2024.10.17,

Նյուսրում

Օնլայն մամուլը՝ գենդերային ապատեղեկատվության տարածող․հետազոտություն

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Հայաստանում գենդերային ապատեղեկատվության ամենից հաճախ կարելի է հանդիպել առցանց լրատվամիջոցներում. այս եզրակացությանն են հանգել ՕքսԵՋեն հիմնադրամում՝ 6 ամիս Հայաստանյան լրատվադաշտն ուսումնասիրելուց հետո։  

«Գենդերային ապատեղեկատվությունը հայաստանյան լրատվամիջոցներում հետազոտության հիմնական նպատակն է եղել  պարզել ԶԼՄ-ներում դրանց տարածվածության մակարդակը և թեմաների այն շրջանակը, որոնց համատեքստում  տարածվում են։   

ՕքսԵՋեն-ի հաղորդակցության համակարգող Նարինե Եգանյանն ասում է, որ հայաստանյան մեդիաոլորտում գենդերային ապատեղեկատվության թեմայով հետազոտություն դեռևս չէր արվել։ 

«Այս հետազոտության ընթացքում մենք փորձել ենք ուսումնասիրել կանանց թիրախավորող գենդերային ապատեղեկատվությունները։ Նպատակն է եղել առանձնացնել և ցույց տալ այն ապատեղեկատվությունները, որոնք միտումնավոր կերպով փորձում են խոչընդոտել կանանց առաջընթացին ու առաջխաղացմանը։ Պետք է հասկանալ, որ գենդերային ապատեղեկատվությունը ոչ միայն վնասում է թիրախավորված կանանց, այլ նաև խորացնում է հասարակության մեջ առկա կարծրատիպերը, որոնք թերագնահատում են կանանց դերը և խոչընդոտում գենդերային հավասարության հաստատմանը»,-ասում է Նարինե Եգանյանը։  

Ամբողջական և ճշգրիտ պատկեր ստանալու համար մշտադիտարկվող ԶԼՄ-ների ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով հասարակական-քաղաքական դաշտում դրանց դիրքավորումը,  բովանդակության տարածման ձևաչափերի բազմազանությունը և հանրային կարծիքի վրա ունեցած ազդեցությունը։ Այդ չափորոշիչների համաձայն՝ ծրագրի սկզբնական փուլում ընտրվել են 16 լրատվամիջոցներ։  

Երկամսյա փորձնական մշտադիտարկման ընթացքում փորձագետները գենդերային ապատեղեկատվության հոսքեր չեն նկատել Հանրային հեռուստաընկերության, Հանրային ռադիոյի, 5-րդ ալիքի և 24news.am-ի բովանդակություններում։ Այս լրատվամիջոցներում եղել է գենդերային կարծրատիպային խոսք, բայց ոչ ապատեղեկատվություն։  

Եվ քանի որ այս հետազոտության ընթացքում փորձագիտական թիմը գենդերային կարծրատիպերն առանձին չի դիտարկել որպես գենդերային ապատեղեկատվություն, այս լրատվամիջոցները չեն ընդգրկվել հիմնական մշտադիտարկվող ԶԼՄ-ների ցանկում։  

 Մշտադիտարկված լրատվամիջոցներ 

 2024 թվականի փետրվար-հուլիս ամիսներին իրականացված մշտադիտարկմանը մասնակցել է 12 լրատվամիջոց։ Դրանք են՝  

  1. «Արմենիա»՝  «Ժամը» լրատվական
  2. «Շանթ» ՝ «Հորիզոն», «Հեռանկար», «Հարցազրույց», «Հեռանկար  բանավեճ»
  3. «Առավոտ»
  4. «Հրապարակ»
  5. «Ժողովուրդ»
  6. «1in.am»
  7. «Factor.am»
  8. «Civic.am» 
  9. «Armtimes.com»
  10. «168.am» 
  11. «Iravunk.com» 
  12. «News.am» 

Մոնիթորինգի ենթակված լրատվամիջոցներում դիտարկվել է 92,568 հրապարակում։ Դրանցից 332-ում հայտնաբերվել են գենդերային ապատեղեկատվություն պարունակող հրապարակումներ, որոնցից 202-ը քաղաքական ուղղվածության են եղել։ 12 լրատվամիջոցներում հայտնաբերված 332 գենդերային ապատեղեկատվության ճնշող մեծամասնությունը՝ 331-ը, բաժին է ընկել առցանց լրատվամիջոցներին։  

Առաջատարը «Հրապարակ»-ն է՝ 60, հետո «Առավոտ»-ը՝ 55, երրորդ հորիզոնականում՝ Civic-ն է՝ 43 հրապարակմամբ։  

Մշտադիտարկմանը մասնակցած 2 հեռուստաընկերություններից  Արմենիայի «Ժամը» լրատվականի եթերում չի գրանցվել գենդերային ապատեղեկատվության դեպք, Շանթում էլ միայն մեկն է եղել։  

Առցանց մամուլում գրանցված դեպքերի առատությունը ՕքսԵՋենում բացատրում են օնլայն լրատվամիջոցների նկատմամբ ավելի թույլ վերահսկողությամբ, ինչն էլ նրանց կարծիքով անվերահսկելի է դարձնում լրատվադաշտը։ 

«Մենք կարծում ենք, որ խնդիրը հնարավոր է լուծել մեդիայի ինքնակարգավորման դաշտում, որովհետև պատժողական քաղաքականությունն այդքան էլ արդյունավետ չէ։ Մի կողմից պետք է բարձրացնել թիրախավորվող անձանց՝ այս դեպքում կանանց դիմադրողականությունը, մյուս դեպքում ազդել մեդիայի վրա, որ նվազեցնեն գենդերային ապատեղեկատվության տարածումը, մյուս բաղադրիչն էլ հասարակության մեդիագրագիտության մակարդակի բարձրացումն է, որ գենդերային ապատեղեկատվություն պարունակող նյութերն իրենց նպատակին չհասնեն»,- ասում է Նարինե Եգանյանը։ 

Հետազոտության մյուս կարևոր խնդիրն է եղել ներկայացնել, թե որ խմբերն են հիմնականում գենդերային ապատեղեկատվություն տարածողները։  

Դիտարկված ԶԼՄ-ների 6 ամսվա տվյալները ցույց են տալիս, որ գենդերային ապատեղեկատվության առաջնային տարածողները լրագրողներն են հետո՝ քաղաքական գործիչները։   

Դիտարկումների արդյունքում պարզ է դարձել, որ գենդերային ապատեղեկատվության թիրախում հիմնականում ակտիվ գործունեություն ծավալող կանայք են։ Ամենաշատ անդրադարձերը վերաբերել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ԿԳՄՍ նախարարին, վարչապետի կնոջը։ 

Անկախ կուսակցական պատկանելիությունից ու մասնագիտական գործունեությունից, նպատակը նույնն է՝ լռեցնել, կանխել ակտիվությունը, արժեզրկել կնոջը։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *