2025.01.14,

Ստուգված է

Կանգուն մնացած տան լուսանկարը հին է և կապ չունի ԱՄՆ հրդեհների հետ

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում հունվարի 7-ից բռնկված հրդեհները գնահատվում են որպես ամենածավալունն ու ծախսատարը երկրի ողջ պատմության ընթացքում։ Աղետի հետևանքով մահացել է 24 մարդ, սակայն ենթադրվում է, որ թիվը գնալով կաճի։

Տարերային այս աղետին զուգահեռ ողջ աշխարհում շարունակում են տարածվել կեղծ տեսանյութեր կամ լուսանկարներ, որոնք իբրև արվել են հրդեհի վայրից։

Այժմ Ֆեյսբուքի հայկական տիրույթում վիրուսային ձևով տարածվում է մի տան լուսանկար, որն իբրև «փրկվել է» հրդեհից, քանի որ «Քրիստոնյա աստվածավախ մարդու բնակարան է»։ 

«Դուք չեք պատկերացնում, թե որքան է նա լաց եղել ուրախությունից՝ իմանալով, որ իրեն պաշտպանում է Աստված։ Իրոք, Աստված նրա ապավենն է»,- նշել է օգտատերերից մեկը լուսանկարին կից գրառման մեջ։

Այս տեղեկության հիման վրա պատրաստվել են նաև տեսանյութեր, որոնք հազարավոր դիտումներ և հավանումներ ունեն և շարունակում են ակտիվորեն տարածվել ամբողջ աշխարհում։

«Ստուգված է»-ն պարզեց, որ տարածվող այս լուսանկարը հրապարակվել է դեռևս 2023 թվականին և ներկայացվել որպես Հավայան Մաուի կղզում անտառային հրդեհներից կադր։ Կարմիր տանիքով տան տերերը Civil Beat լրատվամիջոցին ասել էին, որ դեռ չգիտեն, թե ինչու է իրենց տունը կանգուն մնացել։ Որպես հավանական տարբերակ դիտարկվում էր 4 մլն ԱՄՆ դոլար ներդրումը, որն իրենք արել էին տան վերանորոգման համար։ Մասնավորապես ասֆալտապատ տանիքը փոխարինել էին մետաղե տանիքով, շրջապատել էին տունը գետի քարերով և հեռացրել սաղարթը։ Նշվում է նաև, որ նրանց տունը հարևանությամբ գտնվող տներից համեմատաբար ավելի մեծ հեռավորության վրա է եղել։

Այսպիսով, կանգուն մնացած տան լուսանկարը հին է և արված ոչ թե ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում, այլ Հավայան Մաուի կղզում։ Տանտերերի կրոնական նախասիրությունների մասին տեղեկությունը հայտնի չէ, հետևաբար անհիմն է պնդումը, թե տան տերը աստվածավախ է կամ քրիստոնյա։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *