մեր փորձով փաստել, որ բանիմաց գովազդատուների վրա Circle.am-ի ներկայացրած թվերը չէին ազդում»,- ասում է Աննա Իսրայելյանը:

Circle.am համակարգի հիմնադիր Ավետիս Ավագյանն առայժմ չի ցանկանում մեկնաբանել արդեն իրականացված փոփոխությունները: Նա media.am- ին ասել է, որ դեռ նպատակահարմար չի գտնում իր ստեղծած նոր համակարգի մասին հարցազրույց տալ:

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ Circle.am-ի ռազմավարության փոփոխությունից հետո լրատվական կայքերի միջեւ՝ թրաֆիքի շուրջ մրցակցությունը նվազել է:

«Շատ ընթերցող ունեցող կայքերը ավելի քիչ են անառողջ սենսացիոն վերնագրերով նյութեր տարածում: Բացի այդ՝ կարող եմ ենթադրել, որ մի քանի անգամ նվազել են գումարները, որոնք կայքերի տերերը ծախսում էին ֆեյսբուքյան գովազդի վրա»,- ասում է Սամվել Մարտիրոսյանը:

Մեդիա փորձագետի խոսքով՝ համակարգի նոր փոփոխությունը դեռ չի հասել իր նպատակին, բայց այն հետաքրքիր փորձ է կայքերի բովանդակությունը գնահատելու առումով:

Աննա Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *