Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ ժամանակն է, որ հայաստանցի լրագրողները մտածեն թվային անվտանգության կանոնները պահպանելու մասին։ Factor TV-ի լրագրող Նարեկ Կիրակոսյանի հետ տեղի ունեցած միջադեպը, ըստ նրա, պետք է դառնա ևս մեկ ահազանգ լուրջ քայլեր ձեռնարկելու թվային անվտանգության ուղղությամբ։
Օրերս լրագրողը տեղեկացրել էր, որ ռուսական համարից WhatsApp հավելվածով գրում են մարդկանց, ներկայանում են որպես լրագրող Նարեկ Կիրակոսյան ու հարցազրույցներ են պայմանավորվում։ Նարեկ Կիրակոսյանն ասել էր, որ ինքը օգտվում է միայն հայաստանյան կապի օպերատորներից ու իր բոլոր սոցհարթակներում ներկայանում է սեփական լուսանկարներով։
Media.am-ին լրագրողը պատմել է, որ իր համար մնում է անհասկանալի, թե ինչու են մարդիկ այդ քայլին դիմել ու ներկայացել իր անունով։ «Մտածում էի, որ գուցե սա փրանք է, բայց երբ կապ հաստատեցի այդ համարով, հասկացա, որ տվյալ անձնավորությունն ինձ ճանաչում է։ Ես նրան գրեցի, նա ինձ պատասխան-նամակ գրեց՝ օգտագործելով իմ անունը, միաժամանակ պնդելով, որ լրագրող Նարեկ Կիրակոսյանն է»,- նշեց նա։
Չխախտելով անմեղության կանխավարկածը, Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ պատճառները կարող են շատ տարբեր լինել՝ լրագրողի անունից գումար կորզելուց մինչև լրագրողին վարկաբեկելը։
«Տարիներ շարունակ լրագրողներին թվային անվտանգություն եմ դասավանդել և շատերը զարմացած հարցնում էին՝ ինչի՞ համար է իրենց այդ գիտելիքը։ Լրագրողների մի հատված չի գիտակցում, որ խոցելի է տվյալների արտահոսքի տեսակետից և արտահոսքը կարող է աշխատել ոչ միայն իրենց դեմ, այլև ուրիշների։ Լրագրողը պատասխանատու է նաև այլ անձանց տվյալների պաշտպանության համար։ Չմոռանանք, որ լրագրողները պետական այրերից հետո ամենաթիրախավորված շերտն են հաքերային թիմերից կողմից։ Ուստի անվտանգությանը պետք է լուրջ և համակարգային վերաբերվել՝ տվյալների պաշտպանությունից մինչև հաղորդակցության միջոցների պաշտպանություն»,- մանրամասնեց Սամվել Մարտիրոսյանը։
Կոնկրետ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել անվտանգության ապահովման համար, Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց՝ համակարգային։ Նա նշեց, որ շարքային քաղաքացիները կարող են թվային անվտանգության տարրական կանոններ պահել, օրինակ սոցհարթակներում միացնել երկփուլային մուտք, բայց լրագրողները պետք է անեն ավելին։
«Լրագրողները կարող են թիրախային հարձակման զոհ դառնալ, իսկ այդ դեպքում տարրական կանոնները նրանց անվտանգությունը չեն ապահովի։ Հարկավոր է լուրջ մոտեցում՝ հեռախոսի ընտրությունից սկսած մինչև հեռախոսազանգերի գաղտնագրման գործիքների ակտիվացում։ Հեռախոսը ինքը կարող է ենթարկվել հարձակման, վարակվել ու այդ դեպքում որևէ հավելվածով զանգ կատարելը անվտանգ չի լինի»,- ասաց նա։
Այս առնչությամբ Նարեկ Կիրակոսյանը հայտնեց, որ ինքը խիստ հետևում է թվային անվտանգության կանոններին․ նրա բոլոր սոցհարթակներում և սարքերում ակտիվացված է անվտանգության երկփուլային համակարգ։
«Բացի այս, Factor TV-ին արդեն մի քանի տարի է խմբագրությունում ներդրել է անվտանգային քաղաքականություն, որը ներառում է նաև թվային անվտանգության կանոնների խիստ պահպանում, ինչին ես ու գործընկերներս հետևում ենք։ Վերջերս փորձում էին մուտք գործել տելեգրամյան իմ էջ, բայց չէր հաջողվում հենց այս համակարգերի ակտիվացման շնորհիվ․ ես ստանում էի ծանուցումներ, որ իմ էջ մտնելու փորձեր են անում, որոնք ձախողվում էին»,- պատմեց լրագրողը։
Խոսելով Հայաստանում տարածված հեռախոսազանգերի միջոցով հարցազրույցներ իրականացնելու երևույթի մասին, Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ այն իսկապես խոցելի է, քանի որ դու չգիտես՝ քեզ զանգահարողը իսկապես լրագրող է, թե ոչ։ Միաժամանակ, նա ասաց, որ աշխարհում նույնիսկ նախագահներին զանգահարելու, խաբելու դեպքեր կան։
«Անվտանգությունը հաճախ ավելի մեծ խնդիր է, քան դրա բացակայությունը։ Այն չպետք է դառնա գլխացավանք»,- ասաց Մարտիրոսյանը։
CyberHub-ի համահիմնադիր Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ իրենք, որպես լրագրողների թվային պաշտպանության խումբ, կարող են օգնել անվտանգության խնդիրների կարգավորման ու ապահովման հարցում։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: