Պատկերը՝ «Հայաստանի Աշխատավորուհի» թերթի՝ մարտ՝ 1965 թվական։

Կառավարությունը դեռևս չի հաստատել «Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2024-2028 թվականների ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը։ Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող 26 հասարակական կազմակերպություններ մարտի ութին՝ կանանց միջազգային օրվան ընդառաջ, բաց նամակով դիմել էին վարչապետին՝ պահանջելով հրապարակային պարզաբանում ռազմավարության նախագծի հետագա ընդունման վերաբերյալ։  

Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ ներկայացուցիչներն անհանգստացած են, որ այս մոտեցման արդյունքում Հայաստանը կարող է հետընթաց գրանցել գենդերային հավասարության և կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում ` ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման տեսանկյունից։  

Կանանց իրավունքների և գենդերային հավասարության մասին խնդիրները բարձրաձայնելու նպատակով ստեղծված տոնի նախօրեին գրված այս նամակը  ևս մեկ անգամ խոսում է Հայաստանում կանանց իրավունքների ոլորտում առկա խնդիրների  մասին։ 

Սա ևս մեկ ազդակ է, որ   փուչիկներից, ծաղիկներից ու հերթապահ շնորհավորանքներից այն կողմ, կանանց իրավունքներն այսօր էլ շարունակում են ոտնահարվել, նրանք թիրախավորվում են, ենթարկվում  խտրականության ու գենդերային ապատեղեկատվության զոհ դառնում։ 

Մեդիան էլ հաճախ դառնում է գործիք և ուղղակի կամ անուղղակի մասնակցում կանանց իրավունքների ոտնահարմանը։ Ինչպե՞ս պետք է մեդիան լուսաբանի կանանց իրավունքների, գենդերային հավասարության թեմաները, որքանո՞վ է տեղական լրատվադաշտը գենդերազգայուն կամ ի՞նչ պետք է անի մեդիան, որպեսզի չդառնա գենդերային ապատեղեկատվություն տարածող, պարզել ենք փորձագետների օգնությամբ։ 

Հակոբ Կարապետյան – Երևանի մամուլի ակումբի մեդիափորձագետ 

Հայաստանում գենդեր հասկացությունը համեմատաբար նոր է։ Այն վերջին 10-15 տարիներին է հանրային քննարկման թեմա դարձել և շատ խեղաթյուրված ընկալում կա այդ հասկացության վերաբերյալ։  

Ընդհանուր առմամբ մեր լրատվամիջոցները գենդերային խնդիրներին քիչ են անդրադառնում, կամ անդրադառնում են առիթից առիթ։ Շատ դեպքերում էլ, ցավոք սրտի, տեսնում ենք գենդերային թեմաների ոչ հավասարակշռված, երբեմն խտրական լուսաբանում։  

Լրատվամիջոցները միշտ երկընտրանքի առաջ են, ինչպե՞ս ավելի գրավիչ դարձնել բովանդակությունը, ինչպե՞ս դիտելիություն ապահովել՝ չխախտելով լրագրողական էթիկայի կանոնները։ Այս երկընտրանքը հատկապես սրվում է օրինակ՝ ընտանեկան բռնության կամ սեռական ոտնձգությունների մասին դեպքերի լուսաբանման ժամանակ։ Այդպիսի հրապարակումները սոցիալական ցանցերում շատ են քննարկվում։ Օգտատերերը շատ մեկնաբանություններ են գրում, որոնք հիմնականում պարունակում են ատելության խոսք կամ զոհին մեղադրող վիրավորանքներ։ Հասկանալի է չէ՞, որքան շատ մեկնաբանություններ, այնքան շատ դիտումներ և նորից լրատվամիջոցը կանգնում է այդ երկընտրանքի առաջ։ Դա է պատճառը, որ շատ լրատվամիջոցներ չեն մոդերացնում իրենց հրապարակումների մեկնաբանությունների հատվածը։ Մինչդեռ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային վճռով՝ լրատվամիջոցը պարտավոր է իր սոցիալական մեդիայի հարթակներում մոդերացնել մեկնաբանությունների դաշտը, որպեսզի ատելության խոսք կամ խտրական խոսք չլինի։ 

Մեր լրատվական դաշտը մի քանի սեգմենտի է բաժանված։ Կան քաղաքական կամ տնտեսական որոշակի շրջանակների հետ աֆիլիացված լրատվամիջոցներ, դեղին կամ բուլվարային մամուլ և ընդհանուր առմամբ որակյալ լրատվություն ապահովող պատասխանատու լրատվամիջոցներ։ 

Հասկանալի է, որ քաղաքական կամ տնտեսական որոշակի խմբերի կողմից կառավարվող լրատվամիջոցները կարող են օրինակ քաղաքական նպատակներով գենդերային ապատեղեկատվություն կամ գենդերային խտրականություն տարածել՝ թիրախավորելով կին քաղաքական գործիչներին՝ այդ կերպ փորձելով լռեցնել նրանց։  

Ցավոք, պետք է ասեմ, որ պատասխանատու և որակյալ աշխատանքով զբաղվող լրատվամիջոցներն էլ, երբեմն զերծ չեն մնում գենդերային ապատեղեկատվություն կամ գենդերային խտրականություն տարածելուց, իրականացնում են ոչ կոռեկտ լուսաբանում են, կիրառում են ոչ համարժեք տերմինաբանություն։  

Շատ լրատվամիջոցներ, կամա թե ակամա, դառնում են այդ գենդերային ապատեղեկատվությունների տարածողը։  

Ինչու՞ եմ ասում ակամա, բերեմ մի օրինակ։ ԱԺ կամ Երևանի ավագանու նիստի ժամանակ քաղաքական գործիչն իր ընդդիմախոսին հաղթելու, նրան որպես մասնագետ արժեզրկելու համար գենդերային կարծրատիպերի վրա հիմնված գենդերային ապատեղեկատվություն է հնչեցնում․ հիմնականում նման դեպքերում թիրախում լինում են կանայք, ի՞նչ պետք է անի լրագրողը կամ լրատվամիջոցը։ Անտեսել չի կարող, որովհետև իր գործն է հանրային դաշտում կատարվածը փոխանցել հասարակությանը, փոխանցելու դեպքում էլ դառնում է այդ գենդերային ապատեղեկատվության տարածող։  

Պատասխանատու և էթիկական լրագրությանը հետևելու դեպքում կարելի է նյութում հատուկ ծանուցում տեղադրել, որ տվյալ արտահայտությունը գենդերային ապատեղեկատվություն է կամ գենդերային կարծրատիպերի վրա հիմնված խտրական խոսք է կամ ՀՀ-ում գենդերային խտրականությունն արգելվում է օրենքով։ 

Կարող է լրագրողն իրեն մի փոքր էլ նեղություն տալ և զրուցել համապատասխան փորձագետի հետ, որը լրացուցիչ պարզաբանումներ կներկայացնի գենդերային ապատեղեկատվության վերաբերյալ, կբացատրի, թե ինչու է այն անընդունելի ու ինչ ազդեցություն կարող է ունենալ հասարակության վրա։ Սա հնարավորություն կտա ինչ-որ առումով կրթել հասարակությանը և կնպաստի, որ նման դեպքերը մեզանում նվազեն։ 

Մեկ ուրիշ օրինակ բերեմ, եթե բյուջեի քննարկման ժամանակ պատգամավորներից մեկը բանավեճի ժամանակ իր օպոնենտի հասցեին գենդերային ապատեղեկատվություն է հնչեցնում, լրագրողն էլ բյուջեի քննարկմանը նվիրված իր նյութի վերնագիրը դարձնում է այդ հատվածը, սա ի՞նչ է, եթե ոչ գենդերային ապատեղեկատվության տարածում։ 

Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիրը այսպիսի սկզբունք ունի, որ հրապարակումների վերնագրերը և լուսանկարները պետք է բխեն նյութից: Նմանատիպ դեպքերում լրագրողը միշտ իրեն պետք է հարց տա, իր նյութի գրավչությունը մեծացնելու համար բանախոսի հնչեցրած ամենախնդրահարույց հատվածը ընտրելով,  չի՞ դառնում գենդերային ապատեղեկատվության տարածող։ Ո՞րն է իր նյութի հիմնական ասելիքը։ Ընտրված վերնագիրը որքանո՞վ է համապատասխանում տվյալ նյութին։ Ի՞նչ հանրային կարևորություն և արժեք է իր մեջ պարունակում տվյալ նյութը։ 

Պետք է հիշել, որ լրագրողը միայն փոխանցող չէ, ներեցեք նա քայլող ձայնագրիչ չէ, նա նաև թարգմանող է։ Նա պետք է որոշակի վերլուծության կամ կարծիքների բազմազանության շնորհիվ փորձի բարձրացնել մարդկանց իրազեկվածության մակարդակը։  

Անի Կոջոյան- ԵՊՀ դասախոս, գենդերային և կանանց իրավունքների ուսումնասիրությունների մասնագետ   

ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համատեղ 2024 թվականին «Գենդերային ապատեղեկատվությունը Հայաստանյան լրատվամիջոցներում» թեմայով մշտադիտարկում ենք իրականացրել։ Մեր փորձագիտական թիմի նպատակն էր հասկանալ հայաստանյան լրատվամիջոցներում գենդերային ապատեղեկատվության միտումները, մասնավորապես,  թե ինչ դիսկուրսներ են տարածված, ինչ նարատիվներ են կիրառվում, և թե ինչպիսին է տարածվածության մակարդակը։ 

Մշտադիտարկումն առհասարակ իրենից չի ենթադրում դիսկուրսային անալիզ, այլ կերպ ասած՝ կոնտենտային վերլուծություն։ Սակայն հաշվի առնելով, որ գենդերային ապատեղեկատվություն երևույթի մասին խոսելը մեզ մոտ համեմատաբար ավելի նոր է , փորձել ենք մի քանի օրինակներով բացատրել, վերլուծել, ցույց տալ խնդիրը՝ հենց դիսկուրսային վերլուծության միջոցով։  

Նախ եկեք միասին հասկանանք՝ ինչ է գենդերային ապատեղեկատվությունը։ Գենդերային ապատեղեկատվությունը «տեղեկատվության» տեսակ է, որը ենթադրում է անձի սեռով պայմանավորված և այդ սեռի վերագրվող կեղծ, ապակողմնորոշող կամ մտաշահարկող տեղեկության կանխամտածված ստեղծում և տարածում։ Գենդերային ապատեղեկատվությունն ավելի հաճախ թիրախավորում է կանանց՝ տարածելով նրանց մասին կեղծ, սկանդալային, չճշտված,մտաշահարկող տեղեկություն, որի նպատակն է որևէ ոլորտում ակտիվ, առաջնորդ, ղեկավար կամ ակտիվիստ կանանց լռեցնել, չեզոքացնել՝ բացառելով նրանց մասնակցությունը կարևոր որոշումների կայացման գործընթացում։  

Գենդերի հիմքով ստեղծվող և տարածվող ապատեղեկատվությունից որևէ մեկն ապահովագրված չէ։ Քաղաքական հայացքները կամ կուսակցական պատկանելիությունն այս դեպքում կարևոր չեն։  

Գենդերային ապատեղեկատվությունը երկու փուլից է բաղկացած՝ կեղծ, միտումնավոր կեղծված, շահարկված կոնտենտի ստեղծում և տարածում։ Տարածումն էլ իր հերթին կարող է լինել ստեղծողի կողմից, այսինքն, առաջին դեմքով տարածում և երկրորդային տարածում՝ օրինակ մեդիայի միջոցով։  

Մեդիան, ունենալով լայն լսարան, պետք է օգնի հասարակությանը հասկանալ, թե ինչ է գենդերային ապատեղեկատվությունը, պետք է օգնի հասկանալ, որ այն թեև անձին է թիրախավորում, սակայն միայն տվյալ անձի խնդիրը չէ, այլ համակարգային է։  

Մշտադիտարկման արդյունքները ցույց տվեցին, որ շատ դեպքերում մեդիան դառնում է գործիք ու տարածում այլոց կողմից գեներացված գենդերային ապատեղեկատվություն։ 

Օրինակ՝ հաճախ մենք ականատես ենք լինում, որ ԱԺ-ում կին քաղաքական գործչին լռեցնելու համար, որպես գործիք օգտագործվում է գենդերային ապատեղեկատվությունը։   

Նմանատիպ դեպքերում լրատվամիջոցները հաճախ համատեքստից կտրված, իրենց նյութի ասելիքի հետ կապ չունեցող ապատեղեկատվության այդ հատվածը ներառում են իրենց հրապարակումներում, սա էլ դեռ բավական չէ, չակերտները դնում ու այն դարձնում են վերնագիր։ Սա թեև երկրորդային կոնտենտի կամ մետակոնտի տարածում, բայց արդյունքը նույնն է,  իսկ վնասը՝ անդառնալի։ Մշտադիտարկումը ցույց տվեց, որ նմանատիպ դեպքերը բավականին շատ էին։  

Միջազգային բազմաթիվ ուղեցույցներ կան, որոնք սահմանում են, թե օրինակ մեդիան ինչպես պետք է խուսափի գենդերային ապատեղեկատվություն տարածելուց։ Մի քանի շատ կարևոր կանոն կա՝ սկանդալային վերնագրեր չընտրել, իրողությունները չաղճատել, համատեքստից չկտրել, չխեղաթյուրել և իրավիճակը ներկայացնել համակարգային։   

Նմանատիպ դեպքերում լրատվամիջոցը և լրագրողը կարող են առաջ շարժվել երկու ուղղությամբ՝ ռեակտիվ և պրոակտիվ։ Ռեակտիվի դեպքում կարող է լրագրողը ստուգաթերթիկ ունենալ և ինքն իրեն ստուգել, օրինակ, արդյոք սկանդալային վերնագիր չի ընտրել, արդյոք համատեքստից կտրված չէ այն ինչ ներկայացրել է, փորձի հասկանալ, թե կնոջը թիրախավորող գենդերային ապատեղեկատվությունը մեդիայի խողովակով տարածելը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ հասարակության վրա և այլն։  

Պրոակտիվ գործելաոճի դեպքում լրագրողը կարող է ոլորտի փորձագետների հետ հարցազրույցների միջոցով բացատրել կատարվածի անթույլատրելիությունը, խոսել հետևանքների մասին։   

Եթե մի քանի անգամ մեդիան պարզ լեզվով ներկայացնի, թե ինչ է գենդերային ապատեղեկատվությունը, ասի, որ այդ գործիքը այս դեպքում, մասնավորապես, կանանց լռեցնելու, որպես մասնագետ ճանապարհից հեռացնելու, չեզոքացնելու համար է, հասարակությունը կսկսի հետևություններ անել։   

Միջազգային էթիկայի ընդունված չափորոշիչներով՝ մեդիան պետք է առնվազն գենդերազգայուն լինի։ Գենդերազգայուն մեդիան ընդունում, ճանաչում և մատնացույց է անում գենդերային խնդիրները։ Մեր մեդիան ընդհանուր առմամբ հաճախ գենդերազգայուն չէ, նույնիսկ «Մի՛ վնասիր» սկզբունքը հաճախ հաշվի չի առնվում։ 

Գենդերաարձագանքող մեդիայի օրինակները մեր լրատվադաշտում ավելի քիչ են։ Այսինքն, երբ առկա գենդերային խնդիրները լուծելու համար լրատվամիջոցը ինքն է որևէ նախաձեռնողականություն ցուցաբերում, այդ թեմաներն ու խնդիրները պահելով իր օրակարգում, իսկ եղած սակավաթիվ օրինակներն էլ միանշանակ ողջունելի են։ 

Առաջիկայում ընտրություններ են, առաջադրվելու են նաև կին թեկնածուներ և տարատեսակ ապատեղեկատվություններին զուգահեռ ավելանալու է նաև գենդերային ապատեղեկատվությունների հոսքը։ Մեդիան, մի դեպքում կարող է առանց որևէ ֆիլտրացիայի վերցնել ու հրապարակել այն ինչ հնչում է ու ասվում է։ Մյուս դեպքում, նախընտրական քարոզարշավից մի քանի ամիս առաջ կարող է տեղեկատվական ու կրթական արշավ սկսել։ Տարբեր հրապարակումների միջոցով խոսել գենդերային ապատեղեկատվության, գենդերային թիրախավորման ու խտրականության մասին։ Այս դեպքում մեդիան կգնա իքնակարգավորման, ինքնամաքրման ճանապարհով, մասամբ էլ կստանձնի գենդերային ապատեղեկատվություն ստեղծողներին զսպելու գործառույթը։   

Նվարդ Մարգարյան-սոցիոլոգ, Մարդու իրավունքների տուն Երևանի համակարգող 

Գենդերային ապատեղեկատվության թիվն աճում է հիմնականում քաղաքական լարված իրավիճակներում և ընտրությունների ժամանակ։ Այս ընթացքում հիմնականում թիրախավորվում է սեռական ինքնության կամ սեռական կողմնորոշման թեման։ Շատ թիրախավորվում են նաև հասարակական- քաղաքական ակտիվ գործունեություն ծավալող կանայք՝ իրավապաշտպաններ, քաղաքական գործիչներ, լրագրողներ, ակտիվիստներ և այլն։ 

ԶԼՄ-ների մեծ մասը, ցավոք, դառնում է ապատեղեկատվության ակտիվ տարածող։ Հավանաբար փորձում են այդ հրապարակումների դիտումների միջոցով մեծացնել իրենց լսարանը, որը կարող է և՛ քաղաքական, և՛ տնտեսական շահեր հետապնդել։ Լսարանը մեծանում է՝ գովազդները շատանում են կամ լսարանը մեծանում է՝ ավելանում են նաև լրատվամիջոցին հովանավորող քաղաքական ուժի հետևորդները։  

Երբ սոցիոլոգիական հետազոտությունների ժամանակ հանդիպում ենք մարդկանց տարբեր խմբերի, հասկանում ենք, որ նրանք այնքան էլ տեղեկացված չեն գենդերային հավասարության և կանանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող թեմաներից։ Նրանք ցանկացած ինֆորմացիա, որը չի համապատասխանում իրենց ունեցած պատկերացումներին համարում են ապատեղեկատվություն։ 

Օրինակ՝ մի հանդիպման ժամանակ մասնակիցներից մեկն ասաց, որ թեպետ հիմա շատ են խոսում գենդերային հավասարության մասին, բայց դա իր կարծիքով  ապատեղեկատվություն է, որովհետև տղամարդը պետք է տան գլխավորը լինի։ 

Այս շփումներից պարզ է դառնում, որ ընդհանուր առմամբ կա որակյալ ինֆորմացիայի պակաս։ 

Ես կարծում եմ այս խնդիրները պետք է լուծել ներքևից վերև մոտեցմամբ, այսինքն պետք է մարդկանց մոտ զարգացնել տեղեկատվությունը ֆիլտրելու հմտությունները։ Մարդիկ պետք է կարողանան հասկանալ, թե այս կամ այն ինֆորմացիայի հետևում ով է կանգնած ու ինչ շահեր է հետապնդում։  

Նյութը պատրաստվել է IWPR-ի նախաձեռնությամբ: