2024.09.18,

Նյուսրում

Meta-ի արգելափակումներն ազդել են «Սպուտնիկ Հայաստանի» ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերի վրա

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Meta ընկերությունը ջնջել է ռուսական ծագում ունեցող հաշվիներ, որոնք խախտում էին այս ընկերությանը պատկանող սոցիալական ցանցերի՝ Ֆեյսբուքի և Ինստագրամի քաղաքականությունը:  

Ընկերությունը ջնջել է մասնավորապես 76 կեղծ օգտահաշիվ, 30 ֆեյսբուքյան էջ, 11 ինստագրամյան էջ։    

Meta-ի կողմից հրապարակված զեկույցում նշվում է, որ կեղծ հաշիվների ցանցի թիրախները եղել են Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը։    

Նշվում է, որ Վրաստանում այդ հաշիվները տարածում էին «ռուսական օրենքի» կամ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ բողոքի ցույցերը քննադատող բովանդակություն և աջակցություն էին հայտնում իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը, որոնք օրենքի հեղինակն էին։    

Ադրբեջանում գրառումները քննադատում էին Արևմուտքը:    

Իսկ Հայաստանում, ըստ զեկույցի, առաջ էին մղվում ռուսամետ նարատիվներ, գրառումներում կար քննադատություն ուղված վարչապետին:  

Որպես օրինակներ զեկույցը նշում է ֆեյքեր են եղել Վրաստանում Georgia Today-ը՝ (sakartvelo-today.org), Yerli.Media-ն՝ (yerlimedia.org) Ադրբեջանում և Lurer Media-ն՝ (lurermedia.org) Հայաստանում: 

Մենք ֆեյսբուքում որոնեցինք Lurer Media-ն և չգտանք նմանանուն էջ։ Փոխարենը մեզ առաջարկվեց նույնանուն փակ խումբ, որտեղ ակտիվորեն տարածվում է «Մայր Հայաստան» շարժման, 7or.am, zham.am կայքերի բովանդակությունը, սակայն դժվար է ասել՝ արդյոք տվյալ խումբը առնչություն ունի կամ ուներ ֆեյսբուքի կողմից ջնջած էջի հետ։   

Նշվում է, որ Meta հարթակներում իրենց բովանդակությունն առաջ մղելու համար ջնջված էջերը տեղադրել են գովազդներ՝ ընդհանուր 77 000 դոլար արժողությամբ:   

Վրաստանում ֆեյսբուքյան էջեր ջնջելու Meta քաղաքականությունը նորություն չէ։   

2020 թվականին հեռացվեցին բազմաթիվ հանրային ւ անձնական էջեր, որոնք կապված էին իշխող «Վրացական երազանք» կուսակցության փիար–խորհրդատու Կոկա Կանդիաշվիլիի, նրա հիմնադրած Espersona» («Այս անհատը») պորտալի և «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր քաղաքական կուսակցության հետ, որի առաջնորդը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին է։  

Facebook–ը հեռացրել էր 511 էջ, 101 անձնական էջ, 122 խումբ և 56 հաշիվ Instagram–ում։ 

Ջնջված էջերի շարքում են ռուսական «Ռոսիյա սեգոդնյա»-ն, Russia Today-ը (RT) և նրանց հետ կապված այլ էջեր։ Meta-ն հայտնել է, որ նրանք արգելափակված են իրենց հավելվածներում ամբողջ աշխարհում՝ օտարերկրյա միջամտության հետ կապված գործունեության համար։   

Որոշումը հաջորդել էր սեպտեմբերի սկզբին Russia Today-ի երկու աշխատակիցների նկատմամբ ԱՄՆ կողմից առաջադրված մեղադրանքի հետ՝ կապված փողերի լվացման հետ: Ըստ պաշտոնյաների՝ նրանք ծրագրում էին վարձել ամերիկյան ընկերություն՝ 2024 թվականի ընտրությունների վրա ազդելու նպատակով առցանց բովանդակություն արտադրելու համար: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը սեպտեմբերի 13-ին հայտարարել էր, որ երկրները պետք է վերաբերվեն ռուսական պետական RT հեռուստաընկերության գործունեությանն այնպես, ինչպես գաղտնի հետախուզական գործողություններին։  

RT-ն դատապարտել է ԱՄՆ-ի գործողությունները՝ ասելով, որ Վաշինգտոնը փորձում է կանխել հեռարձակողի գործունեությունը՝ որպես լրագրողական կազմակերպություն։  

Այս առնչությամբ արգելափակման տակ են հայտնվել նաև «Սպուտնիկ Հայաստան»-ի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերը, ինչը մասին կայքը տեղեկացրել է իր տելեգրամյան ալիքում։  


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *