2024.10.03,

Քննադատ

Դիդդի սկանդալը, դավադրության տեսությունները և լսարանի նկատմամբ պատասխանատվությունը

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Եթե վերջին օրերին գոնե մեկ անգամ թերթել եք սոցիալական ցանցերը, վստահաբար լսել եք Փի Դիդդիի անունը, եթե նախկինում նրա մասին չէիք լսել։ Ռեփեր Շոն Քոմբսը, որն ավելի հայտնի է որպես Փի Դիդդի, մեղադրվում է բռնաբարության, սեռական ոտնձգությունների և սեռական թրաֆիքինգի մեջ։  

Սա, հավանաբար, վերջին տարիների ամենամեծ սկանդալն է համաշխարհային շոու-բիզնեսում, որտեղ ներգրավված են ոչ միայն Փի Դիդդին, այլև երգչուհի Բեյոնսեն, երգիչներ Մայքլ Ջեքսոնը, Ջասթին Բիբերը, և այլոք։ 

Թեման չէր գրավի մեր ուշադրությունը, եթե ողողված չլիներ ապատեղեկատվությամբ, դավադրությունների տեսություններով, ենթադրությունների վրա արվող եզրահանգումներով, որոնք դուրս են եկել ԱՄՆ սահմաններից ու հասել են նաև Հայաստան։  

Սոցցանցերում այս սկանդալի շուրջ արվող թրենդներն ու հումորները յուրացվել են նաև հայ բլոգերների կողմից, ինչն ամենևին քննադատելի չէ։ Խնդիրը նրանում է, որ բլոգերների մատուցած տեղեկատվությունը ոչ միշտ է փաստարկված և ստուգված։ Այն լի է չստուգված կամ չապացուցված ինֆորմացիայով, որի հետևում, այս պահին, հայտնի չէ, թե ով կամ ովքեր են կանգնած։  

Սոցցանցերի թրենդներից հետ չմնալու համար հայ բլոգերները ևս տարածում են միջազգային բլոգերների չճշտված թեզերը ու այդպիսով դառնում այս ապատեղեկատվության շղթայի մի մասը, որն էլ յուրացնում է Ինստագրամի ու ՏիկՏոկի հայալեզու հատվածը։  

Սա հանրային տեղեկատվության սխալ աղբյուրների ընտրության հերթական օրինակն է։ Լրատվամիջոցների փոխարեն, մասնավորապես երիտասարդները, տեղեկանալու աղբյուր են դարձրել իրենց սիրելի բլոգերներին, ովքեր, չլինելով լրագրողներ կամ փաստեր ստուգողներ, հաճախ իրենց դիտելիությունը բարձրացնելու համար, սկանդալային, սենսացիոն տեսանյութեր են պատրաստում և չեն էլ ստուգում՝ արդյոք իրենց փոխանցած տեղեկատվությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը թե՞ չէ։ Լինելով հանրային գործիչներ նրանք, ցավոք, մոռանում են, որ պատասխանատու են իրենց հնչեցրած խոսքի համար։

Ամեն ինչի մասին հերթով

2023 թվականի նոյեմբերին երգչուհի Քեսին, որը Դիդիի նախկին ընկերուհին է, նրա լեյբլի անդամներից մեկը, հայտարարել է, որ ռեփերը ծեծել և բռնաբարել է իրեն։ Սրանից հետո հետաքննություն է սկսվել, որի ընթացքում ևս մի քանի հոգի Դիդդիին մեղադրել են բռնության, մարդկանց թրաֆիքինգի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և փողերի լվացման մեջ։  

Քեսին պնդում էր, որ Դիդին տասը տարի շարունակ ծեծել և բռնաբարել է իրեն (2005 թվականից, երբ նա 19 տարեկան էր): Ավելին, աղջիկը պատմում էր, որ Դիդին ստիպել է իրեն թմրանյութեր օգտագործել և սեռական հարաբերություն ունենալ սեքս աշխատողների հետ, իսկ ինքը նկարահանել է դա և ձեռնաշարժությամբ զբաղվել։  

Երկար տարիների լռությունը Քեսին բացատրել է Դիդիի վրեժխնդրության վախով։ Նա պատմել է, որ երգիչը տանը ատրճանակ է պահում և որ սպառնացել է իր ընկերոջ մեքենան պայթեցնել ու դա արել է։  

Որոշ ժամանակ անց ռեփերի դեմ ներկայացվել են ևս մի քանի հայցեր այլ կանանց ու նաև տղամարդկանց կողմից։  

Ջոյ Դիքերսոն-Նիլը պատմել է, որ 1991 թվականին, երբ 19-ամյա ուսանողուհի էր, հանդիպել է ռեփերի հետ, ռեստորանում ընթրել, մի փոքր ուշ հասկացել է, որ Դիդին թմրեցրել է իր ըմպելիքը, ինչից հետո նա անշարժացել է։ Դրանից հետո Դիդին, նրա խոսքով, բութ առարկայով հարվածել է իրեն, ապա մեքենայի սրահում բռնաբարել։ 

Մյուս հայցվորները ևս մեղադրել են նրան բռնաբարության մեջ, երբ իրենք եղել են 16 և 17 տարեկան։  

2024 թվականին էլ Փի Դիդիի դեմ հայց է ներկայացնում երաժիշտ և ձայնային պրոդյուսեր Լիլ Ռոդը (Ռոդնի Ջոնս կրտսեր)։ Նա ասել է, որ աշխատելով ռեփերի լեյբլում իրեն չեն վարձատրել, ինչի դիմաց պահանջել է դրամական փոխհատուցում։

Տղամարդը նաև պատմել է, որ ձայնագրություններից մեկի վրա աշխատելու ժամանակ ինքը մի քանի ամիս ապրել է Դիդիի տներում, և Դիդին դիպչել է նրա սեռական օրգաններին, խնդրել վարձել սեքսուալ աշխատողներին և նրանց հետ սեռական հարաբերություն ունենալ, համոզել է զբաղվել սեքսով մեկ այլ տղամարդու հետ: Հայցում նշված դրվագներից մեկում 2023 թվականի հուլիսին Լոս Անջելեսում Դիդիի տանը երեկույթի ժամանակ ռեփերը ստիպել է Ջոնս կրտսերին թմրանյութերի հետ խառնված ալկոհոլ խմել, որից հետո Ջոնս կրտսերը կորցրել է գիտակցությունը, իսկ երբ արթնացել է տեսել է որ մերկ է ու  քնած սեքս ինդուստրիայի աշխատողի կողքին։  

Դիդդիի փաստաբանները և ինքը՝ ռեփերը, հերքում են բոլոր մեղադրանքները և դրանք անվանում են «օրենքի օգտագործում անօրինական նպատակներով» և «փողերի խաբեություն»: 

Դատական հայցերից հետո, որքան էլ որ վերջինս հերքում էր մեղադրանքները, բազմաթիվ ընկերություններ սկսել են հրաժարվել նրա հետ աշխատելուց։ Ամերիկյան մանրածախ առևտրային Macy’s-ը վաճառքից հանել է իր Sean John հագուստի գիծը, իսկ բրիտանական պրեմիում ալկոհոլ արտադրող Diageo-ն հրաժարվել է աշխատել Դիդդիի հետ որպես ֆինանսական գործընկեր և դեսպան՝ խզելով 15 միլիոն դոլար արժողությամբ գովազդային պայմանագիրը: 

Դատական հայցերին զուգահեռ սոցցանցերը լցվել են դավադրությունների բազմաթիվ տեսություններով, ենթադրություններով։ Օգտատերերը սկսել են վերլուծել ռեփերի հին երգերը, դրանց տողատակերում տեսնել նույնիսկ սպանություններ։  

Ահա չապացուցված թեզերից մի քանիսը․

Ա․ Համացանցում հայտնվել է մի գիրք, որը ներկայացվում է որպես Դիդիի նախկին կնոջ կողմից գրված գրքից մի հատված։ Որևէ կերպ հերքված կամ հաստատված չէ, որ գիրքն իսկապես գրվել է ռեփերի նախկին կնոջ կողմից։ 

Այդտեղ խոսվում է 2018 թվականին Դիդիի նախկին գործընկեր Քիմ Փորթերի մահվան մասին։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ նա մահացել է թոքաբորբից, սակայն շատերը կասկածում են, որ ռեփերը նրա մահվան մեջ կապ ունի։ Սոցցանցերում պտտվում է վարկած այն մասին, որ ռեփերը նրան մանկական հեղուկ յուղ է խմեցրել, ինչից էլ առաջացել է թոքաբորբը։  

Վարկածը սկսվել է շրջանառվել այն բանից հետո, երբ ռեփերի տան հետախուզությունների արդյունքում գտնվել են բազմաթիվ Johnson’s Baby ապրանքանիշի մանկական յուղեր։

Բ․ Ռեփերը դեռևս 90-ականներից սկսած կազմակերպել է փակ երեկույթներ, որոնց մասնակցել են աստղեր, քաղաքական գործիչներ։ Միջոցառումների կազմակերպման փաստը չեն հերքել նաև Դիդդիի փաստաբանները, բայց ասել են, որ այն ամենը, ինչ տեղի է ունեցել այդ միջոցառումներում, եղել է փոխադարձ համաձայնությամբ և որ որևէ մեկին այդտեղ ստիպողաբար չեն բերել։ Այդ փարթիները ստացել են Freak Off անունը։ Ռեփերի տները հետախուզելու ժամանակ գտնվել են բազում գաղտնի նկարահանումների ձայնագրություններ, որոնք ապացուցում են տեղի ունեցածը։  

Մարդիկ սկսել են հրապարակել աստղերի ու գործիչների ցանկը, որոնք մասնակցել են այդ փարթիներին։ Նրանցից շատերը որակվում են որպես Դիդիի սիրելիներ, որոնց համար վերջինս նույնիսկ մարդիկ է սպանել։ Ասում են, որ խոսքը մասնավորապես երգիչներ Բեյոնսեի ու Ջեյզիի մասին է։

Վարկածը սկիզբ է առել հետևյալ պատմությունից։ Երգչուհի Ալիյան 2001 թվականի օգոստոսի 25-ին Բահամյան կղզիներում ավիավթարի հետևանքով մահացել է իր տեսահոլովակի նկարահանումից հետո։ Նա չի ցանկացել նստել ինքնաթիռ՝ ասելով, որ վախենում է, բայց երգչուհու թիմը քնաբերներ է խառնել նրա բաժակի մեջ ու նստեցրել ինքնաթիռ։ Ծանրաբեռնվածության պատճառով ինքնաթիռը վթարի է ենթարկվել և բռնկվել։  

Շատերը կարծում են, որ եթե Ալիյան ողջ լիներ, նա ավելի հաջողակ ու հայտնի կլիներ, քան Բեյոնսեն։  

Մահացել է նաև Left Eye-ը՝ Ալիյայի մահից ուղիղ մեկ տարի անց։ Ապա Մայքլ Ջեքսոնը՝ կրկին նույն օրը։

Համաձայն այս տեսության՝ այս բոլոր ողբերգական իրադարձությունները տեղի են ունեցել այն պատճառով, որ նրանց զոհերը չափազանց հզոր էին երաժշտական արդյունաբերության մեջ: Ասում են, որ նրանց մահը կազմակերպվել է Դիդիի կողմից, որպեսզի վերացվեն Բեյոնսեի ու Ջեյ Զիի մրցակիցները, ովքեր այդ տարիներին սերտորեն համագործակցում ու ընկերություն էին անուն Փ.Դիդդիի հետ։  

Այս վարկածը հիմնավորելու համար մարդիկ սկսել են շրջանառել հեղինակավոր մրցանակաբաշխություններից հատվածներ, որտեղ մրցանակ ստացող երգիչները, ինչպիսին են Ադելը, Թեյլոր Սֆիվտը, և այլն, փոխանցել են իրենց մրցանակները Բեյոնսեին և ասել են, որ Բեյոնսեն ավելի արժանի էր այդ մրցանակին։ Մարդիկ փնտրում են կոնսպերոլոգիաներ, որպեսզի հիմնավորեն, որ ամեն ինչ պատահական չէ․ ըստ այդմ ասում են, որ բոլոր զոհերը մահացել են տարբեր ամիսների 25-ին, իսկ բոլոր նրանք, ում ձեռք է տվել նրանց մահը (Բեյոնսե, Ջեյզի, Դիդի) ծնվել են տարբեր ամիսների 4-ին։  

Օգտատերերը գտել են ևս մեկ զուգադիպություն․ Ջ. Քոուլի 2011 թ. «She Knows» երգում տողեր կան ՝«Հանգչիր խաղաղությամբ Աալիյա, հանգչիր խաղաղությամբ Left Eye, Մայքլ Ջեքսոն, կտեսնվենք, երբ ես դրախտում լինեմ»։ Երգը, որը նվիրված է զոհերին, կոչվում է «She Knows», որը նման է Բեյոնսեի օրիորդական ազգանվանը՝  Knowles, ինչը ստիպում է մարդկանց գաղտնի տողատակեր գտնել այս ամենում։

Գ․ Երգիչ Ջասթին Բիբերի հետ կապված ևս աղմուկ կա։ Հայտնվել է մի տեսանյութ, որտեղ դեռահաս Ջասթինը թմրանյութերի ազդեցության տակ է, մեքենայի մեջ նրա կողքին է նաև Փի Դիդին։ Քանի որ վերջինս լուրջ ազդեցություն է ունեցել երիտասարդի կարիերայի վրա, մարդիկ այս տեսանյութից հետևություններ են արել, որ Ջասթինը սեռական բռնության է ենթարկվել ռեփերի կողմից։  

Որպես այս վարկածը ապացուցելու հիմք մարդիկ ներկայացրել են Ջասթին Բիբերի Յամմի երգի տողերը, որտեղ վերջինս ակնարկել է իր երիտասարդ տարիների սխալների, դրանց հետևանքների ու իր վրա ունեցած հոգեբանական ազդեցության մասին։  

Այս վարկածը, իհարկե, հերքել կամ հաստատելը դժվար է, քանի որ երգիչներից որևէ մեկը չի խոսել այս մասին։ Բայց տեսանյութը վերագրել որպես մանկապղծության փորձ ևս դժվար է, քանի որ այս պահի դրությամբ հայտնի չէ, թե ինչ հանգամանքների բերում է Ջասթինն այդ օրը հանդիպել ռեփերին, արդյոք նրա փակ երեկույթից հետո է դա տեղի ունեցել, թե ոչ։ 

Ամփոփելով ամենը պետք է ևս մեկ անգամ հիշել, որ տեղեկատվության աղբյուրները տարբեր են և հենց մենք ենք պատասխանատու այն տեղեկությունների համար, որոնք ստանում ենք։ Սոցցանցերի դարաշրջանում, երբ ինֆորմացիան թարմացվում է ամեն վայրկյան, բլոգերները, ցավոք, ֆեյք նյուզի տարածման օղակներից են։ Ապատեղեկատվությունը մեր կյանքից նվազեցնելու համար ցանկացած բլոգերի, ինֆլյուենսերի հաղորդած տեղեկություն պետք է առնվազն կասկածի տակ դնել ու ստուգել հավաստի լրատվամիջոցներում, պաշտոնական աղբյուրներում, նույնիսկ, եթե նա մեր սիրելին է ու միակը։  

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *