2024.09.26,

Ստուգված է

Որ երկրներ են ամենից շատ արտահանվում վրացական ապրանքները

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Քաղաքական վերլուծաբան Հայկ Խալաթյանը սեպտեմբերի 25-ին CivilNet-ի եթերում իր գործընկեր Դավիթ Ստեփանյանի հետ բանավեճի ժամանակ ասաց, որ Վրաստանի արտահանման շուկայի 70%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին․

«5 տարի վրացական ապրանքների արտահանումը Ռուսաստան արգելված էր՝ 2007-ից մինչև 2012, և ունի (Վրաստանը, խմբ․) Ասոցացման համաձայնագիր ԵՄ-ի հետ, փորձում է թեկնածու դառնալ։ Կարող եք ասել՝ ինչո՞ւ է արտահանման հիմնական շուկան մինչև հիմա Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, բայց ոչ՝ ԵՄ-ն»,- հարցրեց Հայկ Խալաթյանը։

Հնչեց նաև դիտարկում, որ Եվրոպան Վրաստանի երրորդ շուկան է, առաջինը Ռուսաստանն է, երկրորդ շուկան Չինաստանը, երրորդը՝ ԵՄ-ն։

«Ստուգված է»-ն ուսումնասիրել է Վրաստանի արտահանման շուկան և առանձնացրել, թե որ երկներ են ամենից շատ ապրանքներ արտահանվել այս տարվա ընթացքում։

Համաձայն Վրաստանի վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2024 թվականի հունվար-օգոստոսին (տվյալները դեռ նախնական են) երկրից ամենամեծ թվով ապրանքներն արտահանվել են Ղրղզստան՝ 745 մլն ԱՄՆ դոլար, Ղազախստան՝ 538 մլն ԱՄՆ դոլար, Ադրբեջան՝ 476 մլն ԱՄՆ դոլար, Ռուսաստան՝ 469 մլն ԱՄՆ դոլար, Հայաստան՝ 412 մլն ԱՄՆ դոլար։ 

Տնտեսական գոտիների բաժանելու դեպքում պատկերը կլինի հետևյալը. Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրներ՝ 68,4%, Եվրոպական միության (ԵՄ) անդամ երկրներ՝ 8,2%։ 23,4%-ն կազմում են այլ երկրները։

Այսպիսով, պնդումը, թե վրացական ապրանքների 70%-ն արտահանվում է Ռուսաստան, ճիշտ չէ։ Այս տարվա՝ դեռևս նախնական ցուցանիշների համաձայն, արտահանման ծավալով Վրաստանի թոփ 3 գործընկերներն են Ղրղզստանը, Ղազախստանը և Ադրբեջանը։ Խալաթյանի ձևակերպումը կարող էր ճիշտ լինել, եթե վերաբերեր ԱՊՀ անդամ երկրներին, որտեղ արտահանվում է վրացական ապրանքների գրեթե 70%-ը։ 

Ռուսաստանը վրացական ապրանքների արտահանման ծավալով չորրորդ պետությունն է, որին հաջորդում է Հայաստանը։

Եվրոպական միությունը արտահանման ծավալով Վրաստանի 6-րդ շուկան է։ Այս միավորմանը հաջորդում են Թուրքիան, Չինաստանը, ԱՄՆ-ն և Ուզբեկստանը։ 

Ստորև ներկայացված ինֆոգրաֆիկայում կարելի է տեսնել վրացական շուկայի արտահանման ծավալը 2023-2024 թվականներին, որտեղ առաջատարը Ադրբեջանն է։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *